Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԴԱՏԱՊԱՐՏՎԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ

Մայիս 07,2002 00:00

ԿԴԱՏԱՊԱՐՏՎԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ Կդատապարտվի նաեւ «27»-ի գործը Փաստ է, որ եթե դատարանն, այնուամենայնիվ, ապացուցված համարի ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրած անհեթեթ՝ «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն», մեղադրանքը, որի հիմնական «թիրախները» նախագահ Ռ.Քոչարյանն ու նախարար Ս.Սարգսյանն էին, ապա «27»-ից անջատված մասով եւ ոճրագործության հնարավոր կազմակերպիչների ի հայտ բերելուն ուղղված դեռեւս ընթացող նախաքննությունը ստիպված կլինի ինքնըստինքյան ապացուցված համարել, որ «27»-ի կազմակերպմանը հիշյալ դուետն առնչություններ չունի: Չէ՞ որ այն բոլոր տվյալները, որոնք ժամանակին ստացվել էին «27»-ի ամբաստանյալների ու նախկին մեղադրյալների հետ աշխատանքներ տարած գործակալներից, եւ որոնցից փորձել էր օգտվել Մ.Սաղաթելյանը, այլեւս դատական կարգով, մասամբ, եթե ոչ՝ ամբողջովին, հետազոտված պետք է համարվեն Մ.Սաղաթելյանի գործով: Ասել է թե, նախաքննական մարմինը, ուզի-չուզի, նաեւ պետք է հաշվի առնի, որ նույն այդ դատավարության ընթացքում պարզվել է՝ կազմակերպիչների մասով որոշ տեսաերիզներ, որոնք դեռ ի հայտ բերելու հույսեր կային, Մ.Սաղաթելյանի դատավարության ընթացքում արդեն «ստուգվել» են եւ պարզվել է, որ նման ապացույցներ չկան: Առավել եւս խոսք չի լինի, անշուշտ, նաեւ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի՝ «27»-ի կազմակերպմանը հնարավոր որեւէ առնչություն ունենալու մասին: Փաստորեն Մ.Սաղաթելյանի դատավարությունն իշխանությունները փայլուն օգտագործում են նաեւ «27»-ից անջատված մասով տարվող քննությունը փակուղի տանելու համար, թեեւ այնքան էլ հակված չեն, թե այդ մասով մի լուրջ աշխատանք է տարվում: Ու քանի որ հասարակության, քաղաքական առանձին ուժերի համար հստակ է, որ «27»-ն, այնուամենայնիվ, կազմակերպիչներ է ունեցել, անջատված մասով Զինդատախազությունն ու նրա քննչական խումբը դատապարտված կլինեն վարկաբեկման: Մյուս կողմից՝ հիշեցնենք, որ Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ վերաբերում է «27»-ի գործով ամբաստանյալ եւ համաներմամբ ազատ արձակված Միսակ Մկրտչյանին՝ 99-ի նոյեմբերի 5-ի հարցաքննության ժամանակ, իբր, ծեծի ենթարկելուն: Եթե դատարանը վճռի, որ Մ.Սաղաթելյանն այդ դրվագով եւս մեղավոր է, այդ դեպքում խնդիրն անգամ այն հեռանկարը չէ, թե Մ.Մկրտչյանը հիշյալ վճռով կներկայանա համապատասխան ատյաններ եւ կպահանջի վերանայել իր գործն ու իրեն արդարացնել: Միայն այդ փաստը լրացուցիչ անգամ կուղղվի «27»-ի՝ մինչեւ 2000-ի մայիսը տարված նախաքննության դեմ: Ստացվում է, որ «27»-ի եւ Մ.Սաղաթելյանի քրգործերը քննող դատարաններն ու պետական մեղադրողներն ակամա կռիվ են տալու իրար հետ. մեկը՝ ապացուցելով, որ Մ.Մկրտչյանը ֆիզիկական ճնշումների է ենթարկվել, մյուսը՝ դա հերքելով: Իսկ եթե որոշվի, որ ենթարկվել է, ապա նրան քննող քննիչ Ղալթախչյանը, որը ցուցմունք էր տվել, թե Մ.Մկրտչյանին իր ներկայությամբ չեն ծեծել, որ ինքը դրան տեղյակ չէ, ստել է եւ պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց սա միայն գործի կեսը կլինի: Մյուս կեսի իրագործումը մեկնարկեց, երբ այդ ամենին զուգահեռ ԱԺ-ում «27»-ի հանձնաժողովի թեթեւ ձեռքով նախկին մեղադրյալներ Ն.Բադալյանի, Մ.Մովսիսյանի, Հ.Հարությունյանի ճակատին հալածյալի ու տանջվածի դափնի դրվեց, թեեւ վերջիններիս՝ հոկտեմբերյան ոճրագործության հետ առնչություններ չունենալը մինչ օրս էլ կասկածելի է եւ նրանց մասով գործերի կարճումն էլ, մեղմ ասած, համոզիչ չէ: Ինչեւէ: Հիշյալ հանձնաժողովն ամեն ինչ արեց, որ այդ անձանց «կտտանքների» ենթարկելու եւ ցուցմունքներ կորզելու փաստով քրգործ հարուցվի «27»-ի գործի նախաքննությունը վարած քննիչներից մի քանիսի նկատմամբ: Առայժմ հայտնի չէ, թե այդ քրգործն ինչ ընթացքում է, բայց քննիչների գլխին «սարքելու» հավանականությունը շատ մեծ է: Իսկ այդ ամենի իմաստն այն է, որ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են եւ եւս մեկ անգամ կվարկաբեկեն ոչ միայն «27»-ի ընթացող դատավարությունը, այլեւ՝ վարված նախաքննությունը: Ահա այս է պատճառը, որ շեշտում էինք, թե այսօր ընթացող Մ.Սաղաթելյանի դատավարությունը փորձաքար է լինելու «27»-ի դատաքննության արդյունքի եւ անջատված մասով նախաքննության համատեքստում: Եվ առնվազն անհասկանալի է, երբ «27»-ի դատաքննությունը, ըստ էության, բոյկոտող քաղաքական ուժերն ու ոճրագործության բացահայտմանը «հետամուտ» առանձին կուսակցություններ հավասարապես հետամուտ չեն նաեւ Մ.Սաղաթելյանի դատավարությանը, կամ, գոնե, դա առերեւույթ տեսանելի չէ: Իսկ այդ դատավարությունն այսօր անցնում է կիսադատարկ դահլիճում կամ ամբաստանյալի հարազատների ու որդիների ընկերների ներկայությամբ: Իսկ քաղաքական գործիչները զբաղված են հանրահավաքների երթուղիներ գծելով, թեեւ, դժվար չէր լինի մեկ-մեկ էլ իրենց զինակցի դատավարությանը ներկա լինել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել