Լրահոս
Օրվա լրահոսը

Մանր ձեռնարկությունները կայուն պետության

Մայիս 07,2002 00:00

Մանր ձեռնարկությունները կայուն պետության գրավականն են «Ի՞նչ անել կամ ի՞նչ չանել մանր եւ միջին ձեռնարկատերերին չխանգարելու համար»։ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ Ամուր հեռանկար ունեցող ցանկացած պետության համար կարեւորագույն գործոն է կայուն փոքր եւ միջին գործարարության առկայությունը։ Այս փաստը լավ են հասկանում մեր ղեկավարները, Ազգային ժողովի պատգամավորները։ Համենայնդեպս, տարբեր մակարդակի ամբիոններից հնչում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտության մասին։ ԽՍՀՄ փլուզումից հետո դեռ պահպանվել են մի շարք արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրանքը դեռ ունի պահանջարկ ԱՊՀ պետություններում, ինչը պետք է որ ուրախացնի հանրապետության ղեկավարներին։ Այս ձեռնարկությունների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց գործունեությունը, հիմնականում առանց անհրաժեշտության, արհեստականորեն այնքան է դժվարացված, որ «լինել, թե չլինելու» հարց է առաջանում։ Նշենք մի քանի ակնհայտ հանգամանքներ. առաջինը՝ գերավճարի չափերը երբեմն գերազանցում են ձեռնարկությունների դրամական շրջանառու միջոցները եւ հնարավոր շահույթը։ Սակայն պետեկամուտների նախարարության կողմից փոխհաշվարկ կատարել եւ վերադարձնել գերավճարը ընդունված չէ եւ առաջացած գերավճարը տարիներ շարունակ չի վերադարձվում։ Արդյունքում՝ շրջանառու միջոցների պակաս, աշխատավարձերի վճարման ձգձգումներ։ Երկրորդը՝ կառավարության որոշման համաձայն, անխտիր բոլոր ԲԲԸ-ները պետք է գրանցվեն Արժեթղթերի կենտրոնում, որի համար անհրաժեշտ է. 1. Արժեթղթերի կենտրոնին տարեկան վճարել շուրջ 60 հազ. դրամ վարձավճար: 2. Բաժնետոմսերի ռեեստրը վարելու համար պետական դեպոզիտարիային տարեկան վճարել 192 հազ. դրամ (չհաշված տույժ ու տուգանքները՝ հնարավոր ուշացումների դեպքում)։ 3. Ամեն տարի պետք է իրականացվի աուդիտ, որի համար պետք է վճարվի 200-300 հազ. դրամ։ Պատրաստի արտադրանքը արտասահման առաքելու համար պահանջվում է ծագման հավաստագիր (սերտիֆիկատ), որի ձեւակերպմանը ուղղված ծախսերը կազմում են շուրջ 50 հազ. դրամ՝ անկախ առաքվող ապրանքի գնից եւ քանակից, այսպիսով՝ անտեսվում են ե՛ւ սպառողների, ե՛ւ առաքողի շահերը։ Այսինքն, եթե առաքվում է 300-500 հազ. դրամի ապրանք, ապա պետք է վճարել 50 հազ. դրամ եւ եթե տարվա ընթացքում այդպիսի խմբաքանակները ուղակվում են 15-20 անգամ, ապա տարեկան կտրվածքով ծագման սերտիֆիկատը ստանալու համար վճարումները հասնում են 700 հազարից 1 մլն դր., արդյունքում մեծանում է ինքնարժեքը, հետեւաբար ընկնում է արտադրանքի մրցունակությունը եւ արդյունաբերողը կորցնում է իր պատվիրատուներին, որի հետեւանքով տեղի է ունենում աշխատատեղերի նվազում՝ աճի փոխարեն։ Այսպիսով, հանրագումարի բերելով նշված հանգամանքները, տարեկան 10 մլն դրամ շրջանառության դեպքում գործարանը վճարում է 1,5-2,0 միլիոն դրամ, որը կազմում է արտադրված ապրանքի գնի 20%-ը՝ հնարավոր եկամտի 15%-ի դիմաց, չհաշված մյուս հարկերը, որոնք ամրագրված են օրենքներով, որի հետեւանքով մանր ու միջին ձեռնարկությունները զրկվում են նորմալ գոյատեւելու հնարավորությունից։ Այժմ փորձենք ձեւակերպել մեր նկատառումները, որոնք կխթանեն մանր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, հետեւաբար եւ աշխատատեղերի ստեղծմանը. 1. Անհրաժեշտ է խիստ հանձնարարական տալ հարկային տեսչություններին՝ անհապաղ (մեկ ամիս ժամկետում, ինչպես նշված է ԱԱՀ-ի մասին օրենքում) մարել ԱԱՀ-ից առաջացած գերավճարները կամ նախատեսել տուգանքներ՝ վերադարձման ժամկետները խախտելու դեպքում։ 2. Նախատեսել արժեթղթերի կենտրոնին (ֆոնդային բորսային) կամավոր անդամակցություն այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրության ծավալը փոքր է։ 3. Հանձնարարել համապատասխան կազմակերպություններին, արտասահմանյան գործընկերների հետ երկարատեւ համաձայնության (պայմանագրային) դեպքում ծագման սերտիֆիկատների ձեւակերպումը իրականացնել ամբողջ խմբաքանակի կամ պայմանագրի գործող ժամկետի համար (գոնե մեկ տարվա կտրվածքով)։ 4. Արդյունաբերության տիրույթում աշխատող ձեռնարկությունների գործունեությունը սատարելու համար նախատեսել էլէներգիայի սակագնի հնարավոր իջեցում, որի հետեւանքով կիջնի արտադրանքի ինքնարժեքը եւ կտրուկ կբարձրանա արտադրվող, առաքվող ապրանքների մրցունակությունը։ 5. Կարծում ենք, որ արդեն հասունացել է ԱԱՀ-ի չափի իջեցման անհրաժեշտությունը գոնե մինչեւ 15%։ Հավատացնում ենք, որ այս միջոցառումների կիրառման արդյունքում կունենանք զգալի դրական տեղաշարժ մանր եւ միջին գործարարության զարգացման ուղղությամբ։ ՌՈՒԲԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031