Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԸ»՝ ԲԱՆԱԿՈՒՄ

Մայիս 04,2002 00:00

«ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԸ»՝ ԲԱՆԱԿՈՒՄ Գիշերվա ժամը 3-ին ԼՂՀ Մարտակերտի N զորամասի մարտական հենակետերում հակառակորդի սահմանը խախտելու ենթադրությամբ տագնապ եւ մարտական դրություն է հայտարարվում: Տագնապալի գիշերն անցնում է եւ առավոտյան պարզվում, որ անհանգստության պատճառն անհիմն է, սահմաններում ամեն ինչ խաղաղ է, միայն կենդանիներն են խախտել անդորրը: Շարքային Օնիկ Ոսկանյանը զինվորական կացարանից դուրս գալիս նկատում է, որ ժամապահ Քերոբ Մուրադյանն իր տեղում չէ: Նա արթնացնում է հենակետի ավագ Սամվել Բաղդասարյանին եւ այդ մասին հայտնում նրան: Վերջինս, ժամապահին ձայն տալով, գնում է ծառայության վայր համարվող «յաչեյկայի» ուղղությամբ: Ճանապարհին հակատանկային փոսում դիակ տեսնելով, սարսափած ետ է վազում։ Կատարվածի մասին ահազանգում է վաշտի հրամանատարությանը: Նույն օրը հարուցվում է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Սպանվել էր զինծառայող Քերոբ Մուրադյանը: «Մեղադրյալը պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ» Այս գործով նախաքննությունը կատարվել է 3 փուլով: Դիտավորյալ սպանություն կատարելու համար մեղադրվել է Սամվել Բաղդասարյանը: «Հանցագործության մեջ նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», քրեական գործը նրա նկատմամբ կարճվել է: Միաժամանակ կասեցվել է գործի քննությունը՝ «հանցագործությունը կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով»: 13 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո Սամվելին կրկին հրավիրում են զինդատախազություն եւ նույն օրը ՀԿԳ քննիչ Սամվել Հովհաննիսյանը նրան մեղադրանք է առաջադրում, ձերբակալում, ապա կալանավորում: Առանց քրեական գործի կարճման որոշումը վերացնելու՝ նրան մեկ ամիս կալանքի տակ են պահում: Նման որոշում կայացնելու իրավունքը վերապահված է միայն հանրապետության գլխավոր դատախազին՝ «այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում», բացառությամբ այն դեպքերի, երբ նոր երեւան եկած հանգամանքներ կան: Սակայն այս գործի քննությունը վերսկսվել է ոչ թե 6, այլ 13 ամիս անց եւ ոչ թե գլխավոր դատախազի, այլ՝ զինդատախազության քննիչ Ս.Հովհաննիսյանի, ապա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից: Ըստ փաստաբան Զարուհի Դանիելյանի՝ որոշման մեջ նոր երեւան եկած հանգամանքներ չկան: Քննության ընթացքում թույլ են տրվել օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատաքննությամբ, եւ փաստաբանը միջնորդել է գործը վերադարձնել լրացուցիչ քննության: Սակայն 2001 թվականի հուլիսի 3-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը Սամվել Բաղդասարյանին դատապարտում է 14 տարվա ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով եւ մի քանի այլ հոդվածներով: Կատարված հանցագործության մեջ Սամվելն իրեն մեղավոր չի ճանաչել: Մեղադրական դատավճռի հիմքում դրվել են նրա խոստովանական ցուցմունքները եւ դրանց հիման վրա Մարտակերտի դատախազությունում ստեղծված փորձարարության մասին տեսաժապավենը: Հետագայում Սամվելը հրաժարվել է իր ցուցմունքներից՝ պատճառաբանելով, որ դրանք կորզվել են բռնություններով: Որ նա բռնությունների է ենթարկվել, հաստատել են նաեւ մյուս զինվորները: Ավելին, համապատասխան զեկուցագրից հետո քննիչը հեռացվել է աշխատանքից: «Հավաստի աղբյուրների, գործով վկաների, մեղադրյալի եւ օպերատիվ տվյալներով հաստատվել է, որ քննիչ Արամ Բաղդասարյանը քննության ընթացքում կիրառել է խորթ մեթոդներ: Իմ համապատասխան զեկույցից հետո նա հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ գործը փոխանցվել է ՀՀ զինդատախազության վարույթ»,- փաստաբանի հարցմանն ի պատասխան գրել է ՊՆ վերահսկողության ծառայության արտակարգ դեպքերի բաժնի նախկին պետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը մասնակցել է քննության ընթացքին: «Չկա գոնե մեկ ապացույց, որ հանցագործությունը կատարել է իմ պաշտպանյալը»,172 ասում է Սամվելի շահերի ներկայացուցիչ Զ.Դանիելյանը: Փաստաբանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել: Ո՞վ է սպանել Քերոբին Եղբայրներ Արտյոմ եւ Քերոբ Մուրադյանները ծառայել են նույն զորամասում: Արտյոմը զորացրվել է, իսկ եղբայրը հասցրել է ծառայել ընդամենը 2 ամիս: Դեպքից մի քանի օր առաջ Քերոբին տեսակցության են եկել հարազատները (Արտյոմը նույնպես): Նրանց հետ միասին ճաշել, ժամանակ են անցկացրել այն զինծառայողները, ովքեր դեկտեմբերի 2-ին ծառայության են նշանակվել թիվ 110 հենակետում: Այդ գիշեր էլ հայտարարվել է «N1» մարտական դրություն, որի ժամանակ ծառայությունը ստուգելու նպատակով հենակետ են այցելել վաշտի հրամանատար Մելքոն Տոնոյանը եւ վաշտի ավագի պաշտոնակատար Սիրեկան Ամիրխանյանը: Վերջինս հրամանատարի կարգադրությամբ մնացել է հենակետում: Մարտական դրությունը հանելուց հետո, հենակետում ծառայող 6 զինվորներից 2-ը՝ ժամը 6-ից 8-ը հերթափոխի կանգնած Հ.Գեւորգյանն ու Հ. Քյորօղլյանը գնացել են քնելու: Նրանցից հետո ժամապահ է կանգնել միայն մեկ զինվոր՝ Քերոբ Մուրադյանը, իսկ մյուսը՝ Օնիկ Ոսկանյանը շարունակել է հանգիստ քնել թե մարտական դրության ընթացքում, թե դրանից հետո: 5-րդ զինվորը՝ Մ. Նավասարդյանը ժամը 8-ին գնացել է մոտակա Սեյսուլան գյուղից ջուր բերելու եւ սովորականից ուշ է վերադարձել: Զինվորների վկայությամբ դրա համար պահանջվում է ամենաշատը 50 րոպե: Հենակետի ավագ Սամվելի պարտականությունն է եղել հետեւել զինվորների պարտականությունների կատարմանը, սակայն նա էլ է քնել: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում նրան քնից արթնացրել է Օնիկը եւ հայտնել, որ ժամապահն իր տեղում չէ: Պարզելու համար Սամվելը դուրս է եկել բլինդաժից եւ ճանապարհին տեսնելով դիակը, մտածել է, թե դա թշնամու արածն է, նկատի ունենալով նաեւ գիշերվա տագնապը։ Սամվելը կարգադրել է զինվորներին վերցնել զենքերն ու կանգնել բլինդաժի մոտ: Այդ ժամանակ 109 հենակետի կողմից վազելով դեպի նրանց են եկել Ս. Ամիրխանյանն ու Մ. Նավասարդյանը: Քննությամբ պարզված չէ դեպքերի ժամանակագրությունը, պարզված չէ՝ որտե՞ղ է եղել Ս.Ամիրխանյանը դեպքի պահին։ Մ. Նավասարդյանի ցուցմունքները հակասական են: Չի պարզվել նաեւ, թե որքա՞ն է տեւել նրա ջուր բերելը, հենակետում նա տեսե՞լ է Քերոբին, ե՞րբ է Սիրեկանի հետ գնացել 109 հենակետ: Իսկ ժամապահ Գեորգի Գրիգորյանը վկայում է, որ նրանց տեսել է հենակետին հարող խճուղու վրա։ Նա կրակոցներ է լսել 110 հենակետի կողմից ժամը 9-ին: Դատաքննությամբ հաստատվել է, որ հենց այդ ժամին է կատարվել սպանությունը: Երկրորդ նախաքննության փուլում քննիչ Մ.Թորոսյանը «խիստ կասկածելի է» բնութագրում Միքայել Նավասարդյանի հակասական ցուցմունքները եւ չի բացառում, որ «դեպքին նախորդող պահին Նավասարդյանը տուժողի հետ միասին գտնվել է դեպքի վայրում՝ հակատանկային փոսում»: Նախաքննության 3-րդ փուլում հայտնի է դառնում, որ Ս.Ամիրխանյանն ու Մ. Նավասարդյանը լքել են Հայաստանի տարածքը: Նրանք չեն հարցաքննվել նաեւ դատական 2 փուլերում: Ինչո՞ւ սպանեցին Քերոբին Ըստ դատավճռի՝ հանցագործության կատարման շարժառիթը Սամվելի եւ Քերոբի միջեւ այդ պահին տեղի ունեցած վեճն է եղել, որն իբր ծագել է այն բանից հետո, երբ հենակետի պատասխանատուն տեսել է քնած ժամապահին: Փոխադարձ հայհոյանքներ են տեղացել միմյանց հասցեին եւ Սամվելը, վերցնելով Քերոբի ինքնաձիգը, կրակել եւ սպանել է նրան: Հենակետում եղած բոլոր զինվորների, նաեւ վաշտի հրամանատարի վկայությամբ՝ Քերոբն ու Սամվելը մտերիմներ են եղել: Սպանության պահին Քերոբի հագին եղել է Սամվելի բաճկոնը, որը վերջինս նրան էր տվել հերթափոխի կանգնելիս տաք լինելու համար: Նրանք համագյուղացիներ են եւ ազգականներ: Հարազատների հորդորով Քերոբին իրենց հենակետ էր բերել Սամվելը, որի խնդրանքը չէր մերժել վաշտի հրամանատարը: Պատճառն այն էր, որ Քերոբին հաճախ էր նեղացնում «Սեւոն»՝ Ս.Ամիրխանյանը, որը զորամասի «ավտարիտետներից» էր: Վաշտի հրամանատար Մելքոն Տոնոյանը, առաջինը գալով դեպքի վայր, Սիրեկանին ուղարկում է իր ծառայության հիմնական վայրը՝ 108 հենակետ: Որոշ ցուցմունքների համաձայն՝ Սիրեկանը դեպքի վայր է եկել զենքով եւ հեռացել անզեն: Սպանության զենքը հայտնաբերված չէ, թեեւ դատարանը «իրեղեն ապացույց» է ճանաչել Քերոբ Մուրադյանին ամրագրված ինքնաձիգը: Այն զենքը, որով իբր կատարվել է սպանությունը: Ծեծով կորզված ցուցմունքներ Մարտակերտի զինդատախազության քննիչ Արամ Բաղդասարյանը հանցագործությունը «բացահայտելու» բազմաթիվ ձեւեր գիտի: Նա բերման է ենթարկում հենակետում եղած բոլոր զինվորներին, ծեծուջարդի, ծաղրի ենթարկում նրանց, ապա բոլորին գցում պատժախուց: «Իրար մեջ իմացեք ո՞վ է, եկեք ինձ ասեք»,172 հանձնարարել է քննիչը: Պատժախցում պետք է որոշվեր, թե ո՞վ է իր վրա վերցնելու սպանությունը: Հարցը պիտի լուծվեր «ճշտով»: Նախաքննական առաջին ցուցմունքներում բացակայում է «Սեւոյի» անունը: Զինվորները վախեցել են նրա անունը տալ: Պատժախցում գտնվող 6 զինվորներից 2-ը «ավտարիտետներ» էին: Նրանք «գցել-բռնել են», թե ով պիտի իր վրա վերցնի սպանությունը եւ ի վերջո կանգ են առել Սամվելի վրա: Զինվորներից մեկը դատարանում ցուցմունք է տվել, թե ինչպես են Սեւոն ու Օնիկը ծեծել Սամվելին, որ նա հանձն առնի: Դրանից հետո քննիչ Բաղդասարյանը Սամվելին նստեցնում է մեքենա եւ տանում Շուշիի ուղղությամբ: Ճանապարհին նրան ասում է՝ «փախիր, քեզ խփելու եմ» եւ կրակում է ոտքերին: Այսպես ահաբեկելով էլ կորզվել են Սամվելի խոստովանական ցուցմունքները: Այս մասին նախաքննական մարմնին եւ դատարանում ցուցմունքներ է տվել Սամվելը, ինչը հաստատել է Օնիկը: Սամվելի վրա այսօր էլ մնացել են խոշտանգումների հետքերը: Ամբաստանյալի մեղքը չհաստատող ապացույցներ Դեպքի փորձարարական նկարագրությունն ու փորձաքննական եզրակացությունները չեն համընկնում: Գլխին հասցված վնասվածքների նկարագրությունը չի համապատասխանում կրակոցների ուղղություններին, կատարված փորձաքննություններն էլ են հակասում միմյանց: Դատարանը սպանությունը հաստատող ապացույց է համարել դեպքի վայրում հայտնաբերված 3 գնդակը, որոնցից մեկը, ըստ փորձագետի, ենթակա չէ հետազոտման, 2-ը կրակված չեն այն զենքից, որով կատարվել է Քերոբ Մուրադյանի սպանությունը: Իսկ «իրեղեն ապացույց» ճանաչված զենքի վրա չեն հայտնաբերվել Սամվելի մատնահետքերը: Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաղդասարյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել՝ չունենալով նրա մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ։ Ո՞վ է իրական հանցագործը Փաստաբան Զարուհի Դանիելյանը բողոքարկեց վերաքննիչ դատարան: Ամիսներ ձգվող դատավարությունը նոր բան չպարզեց: Հայաստանյան դատարաններում հազվադեպ է դատախազության մեղադրանքը փոփոխության ենթարկվում: Վճռաբեկ դատարան բողոքով դիմել է ոչ միայն փաստաբանը, այլեւ՝ ամբաստանյալ Սամվել Բաղդասարյանը: 2002թ. մարտի 7-ին Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի որոշմամբ վավերացվեց 2 ատյաններով անցած դատավճիռը: Դատարանը «…ներքին համոզման հիման վրա հանգել է համապատասխան հետեւության…». շարադրված է որոշման մեջ: Վճռաբեկ դատարանը նաեւ զինդատախազությանն ուղղված միջնորդությամբ է հանդես եկել, որով պահանջել է 4 հոդվածներով քրեական գործ հարուցել «Սեւոյի»՝ Սիրեկան Ամիրխանյանի նկատմամբ: Հիմնավորումն այսպիսին է. «Լինելով «հեղինակություն»՝ նա իր սեփական կանոններն է մտցրել գումարտակում, որն արտահայտվել է նրանով, որ ինքն է տնօրինել զինծառայողների ստացվող ծանրոցներն ու սննդամթերքը, ինքն է որոշել, թե ում որքան պիտի տրվի իր ստացած սննդից: Ստիպել է, որ արձակուրդից վերադարձած զինծառայողներն իրեն գումար տան: Այդ ամենը չկատարելու համար վիրավորել, ստորացրել եւ ծեծել է նրանց»: Քերոբ Մուրադյանի հարազատների գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանի այս որոշումը ուշացած է. «Եթե սկզբում Սեւոյին՝ քննությունն այլ ընթացք կունենար եւ պարզ կդառնար, թե ով է իրական հանցագործը», համոզված են նրանք: Ինչ վերաբերում է դատապարտված Սամվել Բաղդասարյանին՝ «մենք երբեք միանշանակ չենք ասել եւ հիմա էլ չենք կարող ասել, որ Սամվելն է սպանել մեր տղային, բայց եթե վերցրել է իր վրա…»: Մուրադյանների ընտանիքը համոզված է, որ դիրքում գտնվող բոլոր զինվորներն էլ «լավ գիտեն», թե ինչ է տեղի ունեցել եւ ով է սպանել Քերոբին, բայց «չեն խոսում»: Իսկ զինդատախազության համոզմունքը բոլորովին այլ է, որ Քերոբ Մուրադյանի սպանությունը բացահայտված է եւ վերջ: Թե ինչ կփոխվի վճռաբեկ դատարանի այս որոշումից հետո, առայժմ, պարզ չէ: Իրականությունն այն է, որ Սամվել Բաղդասարյանը պետք է ուժեղացված ռեժիմի գաղութում անցկացնի այնքան ժամանակ, մինչեւ հայտնաբերվի «Սեւոն» եւ սպանության հետ կապված նոր հանգամանքներ հայտնի դառնան: Առաջին անգամն է, որ դատական բարձրագույն ատյանն այսպիսի որոշում է ընդունում եւ արձանագրում, որ բանակում գոյություն ունեն «ավտարիտետ» հասկացություն եւ դրանից հետեւող ոչ կանոնադրային փոխհարաբերություններ: Սա մասնավոր դեպք կարող է թվալ, սակայն, որ այս երեւույթը բանակում համատարած բնույթ է կրում՝ դա արդեն փաստ է: Ցավոք, բանակում գերակայողը չգրված օրենքներն են եւ ոչ թե հայտարարագրված կանոնադրությունները, որոնք ի ցույց են դրվում դատարաններում: Վիճակագրական տվյալները հաստատում են, որ բանակում խաղաղ պայմաններում հանցագործությունների մեծ մասը կատարվում է հենակետերում: Այստեղ սպայակազմի հովանավորությունը վայելող «ավտարիտետներն» են տեր ու տիրական: Նրանց թելադրած օրենքներն են գործում: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» www.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել