Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 04,2002 00:00

ՄԵՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, վստահաբար կարելի է ասել, պրոֆեսիոնալ է: Շատ խոսել ու ոչինչ չասել, սիրահոժար պատասխանել բոլոր հարցերին ու այդպես էլ չպատասխանել՝ փայլում է պարոն Մնացականյանը այս հատկանիշներով: Նա երեկ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» շրջանակներում պետք է խոսեր եւ հանրությանը ներկայացներ մեր տնտեսության չհաշվառված, այսինքն ստվերային մասի վերաբերյալ թվային տվյալներ, վերլուծություններ: Բայց նա շրջանցում էր անգամ ամենակոնկրետ ձեւակերպումներով հարցերը: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում: Նախ պարոն Մնացականյանը լրագրողներին շնորհավորեց մամուլի ազատության օրվա կապակցությամբ, «աշխարհիկ իմաստով, այսինքն անսահմանափակ ազատություն մաղթեց, լավ հասկանալով, որ այդպիսի բան չի լինում», այնուհետեւ չհաշվարկված տնտեսությունը բաժանեց երեք մասի՝ ստվերային, ոչ ֆորմալ եւ անլեգալ: Բայց եթե կարծում եք, որ հետո նա սկսեց թվարկել, թե որ մասում տնտեսության որ հատվածներն են «աչքի ընկնում», կամ թե որն ինչքան է, չարաչար սխալվում եք: Մինչդեռ հաճախ կրկնում էր, որ վիճակագրությունը դատապարտված է, որ այսինչ բնագավառի հաշվառումն պետք է իրականացնի ավելի մանրակրկիտ եւ դասակարգված: Ըստ Ստեփան Մնացականյանի, վիճակագրական տեսանկյունից ստվերային կամ չհաշվառվող տնտեսությունը տնտեսության մի հատված է, այլ գերատեսչությունների տեսանկյունից (պետեկամուտների նախարարություն, ԿԲ)՝ այլ հատված: Բուն ստվերին առնչվող շատ քիչ թվեր ներկայացրին Վիճակագրական ազգային ծառայության պատասխանատուները: Օրինակ, 2000թ. հանրապետությունում արտադրվել է 226 տոննա պանիր, ներմուծվել է 196 տոննա, մինչդեռ սպառվել է 6971 տոննա: Ավելի «ցայտուն» վիճակ է ձկնեղենի ոլորտում: Սպառման ծավալն արձանագրվածը գերազանցել է շուրջ 31 անգամ: Ընդհանրապես, որքան կարելի է հասկանալ, երկրի իշխանությունները շատ են ցանկանում հասարակության կողմից ստվեր որակված կոնկրետ հասկացությունը բարդել խեղճ գյուղատնտեսության վրա՝ այսքան գյուղական տնտեսություննե՜ր կան, սրանցից ոչ մեկը գրանցվա՜ծ չի, այսքան պանի՜ր… Այնինչ՝ ակնհայտ է, որ ստվերը մենաշնորհի ոլորտում է տիրում: Փոխարենը պարոն Մնացականյանը հաճույքով խոսում էր ու բոլ-բոլ տվյալներ տրամադրում այլ «ստվերային ոլորտից»՝ բնակչության սպառողական զանգված, կիլոկալորիա եւ այլն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել