Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՈՒ-ի «շերեփը» թղթից է

Մայիս 04,2002 00:00

ՀԱՈՒ-ի «շերեփը» թղթից է Հայտնի է, որ «Հայկական ավիաուղիները» համագործակցելով բելգիական VG ավիաընկերության հետ, մայիսի 29-ից A-330 օդանավով կսկսի իրագործել Երեւան-Լոս Անջելես-Երեւան ուղիղ չվերթը։ Չվերթի բացման պատճառով կփակվեն ՀԱՈՒ-ի Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան եւ Երեւան-Ամստերդամ-Երեւան չվերթերը։ Ու մինչ ՀԱՈՒ-ի օդաչուական կազմը «սգում» է առանց այդ էլ աշխատանքային փոքր ծավալի էլ ավելի կրճատման համար (15 ժամանոց թռիչքը, ասում են, իբր առայժմ իրագործելու են բելգիական օդաչուները), բորտուղեկցորդների ծառայությունում աննախադեպ աշխուժություն է։ Նոր չվերթի բացման կապակցությամբ այստեղ սպասվում է աշխատանքային ծավալի աճ։ Ինչպես տեղեկացրեց բորտուղեկցորդների ծառայության պետ Ռազմիկ Խաչատրյանը, եթե շաբաթական մեկ անգամ իրագործվող նախկին երկու չվերթերը սպասարկում էին 5-ական բորտուղեկցորդներ, ապա Երեւան- Լոս Անջելես-Երեւան թռիչքի համար (շաբաթական 3 անգամ) կպահանջվեն (8X3) 24 բորտուղեկցորդներ։ Որի համար էլ ծառայության 170 անդամներից, հիմք ընդունելով օտար լեզվի իմացությունը, աշխատանքային կարգապահությունն ու փորձառությունը, ընտրվել են 15 բորտուղեկցորդուհի եւ 3 բորտուղեկցորդ։ Բելգիացի մասնագետները նրանց հետ անցկացրին 10-օրյա դասընթացներ՝ ծանոթացնելով A-330 օդանավի կառուցվածքին, տեխնոլոգիական առանձնահատկություններին, անվտանգության կանոններին, ծայրահեղ իրավիճակներում կողմնորոշվելու մեթոդներին։ Մայիսի 1-ին վերոնշյալ խմբի անդամները քննություն էին հանձնում, որի արդյունքում 14 բորտուղեկցորդուհիներ եւ 2 բորտուղեկցորդ հավաքեցին պահանջվող միավորները։ Խումբը կմեկնի Բելգիա՝ 10-օրյա գործնական պարապմունքների, այնտեղ էլ հանձնելով ICAO-ի չափանիշներին համապատասխան 50 մ լողի եւ ընթացիկ մյուս քննությունները՝ կստանան Երեւան-Լոս Անջելես-Երեւան չվերթում աշխատելու թույլտվություն։ Ըստ բորտուղեկցորդների ծառայության պետի, բելգիացի մասնագետը գոհ է մեր բորտուղեկցորդների գիտելիքներից, քանի որ նրանց մեծ մասը թռիչքներ է իրագործել A-310 ինքնաթիռով, իսկ A-330-ը վերջինիս ավելի մոդեռն տեսակն է։ Մնում է հուսալ, որ այն A-310-ի նման անակնկալներ չի մատուցի մեզ (Ա. Բ.)։ Նկատի ունենալով Լոս Անջելեսի բազմահազարանոց հայկական գաղութը, այս չվերթի բացումը նույնիսկ ուշացած կարելի է համարել։ Ոչ ոքի համար նորություն չէ, որ ՀԱՈՒ-ն միջազգային չափանիշներին համապատասխան օդանավ չունի, բացակայում են նաեւ ֆինանսական միջոցները, մինչդեռ ցանկացած նոր երթուղու բացումը ենթադրում է խոշոր ֆինանսական ներդրումներ։ Այս հարցը լուծելու համար, անկասկած, անհրաժեշտ էր պետության աջակցությունը։ Եվ եթե կառավարությունը չցանկացավ լուծել այս հարցը, որքանո՞վ է բարոյական հազարավոր ուղեւորների զրկել էժան, ուղիղ, հարմարավետ չվերթից։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել