Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ»

Մայիս 04,2002 00:00

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ» Ասում է ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը Նրա հետ բանավիճելու թեմաներն, իրոք, բազմաթիվ են, ասենք՝ կարելի՞ է «Նորք», «Անդրադարձ», «Մունետիկ» կամ «Առագաստ» պարբերականները, որոնց հրատարակումն արգելվեց 1994 թվականին, անվանել ՀՅԴ անբաժանելի մասը։ -Երբ ի պաշտպանություն խոսքի ազատության հանդես եկան նաեւ նախկին իշխանությունները ներկայացնող քաղաքական գործիչները, նոր ընդդիմությունը եւ հենց իրենք՝ լրատվամիջոցները, հիշեցրին ձեր նախկին մեղքերը, որ դուք էլ եք մեծ լումա ունեցել լրատվամիջոցներ փակելու, ազատ խոսքը ոտնահարելու հարցերում, ուստի այսօր չեք վաստակել բարոյական իրավունք՝ խոսելու այս իշխանությունների օրոք համանման դրսեւորումների մասին։ Ընդունո՞ւմ եք, որ իրոք չունեք այդ բարոյական իրավունքը։ – Միանգամից ասեմ, որ բացարձակապես չեմ ընդունում։ Ավելին՝ պայքարել եւ պայքարելու ենք Հայաստանում խոսքի ազատության եւ ժողովրդավարական մյուս բոլոր արժեքների անշրջելի հաստատումն ապահովելու համար: Բայց նախ ուզում եմ եւս մեկ անգամ հստակեցնել, թե ինչ է նշանակում նախկին իշխանություն եւ ինչ է նշանակում նոր իշխանություն։ Եթե խոսում ենք անձերի մասին, ապա նախկին իշխանավորների մեջ եղած բազմաթիվ դեմքեր շարունակում են այսօր իշխանավարել։ Եվ, ըստ էության, խոսքը պետք է գնա ոչ թե անձերի մասին, այլ՝ քաղաքական կողմնորոշումների եւ գաղափարախոսության։ Հիմա նախկին իշխանություն են համարվում այն քաղաքական ուժերը եւ գործիչները, ովքեր, անկախ այն բանից՝ նախկինների օրոք պաշտոն ունեցե՞լ են, թե՞ ոչ, հավատարիմ մնացին Շարժման լիբերալ-ժողովրդավարական գաղափարախոսությանը, որը հայ քաղաքականության պատմության մեծագույն նվաճումն է, հիմնվում է ՀՀ քաղաքացիների ազատության, բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, ժամանակակից զարգացած աշխարհին լիարժեք մաս կազմելու եւ այլ սկզբունքների վրա: Եվ հակառակը. այն պետական եւ, այսպես կոչված, քաղաքական գործիչները, որոնք ընդունեցին այս «նոր», վաղուց իր քաղաքական բովանդակությունը վերջնականապես սպառած, նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը, որով առաջնորդվում են այսօրվա իշխանությունները, համարվում են «նորեր»։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներ փակելուն՝ այո՛, 94-95 թթ. Հայաստանի Հանրապետությունում դաշնակցության գործունեության կասեցումից հետո փակվել են այդ կուսակցության անբաժանելի բաղկացուցիչ մաս հանդիսացող լրատվամիջոցները: Կուսակցության գործունեությունը կասեցվել է, որովհետեւ այն գործել է ՀՀ օրենքներին հակառակ, եւ պատահական չէ, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին այդ կուսակցությունն արտերկրում իրականացնում էր Հայաստանին օգնությունը սահմանափակելու հետեւողական քարոզչություն: Փաստորեն՝ հանդես էին գալիս Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերից: Ի հավելումն՝ ասեմ, որ այսօր էլ այդ կուսակցությունը գործում է հակառակ օրենքների։ Նրա թե՛ ծրագրերը, թե՛ գործող կանոնադրությունը հակասում են ՀՀ օրենքներին։ Նրանց բազմաթիվ հայտարարություններում նշվում է, թե ՀՅԴ հայաստանյան կառույցը, այսպես կոչված՝ համաշխարհային կառույցի մի մասն է, եւ այսօր էլ հաստատակամորեն պնդում են, որ ՀՅԴ-ն հայաստանյան կազմակերպություն չէ, ՀՀ քաղաքացիների կուսակցություն չէ, որը հակասում է մեր օրենքներին։ Բայց մեր «օրինապաշտ» կուսակցությունները, մամուլը, հանգիստ հանդուրժում են դա։ – Եթե ՀՅԴ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ կա 95 թ. դատարանի հունվարյան որոշումը, ապա կարո՞ղ եք մատնանշել որեւէ իրավական հիմք, դատարանի որոշման որեւէ ենթակետ, որով կպարտավորեցվեր փակել նաեւ այդ պաշտոնաթերթերը։ Ընդ որում, փակվեցին ոչ միայն պաշտոնաթերթերը, այլեւ տպարանը, բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք չունեին կուսակցական պատկանելություն, եւ միայն նրանց խմբագիրներն էին դաշնակցական։ Չմոռանանք նաեւ, որ այդ ամենն արվեց նախագահի հեռուստաելույթի գիշերը, առանց անգամ սպասելու դատաքննությանը։ – Կրկնում եմ՝ այդ լրատվամիջոցները կուսակցության անբաժանելի մասն են։ Ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում այդ լրատվամիջոցները կդիմեին դատարան, ինչպես վարվում է «Ա1+»-ը, այլ ոչ թե կսպասեին, որպեսզի 1998-ին ակտիվորեն մասնակցեն հեղաշրջմանը եւ մաս կազմեն անօրինական իշխանությանը: Իմիջիայլոց, ավելացնեմ. փաստորեն, այսօր էլ կան լրատվամիջոցներ, որոնք գործում են ՀՀ օրենքներին հակառակ, որոնք տարածում են ազգամիջյան թշնամանք, քարոզում են հակաժողովրդավարություն, պատերազմ։ Մասնավորապես՝ «Ժամանակ» թերթը։ Ոչ մի օրինական իշխանություն չէր հանդուրժի նման լրատվամիջոցի գործունեությունը։ Հենց «Մամուլի մասին» օրենքով, նաեւ՝ Սահմանադրությամբ։ Կան նաեւ այլ լրատվամիջոցներ, ես բերեցի միայն մեկ օրինակ։ – Վերջերս նախկիններին հիշեցրին, որ իրենց օրոք էլ է փակվել «Ա1» հեռուստաընկերությունը։ – Այդ «հիշեցումները» չեն համապատասխանում իրականությանը: Մեղադրանքները հնչելուց հետո հետաքրքրվեցի, թե ինչի մասին է խոսքը: Պարզեցի հետեւյալը. եղել է զուտ տնտեսական վեճ գործընկերների միջեւ, որի արդյունքում «Ա1»-ն իսկապես փակվել է, բայց կարճ ժամանակ անց կրկին վերաբացվել է «Ա1+» անվամբ՝ նախկին իշխանությունների օրոք։ – Կապ ունի այնքանով, որ գործել է ճիշտ նույն սխեման, ինչը հիմա գործեց «Նոյյան Տապանի» պարագայում։ Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ ճնշում է գործադրվել գործընկերոջ վրա՝ պարտադրելով դադարեցնել ընդդիմադիր ուղղվածության հաղորդումները։ Այն ժամանակ իշխանությունը բազմաշերտ էր, եւ նման մի բան էլ եղավ «Ազգի» նկատմամբ։ – Համենայնդեպս, «Ազգը» երբեք չի փակվել։ Ինչ վերաբերում է «Ա1»-ին, ապա այն փակվեց նրա տնտեսական գործընկերոջ ջանքերով, որին պաշտպանում էր իշխանության մի թեւը, իսկ մյուս թեւն ամեն ինչ արեց, որպեսզի «Ա1»-ը վերաբացվի: Հետագայում՝ 98-ին, առաջին թեւը կատարեց հեղաշրջում, հեռացրեց երկրորդ թեւին եւ Հայաստանում հաստատեց անօրինական իշխանություն: Անհրաժեշտության դեպքում չեմ հրաժարվի հրապարակել անուններ: – Նոր ընդդիմությունը որքան էլ արտահայտվում է հօգուտ իշխանափոխության, կտրականապես մերժում է նույն դիրքորոշումն ունեցող ՀՀՇ-ի հետ որեւէ համագործակցություն, չցանկանալով վարկաբեկվել կամ կեղտոտվել։ Ինչպե՞ս եք վերաբերվում սրան։ – Նրանց հասցեին արվող «անվտանգ ընդդիմություն» անվանումը բավական դիպուկ է: ՀՀՇ-ն ինքը չի կարող նման համագործակցության մեջ մտնել այնպիսի կուսակցությունների հետ, որոնք կամ ապագաղափարականացված են, կամ ունեն նացիոնալ-սոցիալիստական ուղղվածություն։ Մեր նպատակներն էապես տարբերվում են։ Եթե այդ ուժերն իրենց առջեւ նպատակ են դնում նորից մաս կազմել այս իշխանությանը, ապա մեր նպատակն է՝ ՀՀ-ում ձեւավորել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Այդ ուժերը, առանց բացառության՝ կա՛մ ակտիվ մասնակցել, կա՛մ օժանդակել են ներկայիս անօրինական իշխանության ձեւավորմանը, երկար ժամանակ մաս են կազմել այդ իշխանությանը։ Կամ էլ դրանցից մի քանիսն իրենց լռությամբ օգնել եւ օժանդակել են այսօրվա հակապետական, հակաժողովրդավարական, հակաժողովրդական իշխանության ձեւավորմանը եւ ամրապնդմանը։ Նախկին իշխանությանն ամեն կերպ զրպարտելու նրանց բարդույթը պայմանավորված է քաղաքական բովանդակության պակասով, ծրագրերի բացակայությամբ։ Վերջին չորս տարում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ նախկին Կոմկուսի ֆունկցիոների կողմից Աստվածաշունչ քարոզելը եւ նախկին իշխանությանը հայհոյելը բավարար է նրան քաղաքական գործիչ համարելու համար։ «Անվտանգ ընդդիմության» մեծ մասն այսօր էլ կատարում է Քոչարյանի հրահանգները։ Եվ պատահական չէ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը մշակած եւ ԱԺ-ում ներկայացրած, այնուհետեւ այն գովաբանած պատգամավորը հանրահավաքում կոչ է անում օրենքը փոփոխելու նպատակով ճնշում գործադրել ԱԺ-ի վրա: Այդչափ էժանագին պոպուլիզմը տեղավորվում է Ռ. Քոչարյանի գործելակերպի շրջանակներում, այն է՝ ստեղծել իր կողմից վերահսկելի ապակայունացում: Կա մի այլ հանգամանք։ Անհրաժեշտ է, որ հանրահավաքում ելույթ ունեցողը հստակ գիտակցի, որ իր քաղաքական պատրաստվածությունը պետք է առնվազն մի փոքր բարձր լինի հավաքվածների ընդհանրացված մակարդակից։ Այսօր, ցավոք, հակառակ պատկերն է՝ հրապարակում հավաքված հանրությունը քաղաքականապես ավելի հասուն է, քան ելույթ ունեցող քաղաքական գործիչը։ Եվ, վերջապես, այսօրվա իշխանությանը մասը կազմած լինելու, նրան ժամանակին հրապարակայնորեն աջակցելու եւ հակաօրինական քայլերը ողջունելու պատասխանատվությունից խուսափելու նպատակով, մնում է դիմել ծեծված թեմաների՝ շարունակելով զրպարտել նախկին իշխանություններին: Օրինակ՝ մեր հասարակությունը համոզվեց, որ այսպես կոչված «մազութի գործը» զուտ քարոզչական քայլ էր: Նույնիսկ այսօրվա իշխանությունների իրավապահ մարմինների ղեկավարները ստիպված էին հայտարարել, որ որեւէ քրեական հիմնավորում չկա: Մյուս «մեղադրանքները» նույնպես հետապնդում են միմիայն քարոզչական նպատակներ: Մենք պատրաստ ենք ցանկացած հրապարակային բանավեճի՝ այս եւ մնացած բոլոր հարցերի շուրջ։ 14 տարիների ընթացքում Ազատության հրապարակում չէին հնչել նման ցածր մակարդակի քաղաքական ելույթներ։ Հանրությունը համոզվում է, որ այս ուժերին չի կարելի վստահել, քանի որ դրանց մեծ մասը լուծում է այս իշխանություններին կրկին մաս կազմելու իր խմբակային հարցերը: Ահա թե ինչու նրանք անտեսում են մեր պետության եւ հասարակության համար այնպիսի կարեւորագույն հարցեր, ինչպիսիք են Հայաստանի տարածաշրջանային խորացող տնտեսաքաղաքական մեկուսացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորումը, Հայաստանում սահմանադրական կարգի խաթարումը, պետականության հիմքերի խարխլումը եւ, վերջապես՝ Հայաստանում ընտրական համակարգը վերականգնելու, ազատ եւ օրինական ընտրություններ անցկացնելու հարցերը։ Այն անձինք, որոնք տապալում էին Ռ. Քոչարյանի պաշտոնանկման հարցն ԱԺ օրակարգում ներառելու իմ առաջարկները, նրա կատարած բազմաթիվ սահմանադրական խախտումները («ԱրմենՏել», կոնյակի գործարան եւ այլն) քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ պատգամավորների նախաձեռնությունները, նրանք, որոնց ջանքերով խորհրդարանում անօրինականորեն «անցկացվեց» «Ընտրական օրենսգիրքը», այսօր փորձում են նախկին իշխանություններին ուղղված զրպարտություններով թաքցնել իրենց քաղաքական տկարությունը: Նշեմ նաեւ, որ խորհրդարանում նման պահվածք դրսեւորածների կողքին այն մարդիկ են, որոնք փորձեցին ԱԺ-ին այլընտրանքային ինչ-որ կառույցներ ձեւավորել նախագահի աշխատակազմում, ինչպես նաեւ նրանք, որոնք այդ ապարատում փորձ արեցին արտաքին քաղաքականություն վարել ու տապալվեցին։ Սակայն քանի որ անգամ այս ամենից հետո նրանց չհաջողվեց մաս կազմել այս իշխանությանը, այժմ փորձում են նրան աջակցել «գրպանային», կառավարելի ու Քոչարյանի հրահանգները կատարող ընդդիմության դերում։ Հավելեմ, որ նրանց մեծ մասը դեմ է Ղարաբաղի ինքնորոշմանը եւ քարոզում է պահանջատիրություն։ Հայաստանի ապագան էլ տեսնում են Ռուսաստան-Բելառուսի կազմում եւ ընդհանրապես դեմ են Հայաստանի անկախությանը, մեր պետականությանը: – Ձեզ դուր չի՞ գալիս ելույթների մակար դակը՝ գուցե հենց ՀՀՇ-ն փորձի հանրահավաք գումարել, մանավանդ կստուգեք, թե որքան կլինի ձեր լսարանը։ – Վստահ եղեք, մենք հանրահավաքներ ենք հրավիրելու։ ՀՀՇ-ն քաղաքական բոլոր մեթոդներով պայքարելու է, որ Հայաստանում հաստատվի ժողովրդի վստահությունը վայելող եւ ժողովրդի կամքով ձեւավորված իշխանություն: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Առնվազն ցավ կարող ենք հայտնել, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք, իրենց պնդմամբ, դավանում են ժողովրդավարության եւ իրավական պետության գաղափարները, այդպես էլ չեն ընդունում, որ 1994-ին ՀՅԴ-ի եւ նրան հարող լրատվամիջոցների արգելմամբ մեծապես վնասեցին հավատը, թե իրենք իրոք այդ գաղափարների կրողն են։ Եվ պետք չէ պատրվակ բերել, թե արտասահմանից ֆինանսավորվելն արդարացնում էր ՀՅԴ գործունեության կասեցումը, այլապես նոր բանավեճերի տեղիք կտան, թե այդ դեպքում ինչո՞ւ նույն մոտեցումը չեղավ նաեւ ՍԴՀԿ վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել