Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կասպից ծովից մինչեւ ՆԱՏՕ

Մայիս 04,2002 00:00

Կասպից ծովից մինչեւ ՆԱՏՕ Ապրիլի 23-ին Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախագահները հավաքվել էին Աշգաբադում՝ վճռելու ինչպես բաժանել իրար մեջ… Կասպից ծովը։ Վերջապես՝ ի՞նչ սկզբունքներով եւ ում՝ ինչքան։ Ռուսաստանի համար այս հարցն ունի ոչ միայն լուրջ տնտեսական, այլեւ կարեւորագույն աշխարհաքաղաքական նշանակություն։ Տեղի տալով ԱՄՆ-ին Միջին Ասիայում, Վրաստանում, իսկ հետագայում Ադրբեջանում ամերիկյան զորամիավորումներ տեղաբաշխելու հարցում, Ռուսաստանը չի ուզում փոքր զիջում անգամ անել կասպյան խնդրում, որտեղ նա օրինական իրավունքներ ունի։ Քաջ հայտնի է, որ Կասպից ծովը (իրականում՝ լիճը) չափազանց հարուստ է նավթով եւ «էլիտար» ձկների տեսակներով։ Ըստ մասնագետների գնահատականների՝ մոտ 200 մլրդ տոննա նավթ եւ թառափային ձկների համաշխարհային պաշարների մոտ 70-90%-ը։ Ռուսաստանը եւ նրա ազդեցության տակ գտնվող Ղազախստանը ու Ադրբեջանը առաջարկում են բաժանել միայն ծովի հատակը (ըստ աշխարհագրական կենտրոնից գնացող սեկտորների), իսկ ջուրը թողնել ընդհանուր օգտագործման։ Դա, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, որն այսօրվա դրությամբ որսում է ձկան 40%-ը։ Մնում է միայն կարգավորել որսագողության խնդիրը։ Դրան ընդդիմանում է Իրանը, որն ի սկզբանե պահանջում էր եւ հատակի, եւ ջրի 50%-ը։, Այսօր նրա պահանջներն իջել են մինչեւ 20%։ Ի դեպ, նա առաջարկում է 20-ական տոկոս եւ մնացած երկրներին։ Վերջնական որոշման, իհարկե, դեռ չեն եկել։ Սակայն Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի տարբերակը Ռուսաստանի կոշտ դիրքորոշման ներքո լուրջ հեռանկար ունի։ Միաժամանակ Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքորոշումը ռազմական ուժով՝ համաժողովից անմիջապես հետո Պուտինը նպատակ դրեց վերազինել Ռուսաստանի կասպիական նավատորմը, իսկ ամռանը անցկացնել խոշոր զինվարժություններ ծովի տարածաշրջանում։ Կարգադրությունը իսկապես ժամանակին էր, քանզի Իրանը բավականին մեծ նավատորմ ունի Կասպից ծովում, Թուրքմենստանը նույնպես ռազմական նավեր է ձեռք բերում, իսկ Ադրբեջանին Սովետական Միությունից ժառանգություն են մնացել եւ նավեր, եւ ջրափնյա ենթակառուցվածքներ։ Մի այլ խնդիր, որի լուծման դեպքում զգալիորեն աճելու է Ռուսաստանի միջազգային ազդեցությունը՝ սույն ամսվա վերջում պատրաստվում են ստորագրման նոր ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի փաստաթղթերը։ Ռուսաստանը վաղուց խոսում էր նման ֆորմատի մասին, որտեղ բոլոր 20 անդամ-երկրները (Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ի 19 երկրներ) կունենան հավասար իրավունքներ, որտեղ կքննարկվեն մի քանի միջազգային խոշորագույն նշանակություն ունեցող խնդիրներ։ Բայց սայլը տեղից շարժվեց միայն Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի Ռուսաստան կատարած այցից հետո, երբ Պուտինի Սոչիի ամառանոցում երկու երկրների ղեկավարները թեյ ըմպելով որոշեցին ակտիվ իրագործել վերոնշյալ տարբերակը։ Հարցն, իհարկե, թեյի մեջ չէ։ Փաստորեն, վերջին շրջանում ՆԱՏՕ-ն կորցնում է իր նշանակությունը, ամեն ինչ որոշում են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, իսկ եվրոպական երկրները մնում են խաղից դուրս վիճակում։ Ռուսական տարբերակը կտրուկ կփոխի իրավիճակը եւ կստեղծի ԱՄՆ-ի վրա ազդելու իրական հնարավորություն։ ԱՄՆ-ին, իհարկե, դա չի կարող դուր գալ, բայց նա ստիպված է համաձայնել, քանզի կողմ է արտահայտվում ՆԱՏՕ-ի անդամների ճնշող մեծամասնությունը։ Միգուցե կփորձի խոչընդոտել հետագայում։ Կապրենք՝ կտեսնենք։ Շատ բան է կախված նաեւ նրանից, թե ինչ «կարեւորագույն» խնդիրներ է քննարկելու Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել