Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգարվեստը համրացել է»

Մայիս 04,2002 00:00

«Երգարվեստը համրացել է» Երգչուհի Նազիկ Աղաջանյանը թեեւ չաշխատեց մայրաքաղաքում, բայց երգեց պատմություն դարձած Միության հանրապետություններում, հատեց երկաթե ճամբարի սահմանը եւ բարձրարվեստ կատարումով գրավեց գերմանացի ու ֆրանսիացի երաժշտագետներին։ -Երգչուհի Նազիկ Աղաջանյանը 33 տարի բեմում է։ – Լավ թվով սկսեցիք զրույցը՝ Քրիստոսի տարիքն է։ 33 տարի, կարծեք թե շատ է, բայց դեռ ինչքան բան կա անելու… – Խոսենք ձեռքբերումներից, որ ունեցել եք ստեղծագործական եւ անձնական կյանքում։ – 2 զավակ ունեմ։ Նրանք շատերի պես արդեն քանի տարի է հեռու են ապրում հայրենիքից։ Խոստովանեմ, որ իմ անձնական «հաջողությունները» զուտ թվացյալ են ու դառը, ինչին հավանաբար նպաստեց իմ ամուսնությունը՝ չափազանց երիտասարդ տարիքում։ Ես՝ անմայր որբս, հավանաբար անհանգստացնում էի նոր ընտանիք կազմած հորս։ Տեսնելով, որ ինձ ստիպողաբար ամուսնացնում է, փախա ու թաքնվեցի նկուղում։ Գիշերվա մթին սպիտակ ներքնաշորերով ինձ փնտրող ու հայհոյող հայրս նման էր ճիշտ ու ճիշտ կատաղած հնդիկ ռաջայի։ Վախենալով մութ նկուղում, քիչ անց սկսեցի երգել, հետո մտածեցի, թե հեռացած կլինեն ձեռքս խնդրողները, երգեցի ավելի բարձր ու հստակ։ Շերամի «Սիրուններ միք նեղենա»-ն արձագանքեց ողջ փողոցով, իսկ հայրս ինձ հայտնաբերեց ու մազերիցս բռնած քարշ տվեց ապագա ամուսնուս մոտ… – Ամուսնական կյանքը, այնուամենայնիվ, չխոչընդոտե՞ց երգին։ – Դժվար է ասել։ Տարիներ առաջ, երբ իմ կատարումը լսեցին հանրապետական երաժշտական ընկերության ղեկավարները, անմիջապես առաջարկեցին տեղափոխվել Երեւան եւ աշխատանքի անցնել իմ նախընտրած կոլեկտիվում։ Շատերը «անհանգստացան», թե ոնց պիտի ես ապրեի մայրաքաղաքում, սակայն զուր էր բոլորի «անհանգստությունը», քանզի իմ ամենամեծ խոչընդոտը կողակիցս էր։ Հրավերը, այնուամենայնիվ, իզուր չանցավ, մի օր իմացա, որ ինձ համար «ցավողներից» մեկն էր մեկնել։ – Ապրեցի՞ք չհասած ցանկության ճնշող դառնությունը։ – Երբեք, ես աշխատում էի թեեւ փոքր, բայց ստեղծագործական բեղուն կյանքով ապրող սիրելի կոլեկտիվում՝ սիրված ե՛ւ կոլեգաների, ե՛ւ, ամենակարեւորը՝ հանդիսատեսի կողմից։ Հանրապետական եւ համամիութենական այնպիսի փառատոն չկար, որ չմասնակցեր Ալավերդու «Լազուր» ժողգործիքների անսամբլը։ Նույնիսկ 2 անգամ Մոսկվայի եւ մեկական անգամ Ուզբեկստանի եւ Լիտվայի կենտրոնական հեռուստատեսությունները ցուցադրեցին մեր համերգային ելույթը, իսկ Հայաստանի հեռուստատեսությամբ պարբերաբար հաղորդվում էին մեր նոր կատարումները։ – «Լազուր» համույթի կազմը նո՞ւյնն է մնացել տարիների ընթացքում։ – Շատերն են եկել ու գնացել, բայց նվիրյալները չհեռացան։ Համույթը սիրով ղեկավարում է բազմազավակ երաժշտագետ Լազր Խեչիկյանը, իսկ գործիքային մասի պատասխանատվությունը տաղանդավոր դուդուկահար Ժորա Ղարիբյանին է վստահված։ – Նորահայտ երգիչներից շատերն են շրջում արտասահմանում, կարելի՞ է հուսալ, որ նրանք կփոխարինեն իրենց նախորդներին։ – Նոր երգիչների թերություններն այնքան շատ են, պատկերացրեք, շատերը նույնիսկ ձայն չունեն եւ երգում են։ Իսկ նրանց բեմական կուլտուրայի մասին խոսել՝ ավելորդ է։ Թեեւ դա զարմանալի չէ, այդպես էլ պիտի լիներ, քանզի առաջներում երգիչը քննվում էր երաժշտագետների, կոմպոզիտորների, խմբավարների կողմից եւ նրանց խիստ գնահատականից էր որոշվում՝ թույլատրե՞լ նորահայտ երգչին բեմ բարձրանալ, թե՝ ոչ, իսկ հիմա ով ոնց ուզում, ինչպես իրեն հարմար է՝ Սայաթ-Նովա, Շերամ, Աշոտ… է երգում՝ չեղավ։ Բայց կգա ժամանակ, որ հանդիսատեսը իր պահանջով կստիպի ելույթ ունենալ միայն բարձրարվեստ կատարողների, եւ խաժամուժը ստիպված կզիջի տեղը շնորհալիներին։ – Թեեւ շատ է խոսվում ժողովրդական երգարվեստով զբաղվողների մասին, բայց վերջին տասնամյակում արվեստի այդ ճյուղը կարծեք թե չհամալրվեց նոր ստեղծագործություններով։ – Մեր ժամանակներում երգարվեստը ընդհանրապես լռեց՝ համրացավ։ Դա կապել արտագաղթի հետ, համոզիչ չի լինի, ի՞նչ է, միայն շնորհալինե՞րը գնացին։ Անգամ եթե այդպես լիներ, հանուն իրենց նոր ստեղծագործությունների, նրանք ժամանակ առ ժամանակ կգային հայրենիք ու կներկայացնեին իրենց նոր գործերը՝ արվեստի որ ճյուղին էլ դրանք պատկանելիս լինեին։ Չէ, ուղղակի բնությունն է հանգիստ առնում, անարժան է գտնում իր շնորհները ներկայիս մարդկանց։ Խոսքս միայն հայերի մասին չէ։ Բայց երբ զարթնեց հանգստից, այն ժամանակ կտեսնեք, թե ինչեր կանի ամենակարող ու ամենամեծ Բնությունը… ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել