Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻԼԼԵՐԱՅԻՆ ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅԱՄԲ

Մայիս 04,2002 00:00

ՔԻԼԼԵՐԱՅԻՆ ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅԱՄԲ Գիշեր ու զօր անընդհատ շեշտվում է, որ ապրում ենք վատ ժամանակներ, անցումային շրջան։ Ինչպիսի կեղծ անվանումներ էլ որ տան ժամանակներին կամ մեղքը բարդեն ժամանակի վրա, աբսուրդ է, քանզի չկան վատ ժամանակներ, այլ կան վատ մարդիկ, որոնք իրենց գայլային նկրտումների համար երկարաձգում են մռայլ իրականությունը, եւ եթե կա օբյեկտիվորեն ինչ-որ անցումային շրջան, ապա այն անանցանելիորեն երկարաձգվում է հենց իրենց չարագուշակ ներկայությամբ։ Բանը հասնում է մասսաների, մարդկանց ընդդիմությանը, նույնիսկ հեղափոխական կատաղությանը, որն էլ շատ նենգորեն օգտագործվում է լեգիտիմության պակասախտի տենդով վարակված իշխանախավի կողմից՝ ճնշելու, վերացնելու իրական ընդդիմության քաղաքական երեւակները։ Մինչեւ ե՞րբ։ Մինչեւ պետականության վերացո՞ւմը Հայաստանում։ Այսօր կոռուպցիան, նրա քաղաքական հովանին կատարում են Հայաստանի N 1 թշնամու դերը՝ զարմանալի դերակատարությամբ. իրենք են կոռուպցիան եւ իրենք են «պայքարում» կոռուպցիայի դեմ։ Ընդ որում երկու դեպքում էլ շահավետ է։ Եվ նույնը քաղաքական դաշտում՝ իրենք են դիմությունը եւ քաղաքական շինծու ընդդիմությունը (թող ներող լինեն նրանք, ովքեր հեռու են այս ներկապնակից, կամ քաղաքական հավկուրության հետեւանքով տրոյական ձիու դերակատարություն են ստանձնել, բայց կարող են ժամանակին սթափվել եւ արժանավոր տեղ գրավել իրական պրոցեսներում)։ Ընդ որում, ինչքան շատ մարդկանց են ներքաշում կամ քաղաքականորեն փչացնում այդ շինծու ընդդիմության քաղաքական կուսակցություններում եւ հասարակական կազմակերպություններում, այնքանով նվազեցնում եւ նոսրացնում են իրական ընդդիմության քաղաքական կազմակերպվածության շարքերը։ Եվ այդ շինծու կազմակերպություններում առավելապես աշխատանք չունեցող, գործազուրկ, պատահական եկամուտներով ապրող մեր քաղաքացիների մի մասն է, որին հույսեր են ներշնչում, թե կառաջացնենք իշխանափոխություն կամ իշխանական ապարատում տեղափոխություններ, եւ բոլորդ կունենաք աշխատանք՝ նախարարից մինչեւ լակեյ, գեներալից մինչեւ թաղային, թե կնստեք բազմազան պաշտոնների աթոռներին եւ դուք գիտեք՝ ինչ եք անելու եւ արածի մի մասն էլ ձեր հարազատ կազմակերպության «ՏոքՈՍ»-ին կնվիրեք։ Հար եւ նման նրան՝ արդեն ինչ կա կամ ըստ ավետարանի՝ «նմանը զնմանին գտանե»։ Սեկտաներ՝ ֆյուրերի գլխավորությամբ։ Եվ արվում է ամեն ինչ՝ ինչ պատվիրվում է։ Քիլլերային սառնասրտությամբ։ Այս խնդրի իրականացմանն են նետված հսկայական գումարներ, որոնք, դուրս գալով ստվերից, ամենամեծ ծախսումների են հասնում ընտրությունների ժամանակ. հսկայածավալ կաշառքների՝ ընտրական հանձնաժողովները հավատարիմ մարդկանցով ձեւավորելու, ապաքաղաքականացված, աղքատության վերջին դուռը նետված մարդկանց ընտրակաշառքներ բաժանելու, ապակողմնորոշելու, ճանաչված մտավորականներին կեղծ «հոգածությամբ» իրենցով անելու, լռեցնելու, շոուներ, բանկետներ կազմակերպելու, մեծարելու անմեծարելին, ստեղծելու կերակրատաշտը փառաբանող նորանոր հեռուստաընկերություններ, թերթեր, կեղծ վարկանիշային եւ սոցիոլոգիական «հաղորդում-հետազոտություններ», ազգի բարոյական նկարագիրը խաթարող անիմաստ մեյմունախաղեր, զազրելի, հոգնեցնող գովազդներ, միաժամանակ փակելով ու վերացնելով օբյեկտիվ իրականությունը, անցյալը, ներկան ու ապագան, հասարակական ռեալ գործընթացները նկարագրող ԶԼՄ-ները, հաղորդումները, տեղեկատվությունը, որոնք լուսարձակի դեր կատարելով մեր կյանքի ստվերոտ կողմերի եւ ստվերների վրա՝ ստեղծում են պետականության հզորացմանն ու կայացմանն անհրաժեշտ առողջ հասարակական կարծիք, ցրում անհանդուրժողականության մթնոլորտը դրական զարգացումների նկատմամբ։ Բայց դրանք դեռ շատ փոքր գումարներ են գրպաններում նստող այն գումարներից, որոնք գերշահույթների ձեւով ստանում են ստվերային բոլոր գործառույթներից, սեփական ժողովրդին կիսասոված, ստրկական վիճակի մեջ պահելով։ ՀՀ իրական բյուջեն պակաս չպետք է լիներ 1,5 մլրդ դոլարից, միջին աշխատավարձը՝ 200 դոլարից, թոշակները՝ 100 դոլարից։ Չկատարվող, թալանվող բյուջեն 10%-ով է կատարում իր հասարակական դերը։ Հայաստան պետությունը 90%-ով թաղված է ստվերի մեջ։ Ի վերջո, հարց է առաջանում. վերջապես ինչի՞ հաշվին է մի կերպ դիմանում ժողովուրդը կամ այլեւս չի դիմանում ժողովուրդը. I. արտագաղթի, II. հարազատների դրսից ուղարկված գումարների, III. ունեզրկման, IV. բարոյականության կորստի, V. թերսնման, ցուրտ բնակարաններում ապրելու, VI. այդ պատճառով մահացության բարձր եւ ծնելիության ցածր մակարդակի, VII. ստրկավարձու աշխատանքի, VIII. սեփական աշխատանքի պտուղները ինքնարժեքից ցածր վաճառելու եւ քայքայման, IX. պատահական եկամուտների, թալանից մազապուրծ օգնությունների հաշվին։ Այո, չկան վատ ժամանակներ, այլ կան մարդիկ, որոնք իրենցով փչացնում են մի ողջ ժողովրդի ապրած ժամանակաշրջանը։ Նրանք հենց այնպես չեն առաջանում, նրանք այսօր տիրապետող հասարակական այն խավի պահանջի ծնունդ են, որոնց համար պետք է «տանիք»։ Տանիք՝ օժտված իշխանական գերհզորությամբ, որ հենց ինքն է կարգավորում իրեն անհրաժեշտ հանցագործությունների բոլոր հիմնական գործողությունները՝ ամեն ինչ ենթակեցնելով բուրգի կառուցվածքին, աստիճանաբար կլանելով իր մեջ մնացած բոլոր կլաններն իր գերհզոր կլանի մեջ, ստեղծելով ահարկու մի բռնապետություն, որտեղ ոչ մեկը երաշխիքներ չի ունենա անձնական անվտանգության, մարդավայել ապրելու, գոյատեւելու համար։ Այդ կալիգուլյան մինի կայսրությունում օդն այնքան հեղձուցիչ է լինելու, որ մարդիկ կուրանան իրենց ինքնությունը, հայրենիք ունենալու զգացողությունը կհավասարվի զրոյի, եւ նրանց ենթարկվածությունը կվարձատրվի այնքանով, որքանով որ սովամահ չլինեն։ Իսկ բարոյականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եվ Հայաստան երկրի մասին։ Այն կվերանա, կանհետանա փյունիկ թռչունի պես։ Իսկ մե՞նք։ Մենք՝ եւս։ ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել