Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՋՈՒՐՆ ԱՊՐԱՆՔ ԴԱՐՁՆԵԼԸ՝ ՍԽԱԼ ԴԵՂԱՏՈՄՍ

Մայիս 04,2002 00:00

ՋՈՒՐՆ ԱՊՐԱՆՔ ԴԱՐՁՆԵԼԸ՝ ՍԽԱԼ ԴԵՂԱՏՈՄՍ Աշխարհը դեմ է առել ջրի սակավության ճգնաժամին։ Տնտեսության համաշխարհայնացման ժամանակակից ընթացքը սրում է միջավայրային խնդիրները եւ իրական (իսկական) լուծումները պետք է ունենան հիմնականում այլ բարոյական հիմքեր։ Այսօր 31 երկիր անբավարար ջրի խնդիր ունի եւ ավելի քան 1 միլիարդ մարդ՝ խմելու մաքուր ջրի պակաս։ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3-րդը ջրի սակավության լուրջ խնդիր է ունենալու։ Տնտեսության համաշխարհայնացում Տնտեսության ներկա համաշխարհայնացման շուկայական համակարգում կապիտալի կողմից բնությունը «հնձելու» սահմաններ դրված չեն։ Գլոբալ շուկայում տեղական ռեսուրսները սպառելու խնդիրը արագորեն լուծվում է հետեւյալ կերպ, օրինակ, երբ Արեւելյան ծովափի (ԱՄՆ կամ Կանադա) ձուկը սպառվում է, ապա մենք մտնում ենք Չիլիի ծովը։ Ողջ Լատինական Ամերիկայում, Չինաստանում եւ Ասիայում զանգվածային արդյունաբերականացումը գյուղական համայնքներում խախտել է մարդկանց եւ բնության միջեւ եղած հավասարակշռությունը։ Արտահանման նպատակ հետապնդող խոշոր գյուղատնտեսական գործարքները, գյուղատնտեսական մթերքներ արտադրելով՝ գնալով ավելի շատ ջուր են խլում փոքր ընտանեկան եւ գյուղացիական տնտեսություններից, ինչի հետեւանքով տեղի հողագործ ընտանիքները զրկվում են սեփական պահանջները բավարարելուն անհրաժեշտ սննդամթերք արտադրելու հնարավորությունից։ Հանքահանման եւ արդյունաբերության «գլոբալ» ընդլայնումն արագացնում է ընդերքի ջրերի պաշարների ապականումը։ «Գլոբալ» սպառողական շուկան կերակրելու համար Չինաստանը զանգվածաբար ջուրը շեղում է տեղի համայնքներից ու գյուղացիներից եւ ուղղում դեպի շենացող արդյունաբերական ոլորտ։ Արդյունաբերական խոշոր ջրհորների ջուրը օգտագործելու հետեւանքով արդեն չորացել են միլիոնավոր չինացի գյուղացիների ջրհորները։ Չինաստանի հիմնական գետերի 80%-ի ջրերը այնքան են ապականված, որ այդ գետերում ձուկ չկա։ Ջրի անդր-ազգային ընկերությունները Հենց այն ժամանակ, երբ կառավարությունները խույս են տալիս ջրային ռեսուրսների ստուգման եւ կարգավորման պատասխանատվությունից, ջրի, սննդամթերքի, ուժանյութի փոխադրման հսկա անդր-ազգային (տրանս-ազգային) ընկերությունները իրենց հսկողության տակ են վերցնում ջուրը։ Նրանք մշակում են ջրի աղազրկման եւ զտման տեխնոլոգիաներ, շինում են ջրային կառույցներ, սեփականաշնորհման ճանապարհով հսկողության տակ են վերցնում ջուրը՝ տիրանալով թաղային եւ շրջանային ծառայություններին, օրինակ՝ կոյուղու եւ ջրամատակարարման ծառայություններին։ Նպատակը ջուրը ապրանք դարձնելն է։ Երբ այդ ընկերությունները վիճում են, թե ջրային ծառայությունների սեփականաշնորհումը սոցիալապես օգտակար է, ապա դրա արդյունքում սոցիալական եւ միջավայրի խնդիրները դառնում են երկրորդական, իսկ գլխավորն է դառնում տնտեսականի հրամայականը եւ ընկերությունների բաժնետերերի շահույթը առավելագույն դարձնելը։ Սեփականաշնորհում Մասնավոր հատվածի կողմից շինությունների կառուցումը սխալ չէ, բայց ոչ՝ ջրային ծառայությունների եւ մատակարարման մասնավորեցումը։ Ճիշտ է, կառավարություններն իրենց երկրներում ջրի պահպանման գործում անհաջող գործ են կատարել։ Սակայն դրա լուծումը այս արժեքավոր ռեսուրսը՝ ջուրը միջազգային ընկերություններին հանձնելը չէ։ Խնդրի լուծումն այն է, որ կառավարությունները սկսեն իրենց դերը կատարել եւ հիմնեն ջրի լիակատար պաշտպանության ռեժիմներ՝ ջրավազանային պահպանության եւ կառավարման հիման վրա։ Ջրի սեփականաշնորհումը սխալ է մի շարք տեսակետներից։ Ջրի սահմանման/բաշխման որոշումները կլինեն առեւտրական նկատառումներից բխած։ Բաժնետիրոջ համար կարեւորը առավելագույն շահույթն է եւ ոչ թե հարատեւությունը, կայունությունը կամ արդար-հավասար բաշխումը։ Շահույթ ստանալու համար ընկերությունները կախում ունեն սպառման աճից, հետեւաբար կապիտալ կներդնեն ջրի աղազերծման, շեղման, արտահանման ոլորտներում եւ ոչ թե ջրի խնայման, պահպանման մեջ։ Նաեւ «գլոբալ» ուղղությունը՝ ապրանքայնացնելով այն, ինչը պատկանում է հանրային ծառայություններին, նվազեցնում է քաղաքացիների մասնակցությունը ջրային կառավարման որոշումներին։ Իշխանության կենտրոնացումը մի ընկերության ձեռքում եւ պետությունների անկարողությունը ջրային ծառայությունների կառավարումը հետ վերցնելու խնդրում, ընկերություններին հնարավորություն է տալիս պետությանը պարտադրելու իրենց ցանկությունները։ Քանի որ ջրի մատակարարման ծառայությունը բավականաչափ շահ չի բերում, ապա ջրային ընկերությունները փորձում են աստիճանաբար տիրանալ ջրի կառույցներին եւ ջրային իրավունքներին։ Այդ նպատակով ստեղծվում են մոնոպոլիաներ։ Համաշխարհային բանկը քաջալերում է նման մոնոպոլիաների ստեղծումը՝ ֆինանսավորելով խոշոր մասշտաբի նախագծեր, բազմաօգտակարության կառույցներ՝ աջակցելով ամենամեծ ընկերություններին։ Համաշխարհային բանկը ֆինանսավորում է այդ խոշոր ընկերություններին՝ հանրային գումարներով եւ հաճախ կրում է (կորստի) ռիսկը, իսկ ընկերությունը քաղում է իր շահույթը։ Եվ հաճախ պետությունները պարտավորված են բաժնետերերին (ընկերությանը) բավարարելու։ Ջրի գինը Աշխարհի բնակչության 12%-ը օգտագործում է ջրի 85%-ը եւ այդ 12%-ը աղքատ երկրներում չի ապրում։ Այս սակավ ռեսուրսի սեփականաշնորհումը կտանի դեպի 2 շարքի աշխարհ՝ մարդիկ, որ կկարողանան ջուր գնել եւ մարդիկ, որ չեն կարողանա ջուր գնել։ Դա միլիոնավոր մարդկանց կստիպի ընտրելու իրենց կարիքները՝ ջուր կամ առողջապահական խնամք։ Օրինակ, Անգլիայում բարձր ջրային հարկը ստիպեց մարդկանց ընտրելու լվանալ, թե չլվանալ սննդամթերքը, ընդունել լոգանք, թե չընդունել եւ այլն։ Ջրին գին նշանակելը, սեփականաշնորհման հետ մեկտեղ, վերջնականորեն ջուրը ապրանք կդարձնի՝ միջազգային առեւտրի համաձայնագրերի տակ, ինչպիսիք են Համաշխարհային առեւտրի կազմակերպությունը (WTO) եւ Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագիրը (NAFTA)։ Երկուսն էլ ջուրը համարում են ապրանք՝ ենթակա նույն կանոններին, ինչպես մյուս ապրանքները։ Միայն այն դեպքում, երբ ջուրը պահպանվում է որպես հանրային սեփականություն, մատակարարվում եւ պաշտպանվում է պետությունների կողմից, միայն այդ դեպքում ջուրը կարող է բացառվել առեւտրական սակարկությունների գիշատիչ չափանիշներից։ Ջրի համար պարզապես միջավայրային բացառություն պահանջելը բավարար չէ։ Յուրաքանչյուր անգամ, երբ WTO-ն հակադրվել է տեղի միջավայրային օրենքին, WTO-ն հաղթել է։ Համաշխարհային բանկը ասում է, որ աղքատներին ջրի նպաստ կտրվի։ Որեւէ մեկը, ով ծանոթ է հատկապես 3-րդ աշխարհի բարեկեցության (աղքատների օգնության) խնդիրներին, գիտե, որ նման բան գոյություն չունի։ Ջուրը, որպես հիմնական իրավունք, երաշխավորված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային դաշինքով։ Քաղաքային շրջաններում ջրի 70%-ը սպառվում է արդյունաբերության, 20%-ը հիմնարկների եւ 6-10%-ը տնային տնտեսությունների կողմից։ Բայց պարզվում է, որ ջրի ծախսը խուսափում են վճարել ջրի մեծ սպառողները՝ խոշոր ընկերությունները։ Արդյունաբերությունը հաճախ պարզապես գնում է հողագործներից եւ գյուղացիներից իրենց ջրային իրավունքը։ «Բիզնեսը» իրավունք չունի զրկելու որեւէ մեկին մարդկային իրավունքներից։ Եթե դա է շահույթի գինը, ապա այն շատ բարձր է։ Այլ ուղի Երկրագնդի ջրի ճգնաժամը հնարավոր չէ ներկայացնել պարզ ձեւով։ Ոչ մի լուծում չկա՝ կանխելու ամբողջ հասարակությունների եւ էկոհամակարգերի փլուզումը։ Մենք դեմ ենք առել մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերին։ Պատասխանները տնտեսության համաշխարհայնացման ժխտման մեջ են։ Ջրային բոլոր որոշումները պետք է հիմնվեն էկոհամակարգերի եւ տեղի ջրավազանների կառավարման վրա։ Մեզ պետք են ուժեղ օրենքներ՝ պահպանության, ջրային համակարգերի ախտահանման-մաքրման, թունավոր նյութերի, պեստիցիդների արգելման, խոշոր գյուղ- ընկերությունների արգելման եւ միջազգային ընկերությունների վրա հսկողության սահմանման վերաբերյալ։ Մենք պետք է մեզ սովորեցնենք միջավայրի կարողության սահմաններում ապրել։ Համայնքի քաղաքացիները պետք է լինեն ջրուղիների «պահապանները» եւ հիմնեն կազմակերպություններ՝ հսկելու-պահպանելու այդ թանկագին ռեսուրսի օգտագործումը։ Թարգմանված է կրճատումներով Թարգմ.՝ Անահիտ Շիրինյան, Օռլանդո Հայաստանի կանաչների միության միջազգային կապերի համակարգող (ԱՄՆ, Նյու Ջերսի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել