ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբում 13 կուսակցությունների առաջնորդների ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ «27»-ի ոճրագործության «պտուղներից» օգտվել է միայն Ռ. Քոչարյանը: Նա փաստորեն ուղղակի մեղադրանք ներկայացրեց իշխանություններին, որոնց թողտվության պատճառով է հնարավոր դարձել ոճրագործության իրականացումը. համենայն դեպս չեն կանխել հանցագործությունը: «Եթե չեն իմացել՝ շատ վատ է, որովհետեւ Նաիրի Հունանյանը Ազգային անվտանգության գործակալ է եղել. եթե իմացել են, բայց չեն կանխել՝ ավելի վատ, ավելի մեծ պատիժ է հասնում: Ամեն դեպքում երկրի անվտանգության երաշխավորը երկրի նախագահն է, որն առանց վախի, չգիտես ինչ համոզմունքից ելնելով՝ Նաիրի Հունանյանի հետ համաձայնեց «տետ ա տետ» զրույցի. համոզվա՞ծ էր, որ իրեն էլ չի սպառնում վտանգ, թե՞ տեղյակ էր հանցագործների ծրագրերին: Բա որ հանկարծ, Աստված մի արասցե, նախագահին էլ խփեր, լեգիտիմ իշխանություն այլեւս երկրում չէր մնալու, ի՞նչ էր լինելու այս երկրի հետ»,- ասաց Բազեյանը: Ապա պրն Բազեյանը նկատեց, որ նախագահն ավելի պատրաստակամությամբ կատարում է ոճրագործներին տված խոստումները, իսկ ժողովրդին տված խոստումների մասին չի էլ հիշում: Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի կողմից թույլ տրված օրինախախտումներին, ապա Ալբերտ Բազեյանը հայտարարում է. «Ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում Ջհանգիրյանը, կամ մեղավոր չի, կամ ինչ-որ բաներ գիտի ու կարող է ասել, կոմպրոմատներ ունի իշխանությունների վերաբերյալ»: «27»-ի դատավարության առնչությամբ ՀԺԿ անդամ ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը հույս հայտնեց, որ անկողմնակալ իշխանությունների ընտրվելու դեպքում իրականությունը կբացահայտվի, որովհետեւ այս դատավարության ընթացքում բավական հետաքրքիր ցուցմունքներ հնչել են, եւ պետք է միայն դրանց ճիշտ գնահատական տալ: Ասուլիսի ավարտին կուսակցությունների լիդերները արձանագրեցին. երկիրն այսօր առաջնորդվում է մեկ մարդու քմահաճույքով: «Այբ-ֆե»