Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱԾԵՑԻՆ՝ ՄԵԾ

Մայիս 03,2002 00:00

ՄՏԱԾԵՑԻՆ՝ ՄԵԾ Գործեցին ու երազեցին՝ մե՜ծ-մե՜ծ Մայիսի 1-ը՝ աշխատավորության տոնը, առաջին անգամ պետականորեն նշեց «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հ. Վարդանյանը։ Գուցե նաեւ կոմունիստների նախանձը շարժեց «Գրանդ Հոլդինգի» միջոցառումը՝ իր յուրօրինակ «շուքով» ու լսարանի մեծաթիվությամբ։ Հանդիսավոր երեկոն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Գրանդ Հոլդինգի» հյուրերը մայրաքաղաքից, ինչպես նաեւ հանրապետության տարբեր մարզերից հրավիրված աշխատավորներ էին, սոցիալիստական աշխատանքի հերոսներ, որոնք էլ իրենց հերթին հրավիրել էին հարազատ-բարեկամների։ «Փառք աշխատանքին», «Գործն է անմահ» եւ մյուս կոմունիստական ոճի լոզունգների ներքո համալիրի երկար ու ձիգ աստիճանները հաղթահարած հանդիսատեսը մի կերպ ներս մտավ։ Դահլիճը չէր բավարարում բոլորին ընդունելու համար։ Իսկ կարգ ու կանոն հաստատող տղաները բոլորին ներս էին թողնում՝ չցանկանալով որեւէ մեկի «սիրտը կոտրել»։ Տոնական համերգը, հայկական սովորության համաձայն, սկսվեց մոտ կես ժամ ուշացումով։ Բեմի վերնամասում տեղադրված էկրանը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր «հին ու լավ» ժամանակների մայիսի 1-ին՝ արթնացնելով միայն կարոտախտով ապրող մեծահասակների հուշերը, երբ «լայնարձակ էր մեր երկիրը եւ չկար ուրիշ այդպիսի երկիր»։ Աշխատավորների մեծարման հանդիսությանը նաեւ ներկա էին նախագահ Ռ. Քոչարյանը, ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանը, քաղաքապետ Ռ. Նազարյանը։ Իսկ խնամքով կազմակերպված երեկոյի ավարտն արդեն ազդարարում էին դահլիճում, աստիճաններին եւ ամենուրեք անփութորեն թափված հրավիրատոմսերը։ Մի բան ակնհայտ էր, որ նույնիսկ փոքր աշխատանք չունեցող երիտասարդին խորթ էին թվում թե՛ աշխատանքը մեծարող ցուցանակները, թե «Գրանդ Հոլդինգի»՝ «Մտածենք մեծ, գործենք մեծ, երազենք մեծ» կարգախոսը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ընդհանուր առմամբ, միջոցառման ողջ նպատակը մեկն էր՝ ինքնամեծարումը։ Իսկ Հ. Վարդանյանը ոչ մի ջանք չէր խնայել մայիսի 1-ը սեփական տոնի վերածելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել