Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրիդըմ Հաուզը» ցույց է տալիս Ռ. Քոչարյանի տոտալիտար գործելաոճը

Մայիս 03,2002 00:00

«Ֆրիդըմ Հաուզը» ցույց է տալիս Ռ. Քոչարյանի տոտալիտար գործելաոճը Նյու Յորքում տեղակայված «Ֆրիդըմ Հաուզ» («Ազատության եւ անկախության տուն») կազմակերպությունը, սկսած 1972թ., ամեն տարի ներկայացնում է աշխարհի բազմաթիվ երկրներում խոսքի ազատության իրավիճակին առնչվող զեկույցներ։ Յուրաքանչյուր երկրում խոսքի ազատության վիճակը գնահատվում է 7 բալանոց սանդղակով։ Որքան տվյալ երկրին տրված գնահատականը մոտենում է զրոյին, այնքան խոսքի ազատության առումով այն համարվում է ազատ երկիր։ Պարզ է, որ Հայաստանի վերաբերյալ գնահատականները այդ կազմակերպության կողմից սկսել են հրապարակվել անկախացումից հետո՝ 1991-92թթ.։ Անկախության առաջին տարում Հայաստանը ստացած 5,5 բալով գտնվում էր ոչ ազատ եւ մասնակիորեն ազատ մամուլ (խոսքի ազատություն) ունեցող երկրների սահմանում։ 1990-ական թվականների առաջին կեսին Հայաստանը վստահորեն տեղ գրավեց մասնակիորեն ազատ երկրների ցուցակում։ «Ֆրիդըմ Հաուզի» անցած տարվա ամփոփագրում նշվում է, որ աշխարհում մամուլի ազատության վիճակն ընդհանուր առմամբ լավացել եւ առաջընթաց է արձանագրել։ Դրան հակառակ, Հայաստանին առնչվող ամփոփագրում նշվում է, որ 2001թ. մեր երկրում խոսքի եւ մամուլի ազատության վիճակը վատթարացել է։ Եվ դա դեռ անցած տարի։ «Ա1+» հեռուստաընկերությանը զրկելով եթերից, մեր երկրի իշխանությունները միջազգայնորեն Հայաստանին մասնակիորեն ազատ երկրների շարքից (որում ընդգրկված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Վրաստանը եւ այլն) ցանկանում են հետ շպրտել դեպի ոչ ազատ երկրների շարքը (դրանց շարքերում է նաեւ Ադրբեջանը)։ «Ֆրիդըմ Հաուզի» զեկույցում ցուցանվում է քոչարյանական վարչախմբի՝ խոսքի եւ մամուլի ազատության դեմ ուղղված գործողությունների նեոտոտալիտար գործելաոճը։ Ստեղծվել է պետական հանձնաժողով եւ դրա գործունեության մասին հատուկ օրենք։ Մամուլը կաշկանդված է ազատազրկում նախատեսող օրենսդրական դրույթով։ Այսպիսով, ՀՀ նախագահը օրենսդրորեն եւ իր իսկ կողմից ձեւավորած հակաժողովրդական կառույցների միջոցով միանձնյա որոշում է կայացնում զանգվածային լրատվամիջոցների գոյության եւ չգոյության (գրանցման կամ չգրանցման) եւ հատուկենտ ազատ մամուլում տպագրվող նյութերի «օրինականության եւ անօրինականության» առնչությամբ, որը հար եւ նման է տոտալիտար բռնակալների գործելաոճին։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել