Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարած նախագահական ժամկետը

Մայիս 07,2002 00:00

Գումարած նախագահական ժամկետը Եվ այսպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունները ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակված են օգոստոսի 11-ին եւ հարկ է սպասել, որ հայ հասարակայնության կողմից հետաքրքրությունն այդ ընտրությունների հանդեպ օրեցօր կաճի: Եւ դա հասկանալի է: ԼՂՀ ներքաղաքական իրավիճակն այսօր բոլորովին նման չէ երեք տարի առաջվա իրավիճակին: Այն իրավիճակում իսկապես դժվար էր ընտրություններից՝ որպես իշխանության ձեւավորման ժողովրդավարական ինստիտուտի, սպասել ոչ միայն կրքերով ուղեկցվող քաղաքական պայքար, այլեւ որպես այդ պայքարի արդյունք հասարակությունում ձեւավորված քաղաքական ուժերի դասավորում եւ հասարակության քաղաքական գործունեություն: Հիմա այդ ամենի համար իրական հույս կա: Այն ժամանակվա քաղաքական իրավիճակը հայտնի է շատերին: Դրա համար էլ այստեղ եւ հիմա հազիվ թե արդարացի լինի այդ ժամանակաշրջանը հիշել համեմատական տեսանկյունից, եթե…8230 «Մարտի 22-ի» ջրբաժանը, թեկուզ եւ ողբերգական, սակայն սահմանեց այն փուլը, որից հետո Լեռնային Ղարաբաղի սոցիալական եւ քաղաքական զարգացումը պատերազմական խառնակ ժամանակների փորձություններից հետո լրջորեն շրջվեց դեպի հասարակական կյանքի ժողովրդավարական եւ ազատական վերափոխումներ: Լայն զանգվածների՝ բարոյա – հոգեբանական անկումից զերծ այսօրվա կյանքն ապացուցում է ասվածի ճշմարտացիությունը եւ ԼՂՀ ներկայի բացասական ընկալման մեջ պետք է շատ համառ լինել պատերազմի ծնած, գեներալ – նահանգապետական միահեծանության հանդեպ ԼՂՀ ժողովրդի ցուցաբերած դիմադրությունը չտեսնելու համար: Դիմադրություն՝ Ադրբեջանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրությունից հետո շարունակվող հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, ժողովուրդը դիմադրում էր, քանզի այն, ինչ հրադադարից հետո սկսվեց կատարվել ԼՂՀ-ում, կարող էր պատերազմից ավելի վատը լինել: Սակայն վիճակը բարելավելու անհրաժեշտություն կար: Հնարավոր է, հենց դրա համար էլ Հայաստանի հասարակական-քաղաքական որոշ գործիչներ, դատելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին, վերապահում են կատարում դեռեւս պահպանվող ռազմական դրության վրա: Սակայն պետք է ասել, որ ԼՂՀ-ում հասկանալի պատճառներով պայմանավորված ռազմական դրության գործոնն այդուհանդերձ այսօր ազդում է միայն եւ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին անվտանգության ոլորտի վրա, նրա քաղաքացիների համար ստեղծելով լրացուցիչ պատասխանատվություն: Սակայն ոչ մի դեպքում չսահմանափակելով այդ նույն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ ինչը տեղի էր ունենում ոչ հեռու անցյալում: Ինչ վերաբերում է մյուս գործոնին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս դատապարտված Սամվել Բաբայանին, ապա դա իսկապես գործոն է, բայց ոչ երբեք Սամվել Բաբայանը, որի ճակատագիրը նույնպես ողբերգական է, ինչպես եւ այն բարդ ժամանակը, որում նա հայտնվեց: Դա Լեռնային Ղարաբաղի հասարակությունում նախկին մտածողության՝ սովորության ուժով ենթադրվող առկայությունն է, որը ճնշում է ավելի շատ սոցիալական, քան քաղաքական բնույթի հարցերով անհանգստացած մարդկանց: Դա իսկապես այդպես է: Դա կյանքի դիալեկտիկան է ընդհանրապես. հասարակության պահանջներն անընդհատ աճում են, ինչն արդեն, ինքնըստինքյան հատկանշական է: Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեկ, գտնվելով հավակնող-բռնապետական ռեժիմի վտանգի ներքո, հոգեբանորեն խեղդված էր, ապա այսօր արդեն մարդիկ զայրանում են սոցիալական անարդարության համար, ցավոք, իրենց հաշիվ չտալով այն բանում, որ հասարակական կյանքի՝ ակնհայտ դարձած բացասական երեւույթներն ամենից առաջ նախկին հավակնոտ-բռնատիրական իշխանության ծնունդ են: Սակայն հարկ է արդարացիորեն նկատել, որ այդ նույն ժողովուրդն իրեն հաշիվ է տալիս, որ այդ երեւույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ժամանակ: Իհարկե, քաղաքական կամքի եւ հասա րակական ակտիվ գիտակցության առկայության պայմաններում: Վերջին երեք տարիների զարգացումները համոզիչ կերպով ցուցանում են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման առումով քաղաքական կամք կա: Սակայն բազմաթիվ գործոններով (պատերազմի պատճառով ավերված ժողտնտեսության համալիր, դրա հետ կապված՝ նյութա-տեխնիկական թույլ բազա, տնտեսական բազայի չօգտագործում, միջազգային հասարակայնության կողմից ԼՂՀ-ի ճանաչված չլինելու պատճառով ներդրումների պակաս, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման բանակցությունների երկարաձգում) պայմանավորված դրա որոշակիորեն ոչ կենտրոնացված լինելը ղարաբաղյան խնդրին անիրազեկ մարդկանց մեջ կեղծ տպավորություն է ստեղծում նախկին ռեժիմի վերափոխման եւ կառավարման նոր ձեւերի ստեղծման մասին: Այս թեման, իհարկե, պահանջում է առանձին հետաքննություն (եւ ոչ միայն լրագրողական), բայց անվիճելի է, որ այսօր ԼՂՀ սոցիալ-քաղաքական կյանքի հենց նման խորապատկերի վրա ժողովուրդը կընտրի իր նախագահին: Եւս մեկ վերապահում. ոչ թե նախագահ Ա. Ղուկասյանին, ինչպես դա կարող է թվալ նախկինում նման գործերի մասին մոտեցումների եւ պատկերացումների անփոփոխության ուժով, հնարավոր է՝ նաեւ քաղաքական պատճառների յուրահատկությամբ, այլ հենց նախագահին՝ պետության ղեկավարին: Չճանաչված, բայց սեփական պետության: Նախագահ, որը պարտավոր է ստեղծել այն բոլոր պայմանները, որոնց օգնությամբ ժողովուրդը նրան կպատվիրակի իր լիազորությունները: Բայց եւ նախագահի, որը կկարողանա ժողովրդի լիազորություններն ուղղորդել քաղաքակիրթ, ժողովրդավարական հուն: Կլինի՞ արդյոք այդ նախագահը Արկադի Ղուկասյանը, որը սեփական թեկնածությունը դնելու հիմնավորումն ունի. շարունակել սկսած վերափոխումները, ավելի բարելավել իրավիճակը՝ ինչ-որ տեղ հաշվի առնելով սեփական սխալները. կամ էլ կլինի՞ մեկ ուրիշը, որը կկարողանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին համոզել, ապացուցել, որ ինքն է ամենալավ թեկնածուն: Իհարկե, դա ժամանակի խնդիր է. մոտ երեք ամիս՝ գումարած նախագահական ողջ ժամկետը: ԿԱՐԵՆ ԶԱԽԱՐՅԱՆ«Դե-ֆակտո», www.defacto.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել