Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿ ՇՐՋԱՆ

Մայիս 07,2002 00:00

ՓԱԿ ՇՐՋԱՆ Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սերժ Ստեփանյանի հետ հարցազրույց անելու մեկ ամսից ավելի գործադրած մեր ջանքերը դատապարտված էին ձախողման: Պատճառաբանությունը հետեւյալն էր` դիսպանսերում ստուգումներ է իրականացնում առողջապահության նախարարությունը, եւ ինքը ոչ մի լրագրողի չի կարող ընդունել: Առողջապահության նախարարից համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաեւ տուբերկուլյոզի վերահսկման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Մարինա Սաֆարյանը: Առողջապահության նախարարությունում էլ, ի դեմս նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանի, նույնը պնդեցին` մինչեւ ստուգումները չավարտվեն, դիսպանսերից տեղեկատվական որեւէ արտահոսք բացառվում է: Ստիպված էի դիմել ոչ պաշտոնական աղբյուրներին: Ոչ աշխատանքային մի օր այցելեցի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր: Պարզվեց, որ այստեղ բուժանձնակազմը պատրաստվում է գործադուլի: Պատճառը չվճարված աշխատավարձերն են: Չեն վճարվել 2000 թվականի օգոստոսից մինչեւ դեկտեմբերը ներառյալ եւ 2001թ. հունվար-մայիս ամիսների աշխատավարձերը: Հետաքրքիր է, որ առողջապահության նախարարությունում մինչ այդ Ռ. Գեւորգյանը հավաստիացնում էր, որ աշխատավարձի պարտքերը փակված են: Բուժքույրերը, ովքեր աշխատանքը կորցնելու վախից այդպես էլ չցանկացան իրենց անունները հրապարակել, հակառակն էին պնդում: «Ամանորի նախաշեմին, դեկտեմբերի 30-ին, 10 հազարական դրամ են բաժանել եւ դրանով համարում են պարտքերը փակա՞ծ»,- հարցնում էին նրանք: «Աններելի է, երբ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցներին դնում են այսպիսի անելանելի դրության մեջ: Հավանաբար մեր պետական չինովնիկները չեն պատկերացնում, որ սա ոչ սովորական հիվանդանոց է եւ այստեղ աշխատողներից ֆիզիկական եւ բարոյական ինչ ջանքեր են պահանջվում»,- պատմում էր բուժքույրերից մեկը: Ասվածն առավել քան համոզիչ թվաց դիսպանսերում կատարած շրջայցից եւ բուժքույրերի հետ զրույցից հետո: Մեկ տարեկան երեք ամսական Արսենին դիսպանսերի աշխատակիցները գտել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի այգում, մահամերձ վիճակում: Փոքրիկը վարակված է եղել աղիքային ինֆեկցիայով եւ տուբերկուլյոզով: Նրա վիճակը բարվոք է: Լիակատար բուժում ստանալուց հետո նրան կտեղափոխեն մանկատուն, քանի որ այդպես էլ չի պարզվել, թե ովքեր են տղայի ծնողները: Բուժաշխատողների համար դժվար է հատկապես քրոնիկ հիվանդների հետ շփվելը: Երկրորդ թերապիայի բաժանմունքում քրոնիկ հիսուն հիվանդ կա, որոնցից 30-ը ծանր վիճակում են, ինը անկողնային հիվանդներ են, ովքեր չունեն ոչ մի հարազատ, տուն ու տեղ: Մահանալուց հետո էլ նրանց հուղարկավորությունը, որպես կանոն, դիսպանսերն է կազմակերպում: Քրոնիկ հիվանդներից ոմանց մեկ-երկու անգամ այցելելուց հետո «մոռանում» են անգամ նրանց մերձավոր հարազատները: Այստեղ բարդանում է բուժաշխատողների գործը, որոնց խղճին ու հոգածությանն է «հանձնվում» հիվանդների հետագա ճակատագիրը: Հիվանդների մեջ կան թմրամոլեր, քրեական անցյալ ունեցող անձինք, ովքեր չնչին պատճառներով կարող են հայհոյել բժիշկներին եւ քույրերին: Պատահում է, որ նրանց կարգի հրավիրելու համար անհրաժեշտություն է ծագում ոստիկան կանչել: Քրոնիկ բացիլակիր հիվանդներին խնամող բժիշկները ապահովագրված չեն վարակից: Իմ զրուցակիցները հիշեցին, թե տարիներ առաջ ինչպես մի բժշկուհի վարակվեց ու մահացավ: Ցածր, կանոնավոր չվճարվող աշխատավարձի պատճառով բուժաշխատողները նորմալ սնվելու հնարավորություն չունեն, ինչն էլ մեծացնում է նրանց` վարակվելու հավանականությունը: Բուժքույրերի հավաստմամբ, հիվանդանոցում սննդի եւ դեղորայքի խնդիր գոյություն չունի. մատակարարումը կանոնավոր է: Հիվանդանոցի բակում զբոսնող հիվանդները հրաժարվեցին սննդի, դեղորայքի, առհասարակ` դիսպանսերի պայմանների մասին խոսել: Միայն իր հիվանդ հարազատին այցելած մի երիտասարդ մասնավոր մեր զրույցի ժամանակ նշեց. «Հիմա տուն եմ գնում, եւ գրպանումս միայն դեղատոմսեր են: Ամեն անգամ ստիպված եմ դեղորայք հայթայթել: Բա պետության վրա հույս դնել կլինի՞»: Մեր այն հարցին, թե աշխարհագրական ինչ ընդգրկում ունի տուբերկուլյոզը, պատասխանեցին. «Հիվանդները հիմնականում Արարատյան դաշտավայրից են»: Իսկ 2002 թվականը հայտարարված է տուբերկուլյոզի դեմ պայքարի տարի, որը միաժամանակ պետք է լինի աղքատության դեմ պայքարի տարի: «Ուզու՞մ ես պայքարել տուբերկուլյոզի դեմ, պայքարիր աղքատության դեմ»,- այսպես են մտածում բժիշկները: ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք www.hetg.am հասցեով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել