Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՐԿԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մայիս 04,2002 00:00

ՓՐԿԵՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Ռոբերտ Քոչարյանը պահպանել է երկրի նախագահ դառնալու կամ ընտրվելու դեռեւս մեկ հնարավորություն: Օր առաջ նա պետք է հայտարարի, որ չի առաջադրվելու 2003 թվականի նախագահական ընտրություններում: Մեր ընդդիմությանը ճանաչող մարդու համար երկրի նախագահի այս քայլը կլինի նախագահական աթոռը լեգիտիմ ճանապարհով վերցնելու խիստ մարդկային տարբերակ: Նախ՝ դրանով Ռոբերտ Քոչարյանը ընդդիմությանը զրկում է երկրում օրինականություն պահանջելու իր հիմնական զենքից՝ երկրի նախագահից: Վերջինս միաժամանակ դադարում է լինել ընդդիմության գոյությունը պատճառաբանող ցանկացած մեղադրանքի թիրախ: Երկրորդ՝ հանգիստ թողնելով Ռոբերտ Քոչարյանին՝ ընդդիմադիրները նախընտրական արշավ են մտնում արդեն միմյանց էժանացնող հայտարարություններով եւ իրենց մյուսներից բարձրացնող ծրագրերով: Իսկ այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը «Հայլուրի» եւ իրեն կից 16 լրատվամիջոցների թղթակիցներին հետեւից գցած գնում է մարզեր, կտրում է ժապավեններ, ամեն ամիս հայտարարում է տնտեսական նոր նվաճումների մասին, սեղմում է իր կյանքն ավարտած ցանկացած ծերունու ձեռքը, նրանից կորզում սիրո խոստովանություններ եւ հատկապես առանց պոպուլիզմի բացում է «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, որոնք այլեւս ոչնչով չեն կարող սպառնալ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրող մարդուն: Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող միտինգները դառնում են անիմաստ, իսկ այլ պատճառով հրավիրվող միտինգները՝ ժամանակավրեպ: Արտահերթ ընտրությունների պահանջը նույնպես կորցնում է հրատապությունը, քանի որ «մարդուն մնացել է շատ-շատ տասը ամիս»: Երրորդ՝ անվտանգության ծառայությունները իրենց ձեռնասուն թերթերի միջոցով հրապարակում են ասպարեզում գործող բոլոր ընդդիմադիր գործիչների «դոսյեները»: Հստակ է, որ նրանցից ոչ ոք Ռոբերտ Քոչարյանից անմեղ չէ: Եթե ներկա ընդդիմադիրներն իշխանություն չեն ունեցել հոկտեմբերի 27-ին կամ Պողոս Պողոսյանի սպանության պահին, չի նշանակում, որ նախագահից ավելի լուրջ պատճառներ ունեն երկիրը կառավարելու: Արժեր տեղյակ լինել, որ հոկտեմբերի 27-ը կամ Պողոս Պողոսյանի սպանությունը վտանգավոր են ոչ թե այն պատճառով, որ տեղի են ունեցել կամ կարող են կրկնվել, այլ, որ դրանք քաղաքական կերպարի արտահայտություն են, ինքնարտահայտման ձեւ: Իսկ ինքնարտահայտումը չի հերիքում ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ երկրի նախագահին: Իսկ երկրի նախագահ կարող է դառնալ ներկա ընդդիմադիրներից յուրաքանչյուրը: Հոկտեմբերի 27-ով հասարակությունը պարզապես տեղեկացավ իշխանությունը մեկ-երկու մարդու ձեռքում պահելու ձեւերի մասին: Իսկ քանի որ առնվազն ութ տարին մեկ այդ մարդիկ փոխվում են, նշանակում է փոխվում են իշխանությունը նրանց ձեռքում կենտրոնացնելու ձեւերը: Ռոբերտ Քոչարյանը երկրում արյունահեղություն ծավալելու մեկ դետալ է: Չեմ բացառում, որ նրանից ավելի լավ դա անում են նրա աշխատակազմի երկու նախկին ղեկավարները: Չորրորդ՝ նախագահը բնականաբար այս ընթացքում հեռացնում է, ասենք, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին (դրա համար բավարար է միայն այն, որ այդ մարդը վարչապետ է): Վերջինիս փոխարեն նշանակում է Արտաշես Գեղամյանին, որը ոչնչով լավը չէ Անդրանիկ Մարգարյանից: Բնականաբար, Գեղամյանն Աստվածաշունչը չի կարող դարձնել տնտեսության կառավարման ծրագիր, չի կարող հայտարարել, որ չի շարունակում նախորդ կառավարության տնտեսական կուրսը: Իսկ քանի որ ասպարեզում տնտեսական այլ կուրս չկա կամ այլ կուրսի համար կես երեւակայությամբ աչքի ընկնող որեւէ քաղաքական գործիչ չկա Հայաստանում, Գեղամյանն օրինաչափորեն եւ մեծ համբերությամբ տապալում է իր իսկ կառավարությունը: Ձեռքի հետ ինքն իրեն ոչնչացնում է որպես նախագահի թեկնածու: Ռոբերտ Քոչարյանը շարունակում է այցելել մարզեր, կտրում է ժապավեններ, ամեն ամիս հայտարարում է տնտեսական նոր նվաճումների մասին, սեղմում է իր կյանքն ավարտած կամ իր հարազատների կյանքն սպառած ցանկացած ծերունու ձեռքը, նրանից կորզում սիրո խոստովանություններ, եւ այլն: Հանրապետության գործող նախագահի քաղաքական կուրսի մեջ են մտնում մշակութային գործիչների հետ հանդիպումները, նրանց մեդալներ շնորհելը, իր նախընտրական ստվերային հիմնադրամից նրանց միջոցներ հատկացնելը, աշխարհի ղեկավարների տիկնանց կամ որդիներին ընդունելը: Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը առանց այն էլ իր հեռացումով չշահագրգռված հասարակության աչքում դառնում է առնվազն անշառ քաղաքական գործիչ, որը մնում է գերադասելի այդ նույն հասարակության համար դեռեւս ոչինչ չարած մյուս գործիչներից: Եվ հանկարծ 2003-ին, նախագահական ընտրություններից առաջ՝ գրանցման փուլում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ «երկրում կարծես թե գործերը վատ չեն գնում, բացվել են «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, հասարակության մեջ ես ձեռք եմ բերել «դուխով տղու» իմիջ, ընդդիմությունը վաղուց չի խոսում իմ հրաժարականի մասին: Ինձ ինչ է մնում անել: Ես առաջադրվում եմ երկրի նախագահի թեկնածու»: Այս սցենարով փոքր-ինչ տուժում է միակ տղամարդու նրա իմիջը, քանզի նա իր խոսքի տերը չէ: Ընդամենը մի քանի ամիս առաջ հրաժարվել էր առաջադրվել երկրի նախագահի թեկնածու: Ինչպես է հրաժարվում միակ տղամարդու իր խոսքից: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ նա երկրի նախագահ է ուզում մնալ եւ ոչ թե օրենքով գող: Հասկանալի է, որ ընտրությունների ընթացքում ողջ ընդդիմությունը չի հասցնում վարկաբեկել «դուխով տղուն», որն ուզում է մնալ երկրի նախագահի պաշտոնում: Ըստ այդմ, միանգամայն լեգիտիմորեն Ռոբերտ Քոչարյանը 2003-ին դառնում է կամ ընտրվում է երկրի նախագահ: Ավելացնենք, որ արձանագրելով նախագահ դառնալու այս տարբերակը, իրականում մենք Քոչարյանին խանգարում ենք օգտվել դրանից: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել