Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարս» ռեստորանի շուրջ

Մայիս 04,2002 00:00

«Կարս» ռեստորանի շուրջ Վստահության չարաշահում «1989թ. հայրս՝ Մերուժան Մելքոնյանը Երեւանում հիմնել է «Կարս» կոոպերատիվը։ 1995թ. այն վերագրանցվել է որպես անհատական ձեռնարկություն՝ Երեւան քաղաքի Թեւոսյան 2 հասցեում։ Այդ հասցեում, մեր ընտանիքի միջոցներով կառուցվել է ռեստորանի շենք։ Այնուհետեւ հայրս ձեռնարկել է լրացուցիչ շինարարական աշխատանքներ, ինչի համար 14.12.98թ. ռեստորանի հիմնական շենքը գրավ է դրել «Հայկապ» բանկում եւ ստացել 50000 ԱՄՆ դոլար վարկ։ Ի վերջո, տոկոսների եւ տույժերի հաշվակցմամբ, բանկին պարտք է մնացել 66260 ԱՄՆ դոլար»,- «Առավոտին» ուղղված նամակում գրում է Ժաննա Մելքոնյանը։ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահությամբ՝ Խ. Բաղդասարյանի) վճռի 2000թ. մայիսի 15-ի դռնբաց նիստում քննության է դրվում «Հայկապ» բանկ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Մերուժան Մելքոնյանի՝ «Կարս» անհատական ձեռնարկության 66.260 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին։ Դատարանը բռնագանձում է տարածում 598 քմ ընդհանուր մակերեսով ռեստորանի վրա։ Ավան եւ Նոր Նորք ԴԱՀԿ պետ Գ. Փանոսյանի կատարողական թերթի համաձայն էլ, հօգուտ բանկի պետք է բռնագանձվեր վերոնշյալ գումարը։ Մ. Մելքոնյանը, մինչեւ իր մահը, հասցնում է 10.000 դոլար գումար փոխանցել բանկին։ Նրա մահից հետո կատարողական վարույթը կասեցվում է, փոխարենը Մելքոնյանի աղջիկը՝ Ժաննա Մելքոնյանը (սեփականության ժառանգորդը), 2001թ. հոկտեմբերի 26-ին լիազորում է փաստաբան Կրոմվել Գրիգորյանին լինել իր ներկայացուցիչը ՀՀ դատական բոլոր ատյաններում, մասնակցել դատաքննություններին, հանդես գալ «Հայկապ» բանկում, Անշարժ գույքի կադաստրում, ԴԱՀԿ-ում, անգամ… կնքել հաշտության համաձայնագիր։ Լիազորագիրը վավերացվում է Մյասնիկյանի պետական նոտարական գրասենյակում՝ հոկտեմբերի 26-ին։ Փաստորեն, Մելքոնյանների ընտանիքի միակ եկամտի աղբյուրը ռեստորանն էր, որը չէր աշխատում, եւ նրանք ստիպված էին դիմել իրենց ընտանիքի բարեկամ Ահարոն Խաչատրյանին։ Նրա հետ էլ 11.05.2001թ. ստորագրվում է ռեստորանի վաճառքի նախնական պայմանագիր։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ըստ «Տիգրիս» ՍՊԸ-ի գնահատման, ռեստորանի շուկայական գինը կազմել է 350000 ԱՄՆ դոլար։ 11.05.2001թ. նախնական պայմանագրի կնքումից հետո «բարեկամը»՝ Ա. Խաչատրյանը, այս ընտանիքին է տալիս 40 հազար դրամ գումար եւ, ինչպես Ժ. Մելքոնյանն է հավելում. «Մեկ հատ էլ սեխ եւ մեկ հատ ձմերուկ»։ 350000 դոլարի դիմա՞ց՝ կհարցնեք։ Պարզվում է՝ այո։ Վիրավորանքը, ինչպես նաեւ՝ իրենց նկատմամբ կատարված վստահության չարաշահումը, առիթ էր, որ հանգուցյալի կինն ու աղջիկը դիմեն Ա. Խաչատրյանին։ Վերջինս ոչ միայն չի լսում իրենց, այլ, ինչպես Ժ. Մելքոնյանն է պատմում, դուրս է հրավիրում ռեստորանի տարածքից, հանձնարարելով պահակին. «Գալու դեպքում չթողնես ներս, կվռնդես»։ Ռեստորանն այսօր գործում է, իսկ հանգուցյալ Մ. Մելքոնյանի պարտքը բանկի նկատմամբ չի մարվում, եւ ընտանիքը հայտնվել է ծայրահեղ կարիքի մեջ։ Մենք, անշուշտ, կանդրադառնանք ռեստորանի շուրջ ստեղծված հետագա զարգացումներին։ Տեղեկացնենք, որ Մելքոնյանները դիմել են Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ խաբեությամբ ռեստորանին տիրացած Ա. Խաչատրյանին իրենց պատկանող տարածքից՝ ռեստորանից, վտարելու պահանջով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել