Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ-ՈՔԻ՝ ՀՕԳՈՒՏ «ՌԵԱԼԻ»

Մայիս 03,2002 00:00

ՈՉ-ՈՔԻ՝ ՀՕԳՈՒՏ «ՌԵԱԼԻ» Եվ այսպես, Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցանակը՝ Չեմպիոնների գավաթը, մայիսի 15-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կվիճարկեն Լեւերկուզենի (Գերմանիա) «Բայերը» եւ Մադրիդի (Իսպանիա) «Ռեալը»։ Նախավերջին փուլում գերմանական ակումբը պարզապես հրաշք գործեց՝ երկու հանդիպումների արդյունքով պայքարից դուրս մղելով համաշխարհային մակարդակի այնպիսի ակումբի, ինչպիսին է Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հրաշք այն առումով, որ «Բայերը» բունդեսլիգայի առաջնությունում դեռ պետք է պայքարի չեմպիոնության համար եւ եթե դա չստացվի, բայց հաջողությունը նրան ժպտա ՉԼ-ում, ապա դա կլինի առաջին ու առայժմ միակ դեպքը, երբ ակումբը նվաճում է Եվրոպայի ամենահեղինակավոր ավարը՝ այդպես էլ չեմպիոն չդառնալով իր հայրենիքում։ Ինչ վերաբերում է 1/2 եզրափակիչի «Ռեալ»-«Բարսելոն» պատասխան հանդիպմանը, դրա անցկացումը մեկնարկից մի քանի ժամ առաջ կասկածի տակ դրվեց։ Պատճառը Մադրիդում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններն էին, որոնցից մեկը հնչեց «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անմիջական հարեւանությամբ։ ՈՒԵՖԱ-ի հետ շտապ հրավիրված խորհրդակցությունից հետո, այնուամենայնիվ, որոշվեց, որ հանդիպումը պետք է կայանա նշանակված օրը եւ ժամին, իհարկե, անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու պայմանով։ Ինչպես եւ սպասվում էր, «Բարսելոնը» հենց խաղասկզբից դիմեց բուռն գրոհների։ Հյուրերն այլընտրանք պարզապես չունեին, որովհետեւ անհրաժեշտ էր որքան հնարավոր է արագ կրճատել եւ վերացնել երկու գնդակի տարբերությունը, որ ի վնաս իրեն գրանցվել էր դեռ առաջին, սեփական հարկի տակ կայացած խաղում։ Սակայն «Ռեալը» արագ կարողացավ վերացնել հյուրերի մեկնարկային ճնշումը եւ ինքը կազմակերպել մի քանի վտանգավոր գրոհներ։ Սակայն երկուսի գործողություններն էլ չէին հասնում տրամաբանական ավարտի։ Առաջին 20 րոպեներից հետո, իսկ դաշտի տերերն այդ ընթացքում որոնում էին մրցակցի խոցելի կողմերը, արքայական ակումբի գործողություններն սկսեցին ավելի մեծ վտանգ ներկայացնել, թեեւ տարածքային առավելությունը դեռ «Բարսելոնի» կողմն էր։ Դարպասը գրավելու լավ առիթներ ձեռքից բաց թողեցին Զիդանը, Գուտին, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը։ Ճիշտ է, կատալոնացի հյուրերն առանց իրենց առաջատար Ռիվալդոյի զիջում էին հարձակման գծում, բայց 38-րդ րոպեին Ռոշեմբակի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Կլյուվերտի ու անձնազոհաբար դեպի գնդակը նետված դարպասապահ Սեզարի պայքարի արդյունքում գոլ գրանցվելու փոխարեն վնասվեց վերջինի հոնքը։ Դրանից հետո կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին։ 43-րդ րոպեին Զիդանն ու Ռաուլն, օգտվելով Խավիի կոպիտ սխալից, նետվեցին դեպի «Բարսելոնի» դարպաս եւ վերջինը մոտ 17 մետրից հուժկու եւ անչափ գեղեցիկ հարվածով գնդակը մխրճեց դարպասի վերին անկյունը՝ 1։0։ Սա արդեն վերջնական հաղթանակ էր։ Սակայն ընդմիջումից անմիջապես հետո «Բարսելոնը» թրջեց հաշիվը։ Եվ դրանում նրան օգնեց Էլգերը, խառը իրավիճակում գնդակն անզգուշաբար ուղարկելով սեփական դարպասը։ 1։1 հաշիվը պահպանվեց մինչեւ մրցավար Պյերլուիջի Կոլինայի՝ խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել