Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Մայիս 07,2002 00:00

ՏՆՕՐԵՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Սպարտակ Կարապետյանը իր դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անահիտ Սահակյանին ընդամենը երկու ամսվա ընթացքում երեք անգամ աշխատանքից ազատելու հրաման է տվել։ Տնօրենի նման հատուկ վերաբերմունքը տիկին Սահակյանը, որը նաեւ Մեծամորի համայնքի ավագանու անդամ է, բացատրում է նրանով, որ ինքը տարբեր ատյանների բողոքել է տնօրենի կատարած չարաշահումների եւ անօրինականությունների մասին։ Տիկին Սահակյանը մեղադրում է դպրոցի տնօրինությանը ֆինանսական բնույթի չարաշահումների, գնահատականների, ատեստատների կեղծումների համար։ Ինչի պատճառով, տիկին Սահակյանի գնահատմամբ՝ ինքը երկու տարի աշխատել է մշտական հալածանքների մթնոլորտում, ժողովներում անընդհատ քննադատվել է դպրոցին եւ տնօրենին վարկաբեկելու համար։ Հարցը նույնիսկ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին է հասել, որը իր մոտ կայացած ժողովին ասել է, թե ուսուցչուհուն «պետք է վտարել դպրոցից», քանի որ նա զրպարտում է «կարիերիստական մղումներով», ցանկանում է տնօրեն դառնալ։ Ուսուցչուհուն վտարելու Ա. Հերոյանի գաղափարը տնօրենը կրկնել է տարբեր առիթներով, նաեւ 2001թ. հունիսի 21-ին կայացած թիվ 3 միջն. դպրոցի մանկխորհրդի նիստում։ Դատելով նիստի արձանագրությունից, ելույթ են ունեցել դպրոցի տնօրենն ու մանկավարժները եւ մեղադրել տիկին Սահակյանին՝ ասելով, որ չեն ուզում նրա հետ աշխատել։ Ընդհանուր «ՏրցՋՊՈՎր»-ի ոգով անցած այդ ժողովում տնօրենը նաեւ ասել է, որ Ա. Սահակյանի բողոքների հիման վրա դպրոցում ստուգումներ են անցկացվել եւ «ոչ մի էական խախտումներ չեն հայտնաբերվել» եւ ուսուցչուհին, ըստ նրա, զրպարտչությամբ է զբաղվում։ Մանկխորհրդի նիստում ընդունվել է մի հայտարարություն, որով դպրոցի կոլեկտիվը (թվով 50 հոգի, որից 7-ը չի ստորագրել արձանագրության ներքո) իր վրդովմունքն է հայտնում քիմիայի ուսուցչուհի Ա. Սահակյանից եւ «հրաժարվում նրա հետ աշխատել»։ Սակայն դպրոցի տնօրենը Ա. Սահակյանին օգոստոսի 28-ին ազատում է աշխատանքից այլ պատճառաբանությամբ՝ «դասարանների եւ դասաժամերի կրճատման պատճառով»։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, սակայն, տնօրենի այդ հրամանը անօրինական է համարել, քանի որ նույնիսկ արհկոմի համաձայնությունն այս առթիվ չի եղել։ Ըստ կայացրած վճռի՝ «կոպիտ կերպով խախտվել են» Աշխատանքային օրենսգրքի մի քանի հոդվածներ եւս (նախապատվության իրավունքը չի պահպանվել, խախտվել է զգուշացումից հետո նախատեսվող երկամսյա ժամկետը, այլ աշխատանք չի առաջարկվել)։ Դատարանը 14.11.2001թ. վճռել է Ա. Սահակյանին վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի համար։ Դատարանի այս վճիռը տնօրենը մասամբ է կատարել եւ հարկ է եղել նույնիսկ դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի մարզի ստորաբաժանման միջամտությունը, որով 11.12.2001թ. տնօրենին պարտավորեցվում է կատարել վճիռն ամբողջությամբ։ Իսկ դատարանի վճռից հետո տնօրենը հասցրել է մի քանի անգամ Ա. Սահակյանին ազատել ու վերականգնել աշխատանքում. 2001թ. նոյեմբերի 11-ին Ա. Սահակյանին վերականգնում է աշխատանքի, նոյեմբերի 12-ի թիվ 395 հրամանով՝ ազատում, նոյեմբերի 23-ին թիվ 401 հրամանով դարձյալ ընդունում աշխատանքի, նոյեմբերի 27-ի թիվ 402 հրամանով դարձյալ ազատում եւ դեկտեմբերի 14-ի թիվ 405 հրամանով Ա. Սահակյանը դարձյալ ազատվում է աշխատանքից։ Ընդ որում, վերջին ազատումներում շտկում է նախկին սխալները. ասենք՝ արհկոմի որոշումն արդեն կա։ Սակայն ակնհայտորեն օրենքի մեկ այլ պահանջ դարձյալ խախտվում է՝ աշխատանքից ազատում է աշխատանքի ընդունելու մասին հրամանից մի քանի օր հետո՝ խախտելով սահմանված երկամսյա ժամկետը, որ պետք է պահպանվի ազատելու մասին նախազգուշացումից հետո։ Ըստ իրավաբանների, որոնց հետ խորհրդակցեցինք, տիկին Սահակյանը կարող է դիմել դատախազություն՝ մեղադրելով տնօրենին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Առայժմ Ա. Սահակյանն այլ ելք չէր տեսել, քան խմբագրություն դիմելը, քանի որ ոչ մի ատյանում պաշտպանություն չէր գտել։ Տիկին Սահակյանի պնդմամբ, իրենց դպրոցի ուսմասվարը Մեծամորի քաղաքապետ Մերուժան Խարազյանի կինն է եւ դպրոցի տնօրեն Սպարտակ Կարապետյանը գտնվում է բարձր հովանավորության ներքո, իսկ իր բողոքներն անտեսվում են։ Ի դեպ, ինչ վերաբերում է չարաշահումների մասին մեղադրանքներին, ապա, թեեւ դպրոցի տնօրենի գնահատականներին, որ դրանք զրպարտություններ են, Արմավիրի դատախազությունն, այնուամենայնիվ, այդ բողոքների առթիվ 16.06.2001թ. քրեական գործ է հարուցել՝ դպրոցի տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ։ Սպարտակ Կարապետյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ հաշվապահի մասով՝ կարճվել է ԱԺ-ի ընդունած համաներման որոշման «1-ին կետի բ ենթակետով»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել