Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀՈՂ

Մայիս 04,2002 00:00

ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀՈՂ Նախագահական ընտրություններին մնացել է երեք ամսից փոքր-ինչ ավելի ժամանակ: Համաձայն ԱԺ որոշման՝ ԼՂՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ս. թ. օգոստոսի 11-ին: Պարզ է, այս ընթացքում իշխանությունները պետք է տեսնեն իրենց գլխի ճարը: Որ այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն ձեռնարկված են, հասկանալի դարձավ ԱԺ ապրիլի 30-ի նիստից հետո: Խորհրդարանի ծառայությունը հանրապետության նախագահին այս հարթությունում, անտարակույս, պետք է լինի ԼՂՀ նախագահի ընտրությունների մասին օրենքում «համապատասխան» փոփոխությունների կատարումը: Օրինագծի հիմնական դրույթներից մեկի՝ քվեաթերթիկներում նշում կատարելու ձեւի առնչությամբ վիճաբանություններ ծավալվեցին խորհրդարանական երկու հոսանքների՝ «ԺԱՄ»-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: Դաշնակցական խմբակցությունը պնդում էր, որ այդ ձեւը միատեսակ պետք է լինի բոլոր քվեարկողների համար, հավանաբար՝ աչքի առաջ ունենալով ոչ հեռու անցյալում Ստեփանակերտի քաղաքապետի ընտրության տխուր փորձը: Բանակի հրամանատարությունը շարքային զինծառայողներին կարգադրել էր քվեաթերթիկում դնել նախօրոք պայմանավորված նշանը, ինչը դժգոհությունների տեղիք էր տվել: Խորհրդարանական վերջին քննարկումները ցույց տվեցին, որ օրենսդիր իշխանությունը արդարություն ապահովելու փոխարեն նոր հող է նախապատրաստում հետագա օրինախախտումների համար: Այդ իսկ պատճառով, ի նշան անհամաձայնության, դաշնակցական խմբակցությունը ներկայացնող պատգամավորները, ինչպես նաեւ ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, անկախ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը հեռացան նիստերի դահլիճից: Պատգամավորական մեծամասնությունը, ինչպես միշտ, այս անգամ եւս հաստատեց պահանջվող տարբերակը: ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել