Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղուց ընտրված թիրախ

Մայիս 07,2002 00:00

Վաղուց ընտրված թիրախ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Եւս մի քանի դատական նիստ ու, թերեւս, մեկ-երկու շաբաթից դատավարությունն առաջին ատյանում ավարտվի: Իսկ երեկ կայացած նիստում ամբաստանյալի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հանդես եկավ երեք միջնորդությամբ: Դրանցից մեկը վերաբերում էր 2001թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Գլխավոր դատախազության Քրեական վարչության պետ Ա.Միրզոյանի կայացրած որոշմանը, որով վերջինս՝ խախտելով Քրդատօր 21 հոդվածի 4-րդ կետը, վերացրել էր 94-ին դատապարտյալ Ռ.Զորոյանի մահվան փաստի վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու մասին մի քանի տարի առաջ կայացրած որոշումը: Ռ.Գրիգորյանը դատարանին միջնորդեց հիշյալ որոշումը ճանաչել ապացուցողական ուժը կորցրած փաստաթուղթ: Մեղադրող Կ.Փիլոյանն առարկեց, թե մատնանշված հոդվածը այլկերպ էլ կարող է մեկնաբանվել: Նա առաջարկեց այդ հարցը քննարկել առանձին՝ խորհրդակցական սենյակում: Դատարանն այդ միջնորդությանը որոշեց անդրադառնալ դատավարության վերջում՝ դատական վիճաբանություններից եւ ամբաստանյալին լսելուց հետո: Պաշտպանի մյուս միջնորդությունը վերաբերում էր քրգործի նյութերում առկա եւ ապացուցողական նշանակություն ստացած այն փաստաթղթերին, որտեղ արձանագրված են 2001թ. հունիս-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում Մ.Սաղաթելյանի բջջային հեռախոսից կատարված եւ ընդունած հեռախոսազանգերը: Փաստաբանն իր միջնորդությամբ շեշտեց, որ նախաքննական մարմնի կողմից քրգործին կցված այդ տեղեկանքն անհասցե է, եւ անհայտ է, թե այն ընդհանրապես որտեղի՞ց է ձեռք բերվել. «Փաստաթղթերը որեւէ մեկի կողմից ստորագրված չեն եւ պարզ չէ, թե դրանք ո՞վ է տվել, ո՞ւմ պահանջով եւ ե՞րբ»: Նա դատարանին միջնորդեց այդ տվյալները ճշտելու եւ լրացնելու համար հարցում անել ՆԳՆ-ին, որովհետեւ նրանք են այդ տվյալները նախապատրաստել եւ տրամադրել դատախազությանը: Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, պարզ չէ, թե ով է պատասխանատվություն կրում այդ փաստաթղթերի հավաստիության համար: Դատավոր Վ.Լալայանը մերժեց այդ միջնորդությունը՝ նպատակահարմար չէ: Թե ինչո՞ւ՝ հարկ չհամարեց մանրամասնել, թեեւ ե՛ւ ամբաստանյալը, ե՛ւ նրա պաշտպանը մի քանի անգամ շեշտեցին դրա նշանակությունն ու հիմնավորված լինելու հանգամանքը: Նախ՝ Մ.Սաղաթելյանը կարծիք հայտնեց, թե միջնորդության բավարարումը թույլ կտա ճշտել՝ ի՞նչ հիմքով է ձեռք բերվել իր բջջային հեռախոսից կատարված եւ ընդունած զանգերի մասին տեղեկանքը՝ երբ այն ստանալու իրավունքը վերապահված է միայն իրեն՝ աբոնենտի: Նա նշեց նաեւ, որ այդ տվյալները կարող են ապացուցել իր այն պնդումը, թե ՆԳՆ-ն եւ Գլխավոր դատախազությունն իր նկատմամբ հետապնդումները սկսել եւ քրգործի հարուցման նախապատրաստություն են տեսել արդեն 2001-ի հունիս-օգոստոս ամիսներից: Մ.Սաղաթելյանն ակնարկեց, թե հիշյալ ժամանակահատվածից սկսյալ իր հեռախոսազանգերը վերահսկվել եւ խոսակցությունները գաղտնալսվել են: «Ի՞նչ հիմքով է լսվել իմ հեռախոսը եւ ո՞ւմ որոշմամբ, եղե՞լ է դատարանի որոշում, թե՞ ոչ: Եթե՝ ոչ, ուրեմն՝ խախտվել է ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող Սահմանադրության համապատասխան հոդվածը»: Միջնորդության մերժումից հետո փաստաբանը մեկ այլ միջնորդություն արեց: Նա դիմեց դատարանին, որպեսզի վերջինս ինքը դիմի «ԱրմենՏելին» եւ պահանջի Մ.Սաղաթելյանի բջջային հեռախոսից կատարված եւ ընդունած զանգերի մասին տեղեկանք՝ քրգործին կցելու մասին: «Խոսքն այն մասին չէ, թե Մ.Սաղաթելյանի եւ ՆԳՆ գործակալ Հ.Գրիգորյանի միջեւ հեռախոսային խոսակցություններ եղել են, թե ոչ: Իհարկե եղել են»,- պարզաբանեց Ռ.Գրիգորյանը եւ հստակեցրեց իր միջնորդության նպատակը: Նա դատարանին հանձնեց իր ձեռքի տակ եղած եւ, ի տարբերություն քրգործի նյութերին նախաքննական մարմնի կցած անստորագիր եւ անհասցե տեղեկանքի, Մ.Սաղաթելյանի բջջային հեռախոսից կատարված եւ ընդունած զանգերի մասին «ԱրմենՏելի» շտամպով տեղեկանքը, որը վերաբերում է նույն ժամանակահատվածին: Այդ փաստաթղթում ֆիքսված են համարներ, որոնք չկան քրգործին կցված տեղեկանքում: Ռ.Գրիգորյանը՝ այդ նկատի ունենալով, կասկած հայտնեց, թե hիշյալ համարները հսկողության, ուստիեւ՝ արգելանքի տակ են եղել: Իսկ նշված համարներով հեռախոսազանգերը վերաբերել են Մ.Սաղաթելյանի եւ գործակալ «Շեյթանի» խոսակցություններին: Փաստաբանը շեշտեց, որ քրգործին կցված եւ «ԱրմենՏելից» ստացվելիք տեղեկանքների համեմատությունն էական է եւ թույլ կտա ապացուցել, որ մինչեւ Հ.Գրիգորյանի դատախազություն դիմելը՝ Մ.Սաղաթելյանի եւ վերջինիս հանդիպումները վերահսկվել եւ ուղղորդվել են ՆԳՆ-ի կողմից: Մեղադրողն այդ միջնորդությանը, ըստ էության, չառարկեց: Դատարանը բավարարեց փաստաբանի այդ միջնորդությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել