Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդագույն ակնոցներով

Մայիս 07,2002 00:00

Վարդագույն ակնոցներով Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ օրերս կազմակերպած հեռուստառեպորտաժը՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ (մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ), ցույց տվեց, որ Վանաձորի իշխանություններն արդեն նախընտրական «հոգեվարքի» մեջ են: Ուղիղ հեռուստառեպորտաժի ընթացքում իշխանություններին ոչ հաճո ԶԼՄ-ներին ուղղված հեռախոսահարցերը (որոնք անցան նույնիսկ տարրական էթիկայի սահմանները) «սադրված» տեղական իշխանությունների կողմից, պարզ ապացույց էին քննադատության հանդեպ տեղական իշխանությունների ծայրահեղ անհանդուրժողականության։ Մի հեռախոսազանգի հեղինակի (թույնով ու մաղձով շաղախված) երեւի թե վաղ առավոտից շա՜տ հուզում էր, թե ինչո՞ւ «Առավոտի» թղթակիցը «այդքան վատ բաներ է գրում», մի հեռախոսազանգի հեղինակ էլ «Առավոտի» թղթակցի հրապարակումները բնորոշեց կյանքին «սեւ ակնոցով» նայելու ձգտում (այս արտահայտությունն իր ելույթներում բազմիցս «շահարկվում» է Լոռու մարզպետի կողմից, որը, թերեւս, նախընտրում է վարդագույն ակնոցները)։ «Առավոտի» դեմ տրամադրվածությունը այնքան ակնհայտ էր, որ մի հեռախոսազանգի հեղինակ չդիմացավ ու դիտողություն արեց, թե դուք «Առավոտին» ճնշում եք, ինչի կապակցությամբ «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի խմբագիր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շնորհավորեց եւ զորակցություն հայտնեց «Առավոտին»։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի հետ «մելկի բազար» սկսվեց, թե նրա գրասենյակի կողմից զբաղեցված տնակը ո՞ր թվից է այդ տարածքում, ե՞րբ է պայմանագիր կնքել, «թող հենց հիմի ասի՝ թե ինչքան գումար է մուծել», տնակն ազատելուց հետո օրինական զբաղեցրած նոր տարածքը սեփականաշնորհե՞լ է, թե՞ վարձել (ասենք, որ նախկին տարածքի հետ կապված՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքապետարանին ուղղված գրավոր դիմումներն անպատասխան են մնացել, ինչի մասին հրապարակումներ կան մամուլում)։ Լոռու մարզպետի խորհրդական (եւ Վանաձորի քաղաքապետի ազգական) Էդիկ Հովսեփյանը բարեբախտաբար իբրեւ խոսքի ազատության կարկառուն ապացույց մեջբերեց այն, որ «Ինտերնետը» գտնվում է Լոռու մարզպետարանում (ավելի ճիշտ՝ «Ինտերնետը» տարել են մարզպետարան, իսկ մի ժամանակ այն գտնվում էր Լոռու մարզային գրադարանում։ Ըստ երեւույթին, այդ տեղափոխությունը արվել է այն հեռահար նպատակով, որպեսզի իշխանությունները քաջատեղյակ լինեն, թե ով՝ ինչ եւ ում է գրում։ Զարմանալի է, որ նա ժողովրդավարության նվաճում չհամարեց այն, որ տնտեսական դատարանն էլ է գտնվում Լոռու մարզպետարանում, ինչպես նաեւ «Լոռու մարզ» թերթի խմբագրությունը)։ Այն ժամանակ, երբ ողջ առաջադեմ հանրությունը Հայաստանում հանրահավաք է անում՝ դժգոհելով «Ա1+»-ի փակվելու կապակցությամբ, մարզպետի խորհրդականը փորձում էր համոզել վանաձորցիներին, թե «Ա1+»-ը չի փակվել եւ գտնվում է «իրավական դաշտում»։ Դա, սակայն, այնքան արտառոց չէր, որքան այն, որ նա պատրաստակամություն հայտնեց ապացուցելու, թե «Առավոտը» իշխանամետ թերթ է։ Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար Լյովա Կարապետյանը հեռախոսազանգով ներկայացավ ու լուրջ զարմացավ, թե ինչո՞ւ այդքան «լուրջ մարդիկ» (այսինքն՝ իրեն փառաբանող լրատվամիջոցները) համաձայնել են մի հարթության վրա նստել 2 «բախտախնդիրների» հետ (որոնք էլ իրեն պարբերաբար քննադատողներն են) եւ ինչո՞ւ ամբողջ հաղորդումը պտտվում է այդ 2 «բախտախնդիրների» շուրջ։ Հաղորդումը լավագույն ապացույց էր՝ Վանաձորում խոսքի ազատության եւ քննադատության հանդեպ իշխանությունների ռեակցիոն վերաբերմունքի։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել