Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք ընդդեմ եւ հանուն

Մայիս 04,2002 00:00

Կանայք ընդդեմ եւ հանուն «Հայաստանում կանայք պաշտպանված են Սահմանադրությամբ եւ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կանանց իրավունքների մասին կոնվենցիան»,- եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում նման եզրակացության է հանգել ամերիկուհի ֆեմինիստուի Լինդա Բերգը։ Տիկինն ամերիկյան ամենախոշոր ֆեմինիստական կազմակերպության՝ Կանանց ազգային կազմակերպության (ԿԱԿ) քաղաքական տնօրենն է։ Հայաստանում է գտնվում ԱՄՆ դեսպանատան հրավերով՝ հայ կանանց հիմնահարցերը լուսաբանելու առաքելությամբ։ Հայաստանում կանանց օրենսդրական պաշտպանվածության փաստը տիկնոջը բավականին զարմանք (դրական լիցքերով) էր հաղորդել. «Ամերիկյան կանայք պայքարում են դրա համար»։ Անգամ այդ փաստը հայ կանանց համար հուսադրող չէ, քանզի հանդիպումների ժամանակ հայ ֆեմինիստուհիներն ամերիկուհի համախոհին բողոք են ներկայացրել, որ հայ կանայք կառավարման մարմիններում թերներկայացված են։ Տիկին Բերգն էլ իր հերթին կիսեց ամերիկացի կանանց բողոքը, մասնավորապես ընդգծելով, որ Կոնգրեսի միայն 13%-ն է կին, ԱՄՆ պատմության ընթացքում Գերագույն դատարանն առաջին անգամ 2 կին դատավոր ունի եւ մինչ օրս ԱՄՆ-ն կին նախագահ կամ փոխնախագահ չի ունեցել։ Սակայն այն, որ նախագահ Բուշն իր կաբինետում 5 կին է ընդգրկել, որոնցից մեկն էլ սեւամորթ՝ ամերիկուհիներին մեծ հույսեր է ներշնչում։ Լինելով կազմակերպության քաղաքական տնօրեն, Լինդա Բերգը ամերիկուհի եւ այլազգի՝ իր օգնությունը խնդրող, կանանց քաղաքական ակտիվությունը բարձրացնելու խորհուրդներ է տալիս, անգամ ամերիկուհիների ընտրարշավն է կազմակերպում եւ ֆինանսավորում՝ ԿԱԿ-ի միջոցով։ Անցյալ տարի, օրինակ, կոնգրեսական ընտրությունների ժամանակ ԿԱԿ-ի պաշտպանած 150 կին թեկնածուներից 77-ն ընտրվել է։ Կազմակերպությունն աշխատում է նաեւ տեղական ու նահանգային մակարդակներում։ Այլ ազգի, այդ թվում նաեւ հայուհիներին, նման հեռանկար չի ժպտա, քանզի ամերիկյան ընտրական օրենքը թույլ չի տալիս երկրից դուրս ընտրությունների մասնակցել։ Ամերիկուհու տպավորությամբ, Հայաստանում կանանց շարժումը մի փոքր ետ է մնացել, սակայն գոյություն ունեցող խնդիրներն ընդհանուր են։ Ի վերջո, մեծ հաշվով, կանանց խանգարող հիմնական ուժը տղամարդիկ են։ Այս փաստն, ըստ Լինդա Բերգի, բխում է ավանդույթներից եւ հասարակության մեղքով, ուստի համոզված է, որ պետք է մարդկանց մտածողությունը փոխել՝ լիդերի բացառապես տղամարդկային կերպարի ընկալումը կոտրելով։ Սակայն կոտրելու մեթոդները, ըստ տիկնոջ, յուրաքանչյուր երկրում պետք է մշակվի տվյալ ազգի սովորույթներից ելնելով։ Ինչ վերաբերում է ասպարեզում գտնվող կին լիդերներին, որոնք որոշ դեպքերում եւս խոչընդոտում են նոր լիդերների առաջխաղացմանը, ամերիկուհի ֆեմինիստուհին ավելի մեղմ է ընկալում. «Նրանք տարիների եւ աշխատանքի շնորհիվ են դրան հասել, դժվար է…»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել