Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատական գայլերը

Մայիս 04,2002 00:00

Ազատական գայլերը Երեկ ՀՀՇ գրասենյակում սեմինար էր՝ «ԶԼՄ-ների դերը քաղաքացիական հասարակության զարգացման մեջ» թեմայով։ Հրավերին արձագանքել եւ հիմնական զեկուցողներից մեկն էլ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն էր։ Առանձնացնենք որոշ ուշագրավ դատողություններ նրա ելույթից. «Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ «Ա1+» հեռուստաընկերության խնդիրը քաղաքականացվի, իր դեմ շահարկվի որպես ընդդիմության քաղաքական լծակ եւ դրանով քողարկի այն անօրինականությունները, որոնք կատարել են հանձնաժողովի անդամները»։ Մեսրոպ Մովսեսյանը նկատեց, թե նախապես ձգտում էին հեռու մնալ խնդրի քաղաքականացումից՝ աշխատելով, որ «Ա1+»-ը մնա զուտ իրավական դաշտում, իսկ քաղաքական գործիչներն, իհարկե, պետք է պաշտպանեն ազատ խոսքի ոտնահարված իրավունքը։ Ի դեպ, պրն Մովսեսյանը եւս մեկ անգամ շեշտեց, թե վստահ է, որ չի ունենալու որեւէ հաջողություն իրավական դաշտում, բայց շարունակելու է պայքարը սահմանադրական իրավունքների համար. «Պայքարի այդ երկու՝ իրավական եւ քաղաքական ուղղությունները պետք է մի ինչ-որ կիզակետում հանդիպեին։ Եվ այդ գործընթացը շարունակվում է մինչ այսօր։ Հանդիպման կետը ես դեռ լավ չեմ պատկերացնում, բայց համոզված եմ, որ դա վերջիվերջո լինելու է։ Քանի որ այդ ամենը չի վերաբերում միայն «Ա1+»-ին՝ նաեւ Սահմանադրությունն է խախտվել, դա իմ համոզմունքն է»։ Սեմինարին ներկա Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց, թե փորձելով լուծումը գտնել իրավական դաշտում՝ «Ա1+»-ը պատրա՞ստ է օգտագործել միջազգային իրավունքի նորմերը, թե՞ բարդույթներ ունեն հարցը միջազգայնացնելու առնչությամբ։ Ի դեպ, պրն Իգիթյանը խոստովանեց, թե ինքը՝ որպես քաղաքական գործիչ, ունի՛ նման բարդույթներ՝ չի ուզում մի քիչ առաջ ընկնել, քանի որ իրենց պարագայում այս խնդիրը շատ ավելի կքաղաքականացվի։ Ուստի, նաեւ հարցրեց՝ «Ա1+»-ն ունի՞ իրենց աջակցության կարիքը։ «Բոլորի աջակցությունն էլ մենք անընդհատ սպասում եւ տեսնում ենք,- պատասխանեց պրն Մովսեսյանը՝ այդ աջակցությունն անվանելով խիստ անհրաժեշտ։- Մենք հիմա լրջորեն պատրաստվում ենք միայն միջազգային ատյանների հետ աշխատելուն, քանի որ տեղական ատյաններից չունենք ոչ մի սպասելիք… Իրավական դաշտում պայքարելու համար պիտի Ստրասբուրգի դատարան հասնես, քանի որ այն Հայաստանում չկա, զրո է, եւ լուծումները միայն ամբողջատիրական են»։ «Ա1+»-ի նախագահը մի պատկերավոր համեմատություն արեց. «Գայլն անտառի սանիտարն է։ «Ա1+»-ը նույն այդ դերն էր ստանձնել՝ սանիտարի դերը։ Եվ ոչ մի կերպ չէր ցանկանում ո՛չ կրկես գնալ, ո՛չ էլ մանավանդ գազանանոց։ Հիմա այս վիճակն է. մի կողմից «Ա1+»-ին քաշում էին դեպի կրկես. պարզ ասեմ՝ դա այն հարթակն է, որտեղից ելույթ ունենալու եւ որեւէ խոսք ասելու իրավունքը ես չունեմ՝ դա ի՛մ խնդիրը չէ, դա ձեր՝ քաղաքական ուժերի խնդիրն է։ Մյուս կողմից էլ քաշում էին դեպի գազանանոց, որտեղ կմտցնեին վանդակի մեջ, կփակեին, կանոնավոր կկերակրեին եւ կկարողանայինք երբեմն ինչ-որ ձայներ հանել այդ վանդակում եւ դրանով կբավարարվեինք։ Ես երկու տարբերակն էլ մերժեցի կտրականապես։ Ես իմ էությամբ երեւի գայլ եմ եւ սիրում եմ ազատ անտառը»: ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը կեսկատակ նկատեց, թե գայլն աշխարհի ամենաազատական կենդանին է, քանզի երբ մի թաթով ընկնում է թակարդը՝ թաթը կրծում, դուրս է գալիս։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել