Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ վախենալու Ալֆրեդը

Մայիս 03,2002 00:00

Շատ վախենալու Ալֆրեդը Ապարանցիները «Ալֆրեդի սենյակ» են խաղում եւ հաջորդ օրը Ալֆրեդին վտարում խաղից: Երբ ռուսները արտասահմանյան հեռուստախաղեր են կրկնօրինակում, դա նրանց լավ էլ հաջողվում է, եւ խաղի համն ու հոտը բոլորովին չի կորչում, բայց երբ գործի են անցնում հայերը, ապա նրանց կազմակերպած հեռուստախաղերն ու ծրագրերը, չգիտես ինչու, նմանվում են ծաղրանքի: Ինչո՞ւ է դա արվում, երբ այդ մակարդակի խաղերին իրոք կրթված ու բանիմաց մարդիկ չեն մասնակցում, իսկ ով մեծամտության բարդույթ ունի եւ որոշում է «փայլել» գիտելիքներով, հանրապետությունով մեկ խայտառակ է լինում: Օրինակ, «Բարի լոտո»-ի վիկտորինան: Գավառամիտ մարդիկ պարծենում են, երբ տասնհինգ րոպե մտածելուց հետո կռահում են, որ Էյֆելյան աշտարակը գտնվում է Ֆրանսիայում, այն էլ՝ Փարիզում: Էլ չեմ խոսում որոշ հեռուստաալիքների «հրաշք» վիկտորինաների եւ հաղորդավարների մասին: Նրանք պարզապես անկրկնելի են: Բայց ամենից շատ ինձ դուր է գալիս «Ալֆրեդի սենյակ» հեռուստախաղը: Այն իմ կյանքի ուրախությունն է եւ սթրեսից դուրս գալու ամենամատչելի միջոցը: Սա, իհարկե, հեգնանք է, բայց դաժանն այն է, որ ողջ երիտասարդությունն ամենայն լրջությամբ հետեւում է խաղի ընթացքին, եւ օրվա թեման խաղի քննարկումն է դառնում: Ոմանք, ինչ-որ տեղ գիտակցելով, որ Ալֆրեդին ու նրա «խելացի» երիտասարդներին լուրջ վերաբերել չի կարելի, էլի ամբողջ օրը քննարկում են խաղը, սակայն ձեւանում են, որ զարմացած են խաղի տափակ մասնակիցներով: Թվում էր՝ «TV-5» հեռուստաալիքը, կարծես թե ճաշակով է՝ լավ ընտրված գեղարվեստական ֆիլմեր է ցուցադրում, բայց այս խաղը նրա ճակատագրական սխալն էր՝ ինչի պատճառով այսուհետեւ այն կրելու է անմակարդակ խաղին եթեր տրամադրողի պիտակ: Զարմանում եմ՝ ինչպե՞ս են «Ալֆրեդի սենյակ» խաղի մասնակիցները Ալֆրեդի հետ «խորիմաստ» զրույցներ վարելիս սարսափահար լինում եւ նրան «պարոն Ալֆրեդ» անվանում: Այն դեպքում, երբ այդ հարգելի պարոնը ողջ խաղի ընթացքում չի կարողանում մի հետաքրքիր հարց մտածել, բացի մեկից. «Դու հոգեբույժի կարիք ունե՞ս»: Ձայնի վրա էլ, երեւի, աշխատում են քաղաքի լավագույն մասնագետները, որպեսզի այն մի քիչ թավ ու խորհրդավոր հնչի: Չար լեզուներն ասում են, որ Ալֆրեդը հենց ինքը հանրապետության վարչապետն է՝ զվարճանում է: Խաղի մասնակիցներն էլ Ալֆրեդին արժանի են: Եթե չհաշվենք մի քանի տղաների (հենց խաղի սկզբից, երբ մասնակիցները բազմաթիվ էին, տղաները աղջիկներից շատ էին տարբերվում՝ ավելի բնական էին, անմիջական, նաեւ անկեղծ ու զարգացած), մնացած մասնակիցների վիճակը լուրջ է: Նրանք, իհարկե, հոգեբույժի կարիք չունեն, բայց փոխարենը գիտելիքների ու հնարամտության պակաս ունեն: Օրինակ, մեկ անգամ հանձնարարություն էին ստացել՝ պարել: Բոլորը կատարեցին հայելու դեմ երկար տարիների ընթացքում պարապած իրենց ստանդարտ շարժումները, իսկ երբ տղաներից մեկը որոշեց իբր ստրիպտիզ ցուցադրել, աղջիկները նեղացան եւ բոյկոտ հայտարարեցին. «Յախք, լկտի»: Չեմ կարծում, որ խեղճ տղան մինչեւ վերջ հանվեր, պարզապես նա ուզում էր վերջ դնել միօրինակությանը: Մի քանի խորհուրդ խաղի մասնակիցներին՝ գոնե ինքնակթությամբ զբաղվեք՝ գիրք կարդալով, մեկ-երկու տող արտագրելով այստեղից-այնտեղից, որպեսզի գոնե տեղյակ լինեք, որ թեթեւ բեռ տեղափոխելու համար նախատեսված պոլիէթիլենե հարմարանքին տոպրակ են ասում եւ ոչ թե «ցելեֆոն»: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ Խմբագրությունը ստացել է մոտավորապես նույն բովանդակությամբ այլ նամակներ եւս, որոնց հեղինակները՝ հոգնած ցուցադրվող ալրախաղից, ալֆրեդյան «Վարդավառից» կամ մյուս գռեհիկ տեսարաններից, խաղի մասնակիցներին կոչ են անում ավելի լուրջ գործով զբաղվել, իսկ կազմակերպիչներին հորդորում իրենց «ավելացած» գումարներից բաժին հանել մանկատներին ու ծերանոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել