Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՆԱՅԱՆ ՏԱԿԱՌ Է

Մայիս 04,2002 00:00

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՆԱՅԱՆ ՏԱԿԱՌ Է Կրթության եւ գիտության համակարգերին պետբյուջեից այս տարի հատկացվել է ընդամենը 29 մլրդ 455 մլն դրամ։ Մինչդեռ այդ համակարգերը տարբեր միջազգային կազմակերպություններից տարեկան միլիոնավոր դոլարներ են ստանում, որոնց ծախսման արդյունավետությունը նույնիսկ կրթական համակարգի պատասխանատուների համար է կասկածելի։ Գումարները ինքնանպատակ են ծախսվում ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Լեւոն Մկրտչյանի առաջին հանձնարարականներից մեկը եղել է այս առնչությամբ։ Նախարարը պահանջել է հաշվետվություն ներկայացնել համակարգին հատկացվող վարկերի, դրամաշնորհների, բարեգործական միջոցների մասին։ Հաշվետվությունը կազմել է ԿԳՆ-ի կրթական ծրագրերի կենտրոնը, սակայն, ինչպես նշվում է դրանում, չի հաջողվել ամբողջական տվյալներ հավաքել, ինչը եւս վկայում է, թե որքան բարձիթողի է այս հարցը։ ԿԳ նախարարի գնահատմամբ՝ նույնիսկ թռուցիկ հաշվետվությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տարբեր կազմակերպություններ իրականացնում են նույնանման ծրագրեր, իսկ ֆինանսական միջոցները հաճախ ինքնանպատակ են ծախսվում։ Այսինքն՝ այդ ծրագրերի համակարգման անհրաժեշտություն կա, ինչի մասին առաջին նախարարը չէ, որ ասում է, սակայն գործը առաջ չի գնում։ Մինչդեռ հարցին լուրջ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարելի է խուսափել մի անցանկալի երեւույթից եւս։ Ըստ Լեւոն Մկրտչյանի. «Հայաստանի համար նախատեսված գումարների մի զգալի մասը ծախսվում է դրսում՝ տարբեր խորհրդատվությունների, նախապատրաստական փուլերի վրա։ Ամենամոտավոր, դեռեւս ոչ ճշգրիտ հաշվարկներով, եթե մեկ տարվա ընթացքում Հայաստան է մտնում 10-11 մլն դոլար, ապա, այսպես ասած՝ առկա, կանխիկ ծախսվում է 3-4 մլն-ն միայն»։ Հաշվետվության համահեղինակ, կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ կրթական համակարգում ծրագրեր իրականացնող կազմակերպությունները պայմանականորեն կարելի է երեք խմբի բաժանել։ Այդ կազմակերպությունների մի մասը իր ծրագրերը պարտադիր համաձայնեցնում է ԿԳՆ-ի հետ, կնքվում են համապատասխան համաձայնագրեր եւ հաշվետվություն է ներկայացվում կատարված աշխատանքի մասին։ Մյուս մասը տեղյակ է պահում իր կողմից իրականացվող ծրագրերի մասին, սակայն իրականացման ընթացքի մասին որեւէ տեղեկություններ չի հաղորդում։ Իսկ մի խումբ էլ ոչ ԿԳՆ-ին է տեղեկացնում իր ծրագրերի մասին, ոչ էլ, առավել եւս, որեւէ հաշվետվություն է ներկայացնում։ ԿԳ նախարարին ներկայացված հաշվետվությանը կից եզրակացությունների եւ առաջարկությունների հավելվածում ասվում է, որ ներկայացված տեղեկությունները պարունակում են կրթական համակարգում իրականացվող ծրագրերի կեսը միայն։ Այդ ծրագրերն իրականացնող կազմակերպություններից տվյալներ պահանջելիս հաշվետվության հեղինակները արձանագրել են, որ ոչ բոլորն են պատրաստակամ եղել տվյալներ տրամադրել։ Ընդ որում՝ այդ կազմակերպություններին դիմելու անհրաժեշտություն է եղել, քանի որ ԿԳՆ-ի համապատասխան վարչությունները չեն տիրապետել տվյալների՝ այդ կազմակերպությունների եւ դրանց իրականացրած ծրագրերի զգալի մասի առնչությամբ։ ԿԳ նախարարին ներկայացված եզրակացության մեջ ասվում է. «Կրթության ոլորտում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնց գործունեությունը ԿԳՆ-ի որեւէ ստորաբաժանման կողմից ներկայացված չէ։ Օրինակ՝ SOROS, CRS, IREX, Project Harmony, OXFAM, UNDP, WFP, UNHCR եւ այլն։ Տվյալ կազմակերպությունների գործունեությունը նախարարության հետ համաձայնեցված չէ։ Հետեւաբար բացակայում է նաեւ ծրագրերի բովանդակային վերահսկողությունը եւ ոլորտում կրթական նույն ռազմավարությունը վարելու հնարավորությունը»։ Նշվում է նաեւ, որ որոշ ծրագրեր, մասնավորապես վերապատրաստման, կրկնում եւ նմանակում են իրար։ Ըստ հաշվետվության, հեղինակների «Բոլոր կրթական աստիճաններում իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են մանկավարժական եւ ղեկավար կադրերի վերապատրաստումներին։ Առ 01.12. 2001թ. տարբեր ծրագրերով հատկացված 1822646 դոլարից վերապատրաստումների վրա ծախսվել է մոտ 1234929 դոլար»։ Ըստ հաշվետվության՝ որոշ կազմակերպություններ հրատարակում են նաեւ ուսումնական ձեռնարկներ՝ դրանց ստեղծման անհրաժեշտությունը չհամաձայնեցնելով ԿԳ նախարարության հետ. «Հանդես են բերում ինքնուրույն նախաձեռնություն՝ սեփական նախասիրությամբ ստեղծվում են դասագրքեր, ընտրվում են հեղինակներ, որոշ դեպքերում էլ պարզապես կրկնօրինակվում են այլ երկրներում գոյություն ունեցող նմանատիպ փորձերը։ Նման իրավիճակները անհավասար պայմաններ են ստեղծում ոչ միայն հեղինակների, այլեւ պետական պարտադիր, սակայն մրցութային հիմունքներով տպագրված դասագրքերի համար»։ Շատ ասում են՝ քիչ տալիս Կազմակերպությունների, դրանց իրականացված ծրագրերի եւ ծախսված գումարների մասին տեղեկանքն ամբողջական չէ։ Տեղեկանքի հետգրությունում նշվում է, որ որոշ ծրագրերի արժեքները ճշգրտման կարիք ունեն։ Դպրոցական շենքերի կառուցման նպատակով Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը տրամադրել եւ ծախսել է 72857 ԱՄՆ դոլար։ Ծրագրի արժեքով նախատեսված ողջ գումարը հատկացրել են Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը, «Արմենի վիլաժ» ֆրանսիական ընկերությունը։ «Փրոջեքթ ընդ դիզայն» ՍՊԸ, «Կազա» շվեյցարական կազմակերպության ծրագրի արժեքը 215000 ԱՄՆ դոլար է, սակայն, ըստ տեղեկանքի հատկացվել է 5500 դոլար միայն։ Որոշ դեպքերում (ՀՕՄ-ի, «Կազա»-ի իրականացրած ծրագրերը) նշվում է միայն ծրագրերի արժեքը (համապատասխանաբար՝ 200 հազ. եւ 38200 ԱՄՆ դոլար), սակայն չկա տվյալներ այն մասին, թե որքա՞ն գումար է հատկացվել։ Հատուկ կրթության համակարգում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի իրականացրած ծրագրի համար նախատեսված 2550 դոլար եւ 653000 դրամից եւս ոչինչ հատկացված չէ։ Հաշվետվության հեղինակներից ճշտեցինք, որ այդ ծրագրերը հավանաբար դեռ ավարտված չեն, իսկ ֆինանսավորումը սովորաբար տրվում է ծրագրերի ավարտից հետո։ Սակայն սա միայն ենթադրություն է, քանի որ կազմակերպությունների տրամադրած տեղեկություններից հստակ չի երեւում, թե ինչու հատկացված գումարի մի մասը, կամ, ընդհանրապես, ոչ մի լումա դեռ տրված չէ։ Կաթոլիկ օգնության ծառայությունը (CRS) դպրոցների վերանորոգման, ծնողների ուժերով ներքին հարդարման աշխատանքների կազմակերպման եւ սննդի տրամադրման նպատակով հատկացրել է 740000 ԱՄՆ դոլար՝ թեեւ ծրագրի արժեքը 4065973 ԱՄՆ դոլար է։ Համանման մեկ այլ ծրագրի արժեքը 376480 ԱՄՆ դոլար է, իսկ հատկացվել է 332480-ը։ Ընդհանուր առմամբ՝ տեղեկանքում բերված բոլոր ծրագրերի ընդհանուր արժեքը 11149439 ԱՄՆ դոլար է, սակայն հատկացված գումարը 1822646 դոլար է։ Ու թեեւ նշվում է, որ այս թվերը մոտավոր են եւ վերջնականապես ճշտված չեն, որոշակի պատկերացում կարելի է կազմել, որ ծրագրի արժեքով նախատեսված գումարների մի մասն է միայն այստեղ՝ Հայաստանում ծախսվում։ Երեխաների աջակցության համայնքային ծառայություններ հիմնելու Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ծրագրի արժեքը նշվում է մոտ 573000 դոլար, սակայն այդ գումարները տնօրինում է Ստոկհոլմի համալսարանը եւ թե ինչքան, որտեղ է ծախսվել՝ հայտնի չէ։ Թեեւ Հայաստանում ծախսվող գումարների մասին տեղեկությունները եւս, ինչպես երեւում է, հստակ չեն եւ հաշվետվության հեղինակները եւս կարծում են, որ շատ ավելի մանրամասն ու խորացված ուսումնասիրություն է անհրաժեշտ համակարգի արտաբյուջետային ֆինանսավորման մասին քիչ թե շատ պատկերացում կազմելու համար։ Հատկապես տարատեսակ վերապատրաստման եւ խորհրդատվական ծրագրերում տեղում ծախսվող գումարի չափը շատ ավելի քիչ է։ Տեղեկանքից սակայն պարզ չէ, թե ծրագրով նախատեսված գումարի որ մասն է ծախսվում խորհրդատվությունների, արտերկրի փորձագետներին եւ մասնագետներին աշխատավարձ վճարելու համար։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մանկապարտեզների դաստիարակների, տնօրենների եւ ծնողների վերապատրաստման համար տրամադրել է 40458, իսկ World Vision-ը՝ նախադպրոցա-կրթական համակարգում հատուկ կարիքներով երեխաների ինտեգրացված ուսուցման կազմակերպման համար՝ 83427 ԱՄՆ դոլար։ Բաց հասարակության ինստիտուտի (SOROS) եւ «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի նախադպրոցական հիմնարկների դաստիարակների վերապատրաստման ծրագրի ֆինանսավորման մասին տեղեկություններ տեղեկանքում չկան։ Իսկ տարրական կրթության ոլորտում այդ նույն ծրագրի արժեքը 40000 դոլար է։ «Կյանքի հմտություններ» առարկան 1-7-րդ դաս. ներդնելու նպատակով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հատկացրել է 117224 դոլար, բայց ծրագրի արժեքը՝ 271379 ԱՄՆ դոլար է։ Հատուկ կրթության համակարգում «Առաքելություն Արեւելք» (Դանիա) կազմակերպության իրականացրած ծրագրի արժեքը 70000 դոլար է, որից հատկացվել է 50000 դոլար։ Մասնագիտական կրթության բնագավառում Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության (GTZ) իրականացված ծրագրի արժեքը նշված է 681618 դոլար, բայց հատկացվել է միայն 4625 դոլար։ Գիտական գրանտները գաղտնիք են Որեւէ տվյալ չկա բարձրագույն կրթության ոլորտում TEMPUS-ի եւ TACIS-ի իրականացրած ծրագրերի արժեքի եւ հատկացված գումարների մասին։ Ընդհանրապես բարձրագույն կրթության եւ գիտության համակարգերում տրվող դրամաշնորհների արժեքները հաճախ գաղտնիք են, որ հասու են միայն ծրագիրն իրականացնող գիտնականների խմբին եւ ֆինանսավորողին։ Վերջերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովում նկատեց, որ կառավարման ներկա պայմաններում (համակարգը կառավարվում է գրեթե խորհրդային տարիների մեթոդներով եւ մտածողությամբ) ԳԱԱ համակարգը նման է դանայան տակառի։ Այն տարեկան միլիոնավոր դոլարներ է ստանում տարատեսակ միջազգային դոնոր կազմակերպություններից, սակայն վատ ֆինանսավորումը այս համակարգի գլխավոր բողոքներից է։ Միայն Միջազգային գիտատեխնիկական կենտրոնից մեր գիտնականները ստացել են 14 մլն 131 հազար դոլար, որից ԳԱԱ-ն՝ 3 մլն 882 հազար։ Ոչ միայն գիտական, այլեւ կրթական ողջ համակարգն է այսօր նման դանայան տակառի, քանի որ այս համակարգում եւս այդ ծրագրերը համակարգված չեն, երբեմն համահունչ չեն կրթական պետական ծրագրերին, կրկնում են իրար եւ հաճախ ծախսված գումարը ամենեւին համարժեք չէ ծրագրի արդյունավետությանը։ Ուսուցիչների համար անցկացվող բազմաթիվ սեմինարները՝ հիմնականում մանկավարժության նոր մեթոդների մասին, հաճախ անարդյունավետ են, քանի որ չեն համընկնում պետության կողմից հաստատված կրթական ծրագրերի, ուսումնական պլանների եւ համակարգում տարվող կրթական քաղաքականության հետ։ Ծաղկաձորում անցկացվող նման սեմինարներից մեկի ժամանակ ուսուցիչներից եւ դպրոցների տնօրեններից հետաքրքրվեցինք՝ կնախընտրեի՞ն, որ այդ սեմինարների վրա ծախսվող գումարները խնայվեին եւ որպես աշխատավարձի հավելավճար բաժանվեին ուսուցիչներին։ Թերեւս տարօրինակ թվա, բայց պատասխանները հիմնականում բացասական էին. պարզվում է, մանկավարժության ժամանակակից մեթոդներին, մանկավարժության համաշխարհային նորույթներին ծանոթանալու շատ քիչ հնարավորություն ունեցող ուսուցիչները նույնքան պահանջ ունեն նման սեմինարների, որքան՝ բարձր աշխատավարձի։ Այնպես որ, այդ ծրագրերի օգտակարությունը չժխտելով՝ հարկավոր է դրանց համակարգման եւ արդյունավետության մեծացման ուղղությամբ մտածել։ Տեղեկագրին կից հավելվածում ներկայացվում են հաշվետվության հեղինակների առաջարկները. «1. Մշակել ԿԳՆ-ի հետ միջազգային, արտասահմանյան, այդ թվում նաեւ հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների աշխատանքների կանոնակարգ։ 2. Ուղղորդված նամակներ հղել կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, մարզպետարաններին, ուսումնական հաստատություններին՝ ՀՀ ԿԳՆ-ի հետ համաձայնեցնել իրականացվող ծրագրերը եւ ամրագրել համապատասխան փաստաթղթերով (օրինակ՝ հուշագրով, պայմանագրով եւ այլն)։ 3. Միջազգային, արտասահմանյան, այդ թվում նաեւ հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերը կենտրոնացնել ՀՀ ԿԳՆ մեկ ստորաբաժանումում։ 4. Բոլոր կազմակերպությունների համար հստակ սահմանել դասագրքերի, ուսումնական ձեռնարկների ստեղծման միակ ընդունելի ձեւ՝ մրցութային, իսկ տարբեր ծրագրերով հատկացվող գումարներն օգտագործել ոչ թե նախնական փուլում դասագրքերի ստեղծման, այլ մրցույթով հաստատված դասագրքերի հրատարակման համար։ Դոնոր կազմակերպությունները կարող են մասնակցել իրենց կողմից դասագրքի նկատմամբ դրվող պահանջների եւ գնահատման չափանիշների մշակմանը, գնահատման գործընթացին, ուսուցիչների վերապատրաստմանը»։ ԿԳՆ-ում այժմ մեխանիզմներ են մշակվում միջազգային ծրագրերի համակարգումը իրականացնելու համար եւ առայժմ դժվար է ասել, թե այս առաջարկներից որոնք կընդունվեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վերլուծությունն ամբողջությամբ՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» www.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել