Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ «ՎԱՀԱԳՆԻ» ԴԱՏԱՎՈ՞Ր

Մայիս 04,2002 00:00

ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ «ՎԱՀԱԳՆԻ» ԴԱՏԱՎՈ՞Ր «Վահագն» համահայկական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքների մասին լրագրողներին տեղեկացնելու համար հավաքված մրցութային հանձնաժողովների նախագահները կարծես այնքան էլ տրամադրված չէին խոսելու. չգիտեին ինչից սկսել, ինչ ասել եւ ինչու, երբ «ամեն ինչ գրված էր» ու բաժանված լրագրողներին։ Բայց քանի որ եկել էին, ստիպված պիտի ինչ-որ բան խոսեին։ Շատ կցկտուր պատմեցին, որ արդեն ընտրվել է 3-ական աշխատանք՝ յուրաքանչյուր նոմինացիայից (բացառությամբ՝ կերպարվեստի) եւ ներկայացվել Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամ։ Թատերական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը խոստովանեց, որ դժվարությամբ են կողմնորոշվել լավագույնների ընտրության հարցում, իսկ ինչ-ինչ պատճառներով մրցույթին չմասնակցողների ու, ընդհանրապես, դժգոհողների մասին ասաց. «Հարկավոր էր ուշադիր լինել, հո առանձին-առանձին բոլորին չէի՞ն ասելու, որ էսպիսի մրցանակաբաշխություն կա»։ Իսկ թատրոնի «Վահագն» մրցանակի թեկնածու լավագույն թատերական ներկայացումները, պարզվեց, հետեւյալներն են. Վ. Սարոյան՝ «Մի գավաթ բարություն» («Համազգային» թատրոն), Վ. Պետրոսյան՝ «Հազար ու մի ելք», Լ. Շանթ՝ «Հին աստվածներ» (Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն)։ Ըստ հանձնաժողովի, կնոջ դերի լավագույն կատարմամբ հանդես են եկել Վ. Վարդերեսյանը, Ժ. Գալստյանը, Գ. Մեջլումյանը, իսկ տղամարդու դերի լավագույն դերակատարման համար առանձնացվել են Խ. Աբրահամյանը, Մ. Պողոսյանը եւ Հ. Թոխատյանը։ Սոս Սարգսյանը նկատեց, որ թեեւ մրցանակը դերի անունով է տրվելու, սակայն հանձնաժողովը հաշվի է առել դերասանների տասը տարիների աշխատանքի արգասաբերությունը։ Գրական ստեղծագործությունները գնահատող հանձնաժողովի նախագահ Լեւոն Անանյանի փոխարեն եկած Ազատ Եղիազարյանը զարմացած էր, որ որոշ ստեղծագործողներ դժգոհել են անցկացվող մրցույթի ոչ օբյեկտիվությունից կամ եղել են դեպքեր, երբ մարդիկ չեն ընդգրկվել մրցույթում։ «Յուրաքանչյուր գրողի թվում է, թե ինքն ամենալավն է»,- նեղացավ նա, հետո էլ ափսոսաց (պատճառներին էլ, իհարկե, «տեղյակ չէր»), որ Հենրիկ Էդոյանը եւ Արմեն Շեկոյանը չեն մասնակցել հիշյալ մրցույթին։ Ըստ Ա. Եղիազարյանի, հանձնաժողովը հաշվի է առել հատկապես ընտրված ստեղծագործությունների գեղարվեստական մակարդակը, չի եղել տարիքային ցենզ, մասնակցել են բոլորը, առավել ակտիվ՝ 50-60 տարեկանները։ Նա նաեւ հատուկ շեշտեց, որ գրական ստեղծագործությունները գնահատելիս իրենց հանձնաժողովը հեռու է մնացել «քաղաքական ու գաղափարական բաներից»։ Ըստ հանձնաժողովի, լավագույն գրական ստեղծագործություններ են գնահատվել Հովհ. Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից», Ա. Աբազյանի «Կանաչ-կարմիր որոտներ» եւ Ն. Ադալյանի «Կինը եւ տղամարդը» գործերը։ Ֆիլմերը գնահատող հանձնաժողովի նախագահ Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել է 15 խաղարկային, 8 վավերագրական, 7 մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Հանձնաժողովը առաջադրվածներից լավագույնն է համարել 3 ֆիլմ՝ խաղարկային ժանրում (Ա. Աղաբալով՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», Հ. Խաչատրյան՝ «Վերադարձ ավետյաց երկիր», Վ. Չալդրանյան՝ «Լռության սիմֆոնիա»), 3-ը՝ վավերագրական ժանրում (Ա. Փելեշյան՝ «Կյանք» եւ «Վերջ» դիլոգիա, Կ. Գեւորգյան՝ «Ճամփաբաժան», Վ. Պետրոսյան՝ «Անվերջ ձգվող դասամիջոց») եւ 1-ը՝ մուլտիպլիկացիոն ժանրում՝ Ռոբերտ Սահակյանցի «Կացինը»։ Լրագրողական աշխատանքները գնահատող հանձնաժողովի նախագահ Մուշեղ Հովսեփյանը տեղեկացրեց, որ «Լրագրողական լավագույն հետաքննության համար» նոմինացիային արժանացել են «Իրավունք» շաբաթաթերթի «Հետաքննություն եւ մանրամասներ» հավելվածի ստեղծագործական խումբը, Հ. Մանսուրյանը՝ «Ինտերնյուս» կազմակերպությունից եւ Խ. Դադայանը («Ազգ» օրաթերթ)։ Մ. Հովսեփյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց նոմինացիայի գծով ներկայացել էին 32 լրագրող։ Ներկայացված է եղել 180 հետաքննական նյութ. 160-ը՝ թերթի, 18-ը՝ տեսաերիզ, իսկ 2-ը՝ ձայներիզ։ Ներկայացվել են հիմնականում մայրաքաղաքային թերթեր եւ ռադիոհեռուստաընկերություններ։ Մարզերից ներկայացել է միայն վանաձորցի Ա. Համբարյանը՝ իր հրապարակախոսական նյութերի շարքով։ Մ. Հովսեփյանը փաստեց, որ ավագ սերնդի լրագրողների ներկայացրած նյութերը չեն համապատասխանել հանձնաժողովի հետաքննական-լրագրողական չափանիշներին։ Նրա սպասածին հակառակ, պասիվ են եղել հեռուստալրագրողները, ավելին, «Արմենիան», «Պրոմեթեւսը» եւ Հանրային հեռուստատեսությունը չեն էլ մասնակցել մրցույթին։ Ի դեպ, ըստ նրա, հանձնաժողովը որոշել է խրախուսել իր ընտրած եռյակում չգտնվող երկու լրագրողների՝ Արթուր Սահակյանին («Իրավունք» շաբաթաթերթ) եւ «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանին՝ հայտնի դղյակների շարքի համար։ Այս լրագրողների՝ լավագույնների եռյակում չհայտնվելը Մ. Հովսեփյանը զարմանալիորեն պատճառաբանեց նրանց ներկայացրած հետաքննական նյութերի շարունակական լինելով, հետո էլ աչքալուսանք տվեց, թե հաջորդ անգամ դրանք անպայման կներկայացվեն մրցույթում։ Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու են հիմնականում իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները հաղթող ճանաչվել, հանձնաժողովի նախագահ Մ. Հովսեփյանը պատասխանեց. «Ես հակառակը կհարցնեի, թե ինչու իշխանամետներից չկան։ Չէ՞ որ Հանրային հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն ոչինչ չեն ստացել»։ Ի դեպ, ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրին, որ Վահագն Հովնանյանը հատուկ Ֆադեյ Սարգսյանին «ընտրել է դատավոր»՝ «Սայաթ-Նովա» եւ «Վահագն» մրցանակաբաշխություններն ամփոփելու համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել