Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Մայիս 07,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ «Ընտրական օրենսգրքում» կատարվելիք փոփոխությունները, որոնց քվեարկությունը թերեւս տեղի ունենա այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, տեղիք տվեցին անուրախ խորհրդածությունների։ Մի կողմից՝ ճիշտ են ընդդիմադիր կուսակցությունները, որ չեն ցանկանում, որպեսզի ընտրական հանձնաժողովներում կառավարության փոխարեն այժմ էլ նախագահը նշանակի ներկայացուցիչներ՝ 5 հոգու կամ 3-ի, ինչպես վերջին տարբերակում է։ Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ նման քայլը խիստ ակնհայտ նպատակներ է հետապնդում։ Ըստ երեւույթին՝ Ռոբերտ Քոչարյանը բանակի, ուժային այլ կառույցների, վերադասին միշտ հավատարիմ բյուրոկրատաչինովնիկական ապարատի աջակցությունից զատ՝ այս ամենին ցանկանում է գումարել նաեւ ընտրական հանձնաժողովներում սեփական դրածոներին։ Իսկ թե նախագահի նշանակածներն ինչպես են կատարում նրա կամքը՝ ապացուցված է ե՛ւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների, ե՛ւ դատավորների օրինակով։ Մյուս կողմից էլ՝ իսկ ինչպե՞ս էին կուսակցությունները տնօրինում ընտրական հանձնաժողովներում իրենց հատկացված տեղերը։ Մի՞թե հայտնի չէ, թե ինչ առուծախ է սկսվում ամեն ընտրությունից առաջ դրանց համար, թե ինչպես են կուսակցություններն այդ տեղերը վաճառում թաղային զանազան հեղինակությունների։ Հանձնաժողովներում այդ տեղերի «փաթեթով» գինն էլ է հայտնի՝ 3 հազար դոլար։ Եվ գուցե կուսակցությունների այս կենաց-մահու պատերազմը նաեւ այդ պատճառո՞վ է սկսվել՝ չեն ցանկանում զրկվել եկամտի աղբյուրից։ Մի ուրիշ վեճ էլ համամասնականի եւ մեծամասնականի կռիվն է։ Կուսակցություններն ավելի մեծ ներկայություն են ուզում ԱԺ-ում։ Հօգուտ դրա փաստարկներից է, թե անհատապես ընտրված պատգամավորները հավատարիմ չեն իրենց կոչմանը, մասնակից չեն օրինաստեղծ գործունեությանն ու քննարկումներին, պատվերով կոճակ սեղմող են եւ այլն։ Մեծ մասի վերաբերյալ՝ ճիշտ փաստարկներ են։ Բայց արդյոք նույնը չի՞ կարելի ասել նաեւ համամասնական ցուցակներով ընտրված պատգամավորների մեծ մասի վերաբերյալ։ Թե՞ նրանք պակաս են հետամուտ զուտ անձնական իրենց խնդիրներին։ Եվ ընդհանրապես, կա՞ որեւէ վատ բան, որ կարելի լինի ասել մեծամասնականով ընտրվածների մասին եւ հնարավոր չլինի տարածել նաեւ համամասնականների վրա։ Եվ հակառակը։ Մի խոսքով, դժվար ընտրություն է։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել