Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Մայիս 07,2002 00:00

ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ Ըստ էության, քիչ կան Հայաստանում քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնց այսօրվա խոսքը չէր տուժի եւ արժեզրկվի, եթե համեմատեինք տարիներ առաջ իրենց իսկ ասածի հետ։ Եվ ԵԿՄ-ն էլ բացառություններից չէ։ Օրերս կայացած ԵԿՄ V համագումարում եւ 1999 թ. դեկտեմբերին ԵԿՄ IV համագումարում ելույթ ունեցողների ցանկը գրեթե աննշան փոփոխություններ էր կրել, փոխարենը՝ շատ անգամ գրեթե հիմնովին փոխվել էր նրանց ասելիքը։ Սակայն մեկնաբանությունների կարիք չկա՝ համադրեք եւ համոզվեք ինքներդ։ Անդրանիկ Մարգարյան. Վերջին համագումարում նրա ողջույնի խոսքի ամենաուշագրավ հատվածներից մեկն այս անդրադարձն էր 1999 թ. հոկտեմբերի 27-ին կատարված պետական հեղաշրջման փորձին. «Եթե այս անգամ չբացահայտվեց՝ սա կրկնվելու է անընդհատ։ Սա ոչ միայն Սպարապետի, պրն Դեմիրճյանի եւ մեր ընկերների սպանության, այլ պետության անվտանգության, մեր ապագայի խնդիրն է։ Եվ դա պետք է բացահայտվի։ Ե՞րբ կբացահայտվի՝ ես չեմ կարող ասել»։ 1999 թ. ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը ԵԿՄ IV համագումարում հայտարարեց. «27»-ի դեպքերը քաղաքական ահաբեկչություն էին, որ կատարել էին ոչ թե մի խումբ անձինք, այլ դա կազմակերպված ոճրագործություն էր։ (…) Մեր ներքին եւ արտաքին թշնամիները չէին կարող հանդուրժել «Միասնություն» դաշինքի առաջնորդներ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գոյությունը, նրանց գործողությունները»։ Ի դեպ, այս ելույթում պրն Մարգարյանը խոստացել էր. «իր առաջնորդներին կորցնելուց հետո էլ դաշինքն ամուր է եւ չի քանդվելու»։ 1999-ին Անդրանիկ Մարգարյանի համար դեռեւս այդքան անորոշ չէր, թե երբ կբացահայտվի «27»-ի հանցագործությունը. «Համոզված ենք, որ ահաբեկչության գործը կբացահայտվի»։ Սասուն Միքայելյան. 1999 թ. դեկտեմբերին նա վճռականորեն ասում էր. «Մեր մեջ սպանելով վրեժխնդրության ծարավը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ ով էլ որ լինի այս ոճրագործության բուն հեղինակը, իր արժանի պատիժը կստանա։ (…) Մենք չենք հանդուրժի որեւէ անհետեւողականություն այս ոճրագործության բացահայտման գործում, ինչպիսիք առկա էին Վահրամ Խոռխոռունու, Արծրուն Մարգարյանի եւ մյուս աղմկահարույց սպանությունների ժամանակ։ Հակառակ դեպքում հանցագործության չբացահայտմամբ շահագրգիռ կողմն ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից։ (…) Այս պարագայում քաղաքական դաշտի վերաձեւման, ԱԺ-ում ձեւավորված հավասարակշռության պառակտմանն ուղղված ցանկացած քայլ իրոք հղի կլինի անկանխատեսելի հետեւանքներով»։ 2002 թ. ապրիլին նույն երկրապահ պատգամավորը «ոմանց» վերագրեց այն կարծիքը, թե իր Սպարապետին կորցնելուց հետո կաշկանդվեցին ԵԿՄ գործողությունները, սկզբունքներից նահանջ արձանագրվեց։ Անհամաձայնություն հայտնեց նման կարծիքներին. «Նահանջը բնորոշ չէ մեզ», եւ հույս հայտնեց, թե նոր վարչությունը կլինի ավելի վճռական ու սկզբունքային։ Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման առումով խոստացված հետեւողականությանը, Սասուն Միքայելյանն այս անգամ միայն ասաց. «Հաշվի առնելով, որ բացահայտումը մեծապես կնպաստի մեր պետության ապագայի նկատմամբ մեր ժողովրդի սասանված հավատի վերականգնմանը, պետք է նշեմ, որ ավելի քան 1 տարի ձգվող դատավարության ընթացքում ոճրագործների ներկայիս լպիրշ պահվածքն այդ առումով լավատեսություն չի ներշնչում»։ Մուրադ Կիրակոսյան. Անցած համագումարում նա հայտարարեց, թե Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, «որ չի կարելի թույլ տալ ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հացի եւ վառելիքի մատակարարումը, դառնա առանձին անձանց կամ խմբերի մենաշնորհ, ինչը մինչեւ հիմա տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն է»։ Թանկ արժեցավ նրան այս հայտարարությունը։ Այդ մենաշնորհների «տանիք» պաշտոնյան հրապարակավ հիշեցրեց Մուրադ Կիրակոսյանի նախկին մեղքերը, որոշ ժամանակ անց նրան ազատեցին աշխատանքից, եւ առկախ է մնում դեռեւս նրա նկատմամբ հարուցված քրեական գործը։ Բնականաբար, նման հուժկու հակահարվածից հետո Մուրադ Կիրակոսյանն այս համագումարում միայն խոսում էր ԵԿՄ-ի պառակտման մասին եւ դրա մեջ խառը տեսավ գաղտնի ծառայությունների մատը. «Երկրում շտիռլիցների լինելու փաստը որեւէ մեկը չի կարող ժխտել, քանի որ երկրապահները երբեք իրարից չէին բաժանվելու եւ այլ կազմակերպություններ չէին ստեղծելու»։ Աստվածատուր Պետրոսյան. 1999-ի դեկտեմբերին նրա ելույթն այնպիսի տարրեր էր պարունակում, որ մի քանիսն անգամ անհարմար էինք զգացել մեջբերել։ Մեկ օրինակ. «Ո՞վ է մեր դեմ՝ «գալուբոյներից» բացի»։ Պաշտպանության նախկին փոխնախարարը նաեւ հայտարարել էր. «Չարանենգորեն զոհված Սպարապետի դեռ այնքան թարմ հիշատակի առջեւ անգամ փորձում են թշնամանք սերմանել նրա իսկ քրտինքով ու սիրով կառուցած ազգափրկիչ միակ իրական ուժի՝ Հայոց Ազգային բանակի նկատմամբ, երբ դեռեւս «Դրոյի» գործով արյունը չչորացած, անպատեհ ազատված հանցագործներն իրենց բանակի դեմ բենզինի շշեր են պատրաստել (խոսքն այժմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին է.- Ա. Ի.), վառոդ ու պայթուցիկ»։ Նշենք, որ Աստվածատուր Պետրոսյանն այս համագումարում այն երկրապահների շարքում չէր, որոնք դահլիճից ցուցադրաբար դուրս եկան, երբ ողջույնի խոսքի համար ամբիոն բարձրացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Աստվածատուր Պետրոսյանն այս անգամ բացառապես մանվածապատ մտքեր ասաց՝ մեջբերենք բառացի. «Աննպատակ չթողնենք «Հոկտեմբերի 27»-ի դատապարտումը՝ աննպատակ դատապարտումը։ Ես առաջարկում եմ ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ն ընդգրկել այդ, այլ այն շահարկումները, որ կատարվում են Վազգենի զինակիցների, ընկերների եւ Վազգենի համալսարանական այն ուսանողների հետ, որոնք այսօր, վաղը, մյուս օրը պետք է պարծենան այն գաղափարով»։ … Չքննենք, թե երբ էին ճիշտ վերոբերյալ ելույթների հեղինակները՝ 1999-ի՞ն, երբ արմատական ու բուռն կոչեր էին անում, թե՞ 2002-ին, երբ հանդես էին գալիս ավելի զսպված։ Բայց, այսուհանդերձ, ե՛ւ նրանք, ե՛ւ քաղաքական այն գործիչները, որոնք հավակնություն ունեն, որ իրենց նկատմամբ էլ կարող են կիրառվել «հետեւողական» կամ «սկզբունքային» որակումները, պիտի (գոնե երբեմն) հիշեն, թե ինչ էին ասում նախկինում։ Եվ առնվազն փորձեն բացատրել. ինչո՞ւ չկարողացան կամ չցանկացան իրականացնել իրենց իսկ խոստումները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել