Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՊԿԱԼԵՆԿՈՆ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ

Մայիս 07,2002 00:00

ՑԵՊԿԱԼԵՆԿՈՆ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ Օդեսայում կայացավ նորարարական պարարվեստի փառատոն։ Այն կազմակերպել էր Օդեսայի «Սվիտլո» հասարակական կազմակերպությունը՝ մասնակից երկրների Բաց հասարակության ինստիտուտների հովանավորությամբ։ Նորարարական արվեստում կերտվողների համար Օդեսան միանգամից դառնում է հոգեհարազատ, իսկ հայ մասնակիցներիս՝ «Կռունկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նելլի Կարապետյանի, մենապարող Մհեր Բաբայանի, Պարի միջազգային խորհրդի հայաստանյան ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանի եւ ինձ համար այն դարձավ կրկնակի հոգեհարազատ դեռ կայարանից, երբ մեր «ԺՏոՐօռ ՊպվՖ»-ին դիմավորողները պատասխանեցին «Բարեւ Ձեզ, բարով եք եկել», իսկ հետո էլ այս ամենին ավելացվեց հպարտանալու տեղիք տվող այն փաստը, որ փառատոնի կազմակերպիչներից մեկը՝ Կարմելա Ցեպկալենկոն գրեթե հայուհի է։ Եվ ես, չցանկանալով կորցնել հարմար առիթը, որոշեցի ունենալ մի փոքրիկ հարցազրույց նրա եւ նախագծի ղեկավար Նատալյա Վոլչենկոյի հետ։ – Ինչո՞ւ եք ընտրել հատկապես պարարվեստը։ Կ. Ց.- Իմ մայրը բալետի պարուհի է, ավելին՝ նա հայուհի է։ Կարծում եմ՝ պարզ է, ինչ է նշանակում ունենալ հայ մայր պարուհի. այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ն. Վ.- Զգում ես վակուում, որտեղ մարդը կորցնում է իր հոգին, իսկ պարը հոգու արտահայտման ձեւ է, նաեւ հաղորդակցման միջոց։ Պարել են մեր տատիկները, պապիկները, այսօր էլ պարում ենք մենք. պետք է պարով նաեւ պայքարել բռնության դեմ, քանի որ այն հակասում է չարին։ Եվ ուրեմն՝ պետք էր ընտրել պարը։ – Իսկ ի՞նչ տեղ ունի պարը Ձեր կյանքում։ Կ. Ց.- Ինձ համար այն լուռ, համր զրույց է մայրիկիս հետ։ Ցանկացած օր ես երեսուն րոպե հատկացնում եմ պարին։ Ն. Վ.- Երբ ես պարում եմ, ասել է թե արտահայտում եմ ինձ, քանի որ պարը ինքնարտահայտում է եւ քեզ այլ մարդ զգալու հնարավորություն։ – Ըստ Ձեզ, ի՞նչ ասել է մոդեռն պար։ Կ. Ց.- Դա այն պարն է, որի ընթացքում զգում ես, որ չես վախենում։ Երբեմն այն սկսնակների սկիզբն է, մուտքն է արվեստ։ 99%-ով այն փորձ է եւ միայն 1%-ով է արվեստ։ Ն. Վ.- Դա ժամանակակից պարը չէ, ինչպես կարելի է թարգմանել անգլերենից։ Երեւի այն հոգեկանն է, կյանքն է, փառատոնի օրերն էլ են ինձ համար կյանք, իսկ մնացած ժամանակ ես պարզապես շնչում եմ մինչեւ հաջորդ փառատոն։ – Ո՞ւմ մտահղացումն էր կազմակերպել «Պարի ակադեմիա»-ն։ Ն. Վ.- Սա ընդհանուր մտահղացում է, բոլորի տպավորությունների արդյունքը։ Ի դեպ, նույնն էր նաեւ շարժառիթը «Երկու օր եւ երկու գիշեր» նոր երաժշտության փառատոնի կազմակերպման, որի գեղարվեստական ղեկավարն էր կոմպոզիտոր Կարմելա Ցեպկալենկոն։ Մեծ է նաեւ կոմպոզիտոր Սվետլանա Ազարովայի եւ երաժշտագետ Հասմիկ Խաչատրյանի ներդրումը այս փառատոների կայացման գործում։ – Սա արդեն երրորդ «Պարի ակադեմիա»-ն է, ի՞նչ ձեռքբերումներ եք Դուք ունեցել։ Կ. Ց.- Ի սկզբանե մենք դրա մասին չէինք մտածում։ Մենք ընդամենը աշխատում ենք նոր մշակույթի բնագավառում։ Սա պարզապես պարի տոն է։ Ն. Վ.- Իսկ երբ հանդիսատեսի շարքում տեսնում ենք թմրամոլների, ամերիկանացված դիսկոտեկներից նոր դուրս եկածների, այդ պահին մենք հաղթանակողի հպարտությամբ նայում ենք իրար։ Իսկ կատարողները մասնակցում են հաճույքով, նրանք շատ բաներ են փոխանցում միմյանց, բերում են իրենց արվեստը մյուսին եւ վերցնում իրարից։ – Ո՞րն է փառատոնի նպատակը։ Ն. Վ.- Սա մի փորձ է կուտակելու այն, ինչում զգացվում է փայլելու հատկություն, պետք է հղկել, փայլեցնել մշակութային ֆոնը, որ նա էլ իր հերթին փայլեցնի գենոֆոնդը։ – Ինչպե՞ս է մասնակցում հայ համայնքը Ձեր միջոցառումներին։ Կ. Ց.- Մեզ հետ միշտ համագործակցել եւ մեր ծրագրերին մեծ աջակցություն է ցուցաբերել «Ծիածան» հայկական բարեգործական հիմնադրամը, ի դեմս նախագահ Մեսրոպ Խաչատրյանի, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ղեկավար Հերբերտ Կազմալովը։ ԿԱՐԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել