Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ»

Մայիս 07,2002 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ» ԵԿՄ V համագումարում Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, իր խոսքում Ռուբեն Գեւորգյանին էլ անդրադարձավ. «Մեր Ծաղիկ Ռուբոն խորհրդարանում վեր կացավ մի երկու անգամ «Հոկտեմբերի 27»-ին տեր կանգնեց՝ ի՜նչ արեցին այդ տղայի գլխին, ինչե՜ր սարքեցին»։ Ինչպես ԱԺ-ում, այդպես էլ ԵԿՄ նախորդ համագումարում Ռուբեն Գեւորգյանն այնպես է կառուցում իր խոսքը, որ միայն կռահել կարելի է, թե հատկապես ում է ուղղված այն։ 1999-ին իր ասելիքը ձեւակերպել էր այսպես. «Երկրապահին հատու տեսանելիությամբ լավ տեսնում ենք այս պահի քաղաքական դաշտը։ Կաք ուրախներդ, հոգիներդ քաղաքական եւ կուսակցական նենգ ու դառը ուրախություն է ապրում։ Անողորմ եք դուք եւ նման անողորմներդ երբեւիցե չեք կարող հավատարմորեն ծառայել մեծահոգության գաղափարներին։ Խնդացե՛ք, չարագործնե՛ր, բայց լավ իմացեք, որ ուժեղը նա չէ, որ կազմակերպված մեծ ոճիրը երբեւիցե կանվանի հեղափոխություն։ (…) Խեղճ է մեր ժողովուրդը, երբ նրանց որոշ ղեկավարների եւ քաղաքական ուժերին պակասում է հոգու, սրտի մշակույթը։ Նրանք տեսնելով երկու հզոր առաջնորդների՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի միասնությունը, որ բավական երկար էր լինելու, քանզի կասկած չկար, որ ժողովրդին վերադարձնելու էին արժեքներն ու արժանապատիվ ապրելու իրավունքը, սարսափահար եղած եւ բռնված նախանձի չար դեւով՝ դիմեցին մեծ ոճրագործության»։ Վերջին համագումարում եւս Ռուբեն Գեւորգյանի ելույթը նույն ոգով էր. «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն իր վճռով պիտի լինի հայ ժողովրդի դատ, որը կոչված կլինի այսուհետեւ ամրապնդելու հայ ժողովրդի անվտանգությունը երկրի ներսում»։ Նա նաեւ հայտարարեց, թե «Երկրապահը» հավաքվել է «կոփելու մեր կամքի ողնաշարը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել