Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱԽԸ ՇԱՏ ՀԻՆ Է. ԱՅՆ ԳԱԼԻՍ Է 37 ԹՎԻՑ

Մայիս 04,2002 00:00

ՎԱԽԸ ՇԱՏ ՀԻՆ Է. ԱՅՆ ԳԱԼԻՍ Է 37 ԹՎԻՑ Հարցազրույց ՊԱԿ-ի սպայի հետ -Ի՞նչն է փոխվել ՊԱԿ-ի կառուցվածքում անկախության տարիների ընթացքում։ Պահպանվե՞լ են արդյոք գաղտնի գործակալները։ Ինչպե՞ս եք դուք ընդունում այն փաստը, որ 70 տարի ՊԱԿ-ը այլախոհությունը հետապնդող եւ վերացնող ուժային կառույց էր։ – ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ ԱԱՆ դարձած նախկին ՊԱԿ-ի խնդիրների եւ կառույցների մեջ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակը՝ ուռճացվել է աշխատանքի բնույթն ու գաղտնիությունը, աննպատակ աճել են հաստիքացուցակները։ ԱԱ նախարարության կատարած աշխատանքը հիմնականում կարելի է ասել չի համապատասխանում անկախություն ձեռք բերած հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությանն ու նկարագրին։ Ներկայումս գործող հիմնական գործակալական ցանցը նույնպես մեծացել է գործ տվողների եւ բանշինծուների ճղճիմ մակարդակի վրա։ ՀՀ-ում, ինչպես առհասարակ բոլոր գերատեսչությունների եւ ղեկավար օղակների, այնպես էլ մեր համակարգի աշխատանքը չի լուսաբանվում, ոչինչ չի գրվում մեր համակարգի մասին։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր հրատարակվել է ընդամենը մի հատված արխիվներից՝ գնդակահարված եւ աքսորված հոգեւորականների մասին։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, ղեկավարությունը չի բացահայտում արխիվները, իսկ գաղտնիքն, ինչպես հայտնի է, վախ է ծնում։ Մեր համակարգի հանդեպ վախը հին է. այն գալիս է 37 թվականից եւ իր հիմքում, իրական փաստերից բացի, ունի նաեւ շատ տարածված առասպելներ։ Այդտեղ իրենց մասն ունեն նաեւ ազգաբնակչության անգրագիտությունն ու օրենքներին անտեղյակ լինելը։ Անցյալ 70 տարիների մասին դեռ որոշ բաներ հայտնի են, այն էլ՝ շնորհիվ ռուսական տեղեկատվական միջոցների, իսկ վերջին տարիներին կատարվածը պատված է անհայտության վարագույրով։ – Վերջին տարիներին ձեր աշխատակազմը ի՞նչ փոփոխություններ է կրել՝ սոցիալական, ազգային, մասնագիտական առումով։ Եվ մեկ մասնավոր հարց. ինչո՞վ եք բացատրում բանասերների մեծ թվով առկայությունը ձեզ մոտ։ – Վերջին տարիներին համակարգում կադրային քաղաքականությունը բոլորովին չի փոխվել, ավելին՝ մեծացել է խնամի-ծանոթ-բարեկամների, պապաների-հոպար- քեռիների ու կրիշաների միջոցով աշխատանքի տեղավորվողների թիվը։ Այդ նորելուկ չեկիստների գերակշիռ մասը չի բավարարում պահանջվող ընդհանուր զարգացածության նվազագույն պահանջները, իսկ համակարգում բանասերների թվի հետզհետե ավելանալը պայմանավորված է նշված պահանջներից մի քանի աստիճան վեր գտնվելու հանգամանքով։ Մեր գործում պրոֆեսիոնալիզմի հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գծով բարձրագույն ուսումնական հաստատություն կամ չեղածը լրացնել նախկին ԽՍՀՄ-ի՝ Հայաստանի հանդեպ համեմատաբար բարեհաճ գտնվող հանրապետությունների նմանատիպ հաստատությունների հետ համագործակցելով։ Ներկայիս աշխատակազմի շրջանում անհրաժեշտ է խթանել եւ ողջունել ինքնակատարելագործումը։ Այստեղ հարկ է հիշել այսօրվա բուհական եւ, առհասարակ, կրթական համակարգի՝ զավեշտի հասնող անկատարությունն ու անզորությունը։ Ցանկալի կլիներ ստուգումներից բացի (անձնական կյանք, քրեական անցյալ, կասկածելի կապեր), աշխատանքի ընդունվելուց առաջ ապագա չեկիստներն անցնեին թեստ՝ ընդհանուր ինտելեկտուալ պատրաստվածությունից, որն իր մեջ ներառեր հարցեր, առաջադրանքներ եւ վերլուծություններ հոգեբանությունից, տրամաբանությունից, պատմությունից (հայժող, համաշխարհային եւ, ցանկալի է, ռուսական)։ Նախընտրելի կլիներ, եթե թեստն իր մեջ ներառեր շփման եզրեր գրականության, մշակութաբանության, կրոնի, քաղաքագիտության, աշխարհագրության հետ, եւ այդ ամենը փորձեր դիտարկել ազգաշահության դիրքերից։ Այդ է պահանջում մեր աշխատանքի բնույթը։ – Որեւէ բան արվո՞ւմ է ձեզ մոտ, որպեսզի փոխվի հասարակության բացասական վերաբերմունքն առ ձեզ, թե՞ դրանով պետք չէ զբաղվել։ Դուք ունե՞ք հասարակայնության հետ կապերի բաժին եւ եթե այո, ինչո՞վ է այն զբաղվում։ – Համակարգի հանդեպ բնակչության վերաբերմունքը կարող է փոխվել դեպի լավը միայն այն դեպքում, եթե ինքը՝ համակարգը սկսի զբաղվել այն հիմնականով, ինչով կոչված է զբաղվելու եւ փորձի դեմն առնել այն ամենի, ինչ այժմ տեղի է ունենում ՀՀ-ում՝ ամենաթողություն, խմբիշխանություն, անօրինություն, որոնք էլ հանգեցնում են անպատժելիության եւ եթե համակարգի ստորին օղակների վերիններին տրված ինֆորմացիան, որոշ օրինազանց եւ պաշտպանված չինովնիկների վերաբերյալ, իրացվի ըստ պատշաճի։ Մեր համակարգում կա հասարակայնության հետ կապի բաժին, որը զբաղվում է հանրությանը համակարգի որոշ թույլատրելի, ղեկավարությանը «ձեռք տվող» գործերին ծանոթացնելով եւ վարկը բարձրացնելով։ – Քանի որ մեր երկրի արդյունաբերությունը զարգացած չէ, կարելի՞ է ենթադրել, որ մեզ մոտ արդյունաբերական լրտեսություն չկա, դա այդպե՞ս է։ – Իրականում, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, մեր հանրապետությունը եղել եւ մնում է արդյունաբերական տեսակետից թերզարգացած, ինչից հետեւում է, որ մեզ մոտ հնարավոր չէ տնտեսաարդյունաբերական լրտեսություն, չնայած այն բանին, որ մեր համակարգում արժեր ունենալ նման հարցեր վերահսկող բաժին, որի աշխատանքը, ի դեպ, կախված է մեծ գումարների հետ՝ ապահովելու գործակալների արդյունավետ գործունեությունը։ – Ինչպե՞ս եք դուք վերաբերում Չեչնիայում հակաահաբեկչական գործողություններին։ Ձեզ չի՞ թվում, որ դա ոչ թե բանակի, այլ ներքին զորքերի գործն է, հատուկ ձեւով վարժեցրած խմբերի, այնպիսի խմբերի, ինչպիսին է «Ալֆա» միավորումը ՌԴ-ում։ Հիշո՞ւմ եք, հոկտեմբերի 27-ից հետո ոմանք առաջարկում էին իրենց այստեղ հրավիրել… – Անձամբ ես բացասաբար եմ վերաբերում, քանզի այնտեղ մարդիկ են զոհվում։ Դա բանակի խնդիրը չէ, քանզի եթե ռուսները Չեչնիան դիտում են ՌԴ անբաժանելի մաս, ուրեմն հարցը պետք է լուծել ՆԳՆ-ի ուժերով։ Ինչպես հայտնի է, արգելված պտուղը միշտ էլ քաղցր է, ուստի Ռուսաստանը պետք է մեծացներ Չեչնիայի ինքնավարությունը։ Եթե չլիներ ռուսական որոշ բարձրաստիճան գործիչների՝ զենք վաճառելու եւ շահույթ ստանալու մոլուցքը, ամեն ինչ կլուծվեր փոխադարձ համաձայնությամբ, քանզի հասարակ ժողովրդին այս հակամարտությունը բնավ էլ պետք չէ։ Դա թշնամու հանդեպ ժողովրդի ատելությունը բորբոքելու միջոց է։ Նման բաներ տեղի են ունեցել նաեւ Մեծ հայրենականի ժամանակ, երբ խորհրդային զինվորներին հագցրել են գերմանական բանակի համազգեստ եւ ստիպել հարձակվել գյուղերի վրա։ Այնուհետեւ «օգնության» են հասել խորհրդային զորքերը, ջարդել «ֆաշիստներին» եւ «ազատել» խաղաղ բնակիչներին։ Ինչ վերաբերում է «Ալֆա» խմբին, իրոք՝ հոկտեմբերի 27-ի իրադարձությունների կապակցությամբ ղեկավարությունը հրավիրել էր այդ խմբին եւ խմբի գործողությունները պետք է կայանային ահաբեկիչներին վերացնելու մեջ, որով պետք է ստեղծվեր այն տպավորությունը, որ այդ դեպքերը, իբր, ձեռնտու էին Ռուսաստանին, սակայն նպատակը ճշտելուց հետո ռուսներն իրենք ձեռնպահ մնացին նման գործողություններից, իսկ ինչ վերաբերում է մեր համակարգի բացթողումներին, միանշանակ դա այդպես է։ – Հիմա Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։ – Այժմ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, քանզի ըստ էության մեզ մոտ ընդդիմադիր ուժեր՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն։ Եթե կան էլ, գործում են իշխանությունների հետ փոխհամաձայնեցված, իսկ 27-ի դեպքերն իրագործողները քրեական հանցագործներ են եւ պետք է դատվեն ըստ ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն ունեցող ահաբեկչության մասին հոդվածի։ – «Կուրսկ» սուզանավի վթարի ո՞ր վարկածն է ամենաիրականը։ – Ես ավելի քան համոզված եմ, որ դա ԱՄՆ-ի ձեռքի գործն է։ Այդտեղ պարզորոշ գծագրվում է ԱՄՆ-ի ձեռագիրը։ Նույն ձեռագիրն էր գծագրվում նաեւ սեպտեմբերի 11-ի դեպքերի ժամանակ։ ԱՄՆ-ն, ելնելով իր ընտրած քաղաքական ուղու շահերից, կարող էր կորստյան մատնելով մի քանի հազար մարդու կյանք, հասնել իր ուզածին։ Նույնն էլ կամ համարյա նույնը տեղի ունեցավ «Կուրսկի» դեպքում։ Չի բացառվում նաեւ գործին Ռուսաստանի տեղյակությունը (Կլեբանովի պաշտոնից ազատումը, մարտագլխիկների՝ նավի վրա չլինելը)։ – Բոլորիս համար տհաճ անակնկալ էր հայ լրտեսի ձերբակալումը, այն էլ՝ Թուրքիայի օգտին։ Հնարավո՞ր է, որ դա ուղղակի սարքովի գործ է կամ թյուրիմացություն, կամ մի ուրիշ բան։ – Հարգելով ՀՀ գործող Սահմանադր ությունը (ավելի լավը չունենալու պատճառով), ասեմ, որ ես ոչինչ չեմ կարող մտածել այդ մարդու մասին, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ (անմեղության կանխավարկած)։ Լինելով նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի թարգմանիչ՝ նա չէր կարող հույժ կարեւոր տեղեկություններ հաղորդել, քանզի նրա ունեցած տեղեկություններն արդեն հնացել էին եւ, հավանաբար, կորցրել պետական կարեւորությունը, մինչդեռ նրան վերջերս էին բացահայտել։ Եվ հետո, թարգմանիչներն առհասարակ տեղյակ չեն լինում հույժ կարեւոր գաղտնիքներին, դա դիվանագետների հոգսն է։ Եթե նույնիսկ այդ անձը ինչ-որ բան է հաղորդել, ապա, համոզված եմ, նա այդ արել է տնտեսական անելանելի վիճակից դրդված։ – Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի բա նակի՝ Աֆղանստանում հաջողության հասնելու շանսերը։ – Գնալով ԱՄՆ-ի շանսերը փոքրանալու են, քանզի աֆղաններն ազատատենչ են։ Ցավն այն է, որ հարցը ոչ այնքան հանգում է ինքնիշխանության, որքան ջիհադի։ Նույն ԱՄՆ-ն է փորփրել այդ մեղվաբույնը, նա գրգռում է մուսուլմաններին եւ նրանց զայրույթը կթափվի ողջ քրիստոնյա աշխարհի վրա։ – Ի՞նչ է սպասում Արաֆաթին եւ նրա ռեժիմին։ – Արաֆաթին գուցեեւ փոխեն, իսկ ռազմական գործողությունները շարունակվելու են մինչեւ Պաղեստինի անկախացումը։ ԱՄՆ-ն գիտակցաբար ուռճացնում է իրադրությունը, որպեսզի հետո խցկվի առճակատման մեջ, օգնի տուժած կողմին (արդեն միեւնույն է, թե որ) ու մեկ անգամ եւս հաստատի բարի քեռու համբավը։ Ըստ իս, այս ամենը ծրագրել եւ իրականացնում են մուսուլմանները։ – Ի՞նչն է ավելի կարեւոր Թուրքիայի համար. Եվրամիությանը միանա՞լը, թե՞ հայկական հարցում անհանդուրժողական լինելը։ – Հայկական հարցը Եվրախորհրդում չի ընդունվի այնպես, ինչպես դրված է (ցեղասպանություն, կոնտրիբուցիա, տարածքների վերադարձում)։ Թուրքիան, իհարկե, կգնա ինչ-ինչ զիջումների զուտ Եվրախորհուրդ մտնելու համար, իսկ Եվրախորհուրդ նա անպայման կմտնի, քանզի դա Թուրքիայի գլխավոր նպատակն է։ Հարցի որոշ կետեր կընդունվեն, ուղղակի հասարակության եւ հարցի ջատագովների աչքին թոզ փչելու համար։ – Ինչպե՞ս եք գնահատում Միլոշեւիչի հնարավորությունները։ – Եթե գլուխ բարձրացնի սուրբ պատերազմը, շատ հավանական է, որ Միլոշեւիչը շահի դատը, քանզի քրիստոնյա աշխարհը խելքի կգա, գուցե նույնիսկ օգնության համար դիմի Միլոշեւիչին, հակառակ դեպքում՝ նրան եւ նրա զինակիցներին կդատեն որպես քավության նոխազ։ Հարցազրույցը՝ Ն. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել