Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն ինչ եվ կյանքը՝ կեղծ շքեղություն

Մայիս 04,2002 00:00

Ամեն ինչ եվ կյանքը՝ կեղծ շքեղություն Հիշում են, որ անցյալ տարի այս ժամանակ թութը արդեն հասած էր: Անցյալ ու այս գարնան միջեւ միակ տարբերությունը, ասում են, դա է: Մեկ էլ այն, որ քաղաքը, մարդկային զանգվածները, մարդիկ առանձին-առանձին արդեն մկանները թուլացրել են, անղեկ դարձել ու մեկ-մեկ պատահական ակտիվանում են, էմոցիա դրսեւորում՝ ծափահարում կամ սուլում, երբ մի քիչ ավելի լավ է հիշեցվում իրենց իրավունքների մասին: Գարունն արդեն հոգնած է բացվել. այս անտարբերությունն ու հոգնածությունն էլ, թերեւս, առկա ցինիզմի գերկուտակումներից է: Իսկ սուր ցինիզմը, ինչպես հայտնի է, տարբեր ու խոր բարդույթների արտահայտությունն է, թաքցնելու ու թաքնվելու ապարդյուն փորձ: Ամենասպանիչն այն է, որ ձեւ է արվում, թե քաղաքում ակտիվ կյանք կա. խոսքը մարդու օրվա ակտիվության մասին է: Օրվա ընդհանուր ներդաշնակությունը խախտված է. մեկը ողջ օրը վազվզում-վազվզում, երեկոյան ինքն իրեն, սակայն, հարց է տալիս՝ արածս ի՞նչ էր, մեկը մեկումեջ գոհանում է օրից, մյուսի օրը սկսվում ու ամփոփվում է մայթերին նարդի խաղալով, մեկ ուրիշինը… Մի օտարերկրացու առաջին տպավորությունը Երեւանից՝ հարցն էր, թե «Երկուշաբթի, երեքշաբթի օրը աշխատանքային չէ՞, ինչո՞ւ են մարդիկ առավոտից երեկո դրսում, չե՞ն աշխատում»: Դա բացատրելը երկար կտեւեր, այդ պատճառով հարցը տեղացիներիս կողմից շրջանցվեց: Դե, ինչպես բացատրենք, որ աշխատանք ասվածը շատ հարաբերական երեւույթ է դարձել՝ եւ աշխատատեղի, եւ մասնագիտության, եւ մարդու ընկալման առումով (մանավանդ որ այսօր նույնիսկ հայերն են հայերի համար էժան աշխատուժ, հաճախ՝ նաեւ ձրի աշխատուժ): Հրապարակված պաշտոնական փաստերի ու թվերի մասին խոսելը անիմաստ է ու հետաքրքիր էլ չէ, քանզի իրականության հետ համընկնումների տոկոսը առանձնապես մեծ չէ: Այսպես. թվում է, թե բոլորն իրենց գործով են զբաղված, «լույսի մարդը»՝ իր, էլցանցի աշխատակիցը՝ իր, հարկահավաքը՝ իր, առեւտրականը՝ իր, նախագահը՝ իր, վարչապետը՝ իր, մեղրավաճառը՝ իր… Սակայն, պարզվում է, ուրիշների այդ գերաշխատանքի արդյունքում շատ մարդիկ էլ տառապում են: Օրինակ, մի երեւանցի, այլեւս վերջնականապես նյարդայնացած ու հոգնած բոլոր այն «աշխատողներից», որոնք աշխատելիս անպայման ներխուժում են իր (եւ գրեթե բոլորիս) կյանք, իր տան դռանը փակցրել էր այս բովանդակությամբ գրությունը. Պետության առջեւ իր բոլոր պարտականությունները նա կատարել է, ավելին՝ նարդի էլ չի խաղում… Իրականությունից «բեզարած», բայցեւ հումորով լի այս քաղաքացին ընդամենը իրեն հասանելիք ազատությունն է ուզում, ինչը հայ իրականության մեջ վաղուց արդեն այլ բառերով է ձեւակերպվում՝ «ինձ հանգիստ թողեք», որովհետեւ վաղուց արդեն Երեւանում Երեւան չկա, բնակչության մեծ մասը նորաբնակ է, քաղաքում մարդկանցից շատ մեկ էլ օբյեկտներն են, շատերն անգործ ու անփող են, մարդիկ ապրում են ուրիշների կենսագրությամբ սնվելով, ուրիշների աչքի փուշը տեսնելով, մակերեսային օրերով, ժամանակը մսխելով8230… Վերոհիշյալ քաղաքացու հայտարարությունը տեսնողներից շատերը խոստովանեցին, որ անպայման իրենք էլ նման գրություն կպատրաստեն իրենց բնակարանների դռներին փակցնելու համար: Մեկն անգամ հիշեց, որ 92, թե 93 թվին մի քաղաքացի հայտարարել էր ի լուր երկրի նախագահի, որ ունի սեփական տուն եւ երկու որդի, որոնք ծառայում են բանակում. այնպես որ՝ զորք էլ ունի, սեփական տուն էլ եւ ուզում է անջատվել Հայաստանից, ինքն իրենով անկախանալ… Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել