Լրահոս
Օրվա լրահոսը

4,5 ՀԱԶԱՐԸ ԿԲԱԺԱՆՎԻ 3-Ի ՄԻՋԵՎ

Մայիս 03,2002 00:00

4,5 ՀԱԶԱՐԸ ԿԲԱԺԱՆՎԻ 3-Ի ՄԻՋԵՎ «Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե ցավոք, կերպարվեստի դաշտն այսօր Երեւանի եւ Հայաստանի սահմաններում չի մնացել։ Մեր ընկերներից շատերը գտնվում են Փարիզում կամ Լոս Անջելեսում, մի մասն էլ վերադարձել է արտասահմանից, ու ստեղծվել է մի կոնսոլիդացիա արվեստում, որը ոչ թե համազգային անունն է կրում, այլ կոչվում է Արվեստի երեւանյան միջավայր»: Այսպես է կարծում «Վահագն» համահայկական մրցանակաբաշխության կերպարվեստի հանձնաժողովի նախագահ Նազարեթ Կարոյանը։ Ըստ նրա, այդ միջավայրի մաս են կազմում ստեղծագործողներ, որոնք իրենց կյանքի զգալի մասը դրսում են անցկացրել եւ արվեստագետներ, որոնք 10-15 տարի բացակայել են Հայաստանից՝ պահպանելով, սակայն, ստեղծագործական ինտենսիվ կապերը։ Մրցույթի պայմաններից մեկի համաձայն, արվեստագետներին կարող էին առաջադրել հանրապետությունում եւ Սփյուռքում գործող թանգարանային ու ցուցահանդեսային հիմնարկությունները, մասնավոր պատկերասրահները եւ կերպարվեստի կրթական հաստատությունները։ Արդյունքում այնպես է ստացվել, որ դրսի հաստատությունների կողմից առաջադրվածները երեւանցիներ են դուրս եկել։ Ն. Կարոյանը տեղեկացրեց, որ նախապես հայտավորված ավանդական, ժամանակակից կերպարվեստի ոլորտի, ինչպես նաեւ լայն մշակութային դաշտի 19 կազմակերպություններից (Նկարիչների միություն, Ժողարվեստի թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան եւ այլն) միայն 12-ն էին ստեղծագործությունների առաջադրումներ կատարել։ Այսօր արդեն ավարտվել է մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը, որի ընթացքում 12 հաստատություն առաջադրել էր շուրջ 44 ստեղծագործություն։ Հետաքրքիրն այն է, որ դրանց մեջ կան ստեղծագործություններ, որոնք ներկայումս Հայաստանում չեն եւ հեղինակներ, որոնք արդեն 10 տարի չեն ապրում Հայաստանում (Լեւոն Լաճիկյան, Սարգիս Համալբաշյան, որի գործերը Վաշինգթոնի մի մասնավոր թանգարան էր առաջադրել)։ Ն. Կարոյանի հավաստմամբ, կան կազմակերպություններ էլ, որ թեեւ արտասահմանում են բացված, սակայն Հայաստանում ավելի ակտիվորեն են գործում։ Նա ցավով նկատեց, որ Հայաստանի սահմաններից դուրս հաճախ մեր արվեստագետներն ավելի են գնահատվում, որովհետեւ «այնտեղ նրանց նկատում են»։ Ն. Կարոյանի համոզմամբ, բնավ պարտադիր չէ «որ անպայման գրպանիցդ փող հանես ու տաս արվեստագետին», որպեսզի վերջինս իրեն շոյված զգա։ Կերպարվեստի հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովը գործում է այնպիսի սկզբունքով, որ անդամները (Հ. Իգիթյան, Շ. Խաչատրյան, Վ. Գալոյան, Կ. Միքայելյան եւ այլք) միմյանց չհանդիպեն. «Բայց դա չի նշանակում, որ նրանք ծանոթ չեն ստեղծագործությունների վերաբերյալ ունեցած միմյանց կարծիքներին»։ Որովհետեւ, ինչպես Ն. Կարոյանն է ասում. «Ես գիտեմ՝ դիմացինս ինչ է առաջադրելու, դիմացինս էլ գիտի՝ ես ինչ եմ առաջադրում»։ Հանձնաժողովի նախագահից տեղեկացանք նաեւ, որ 24 ստեղծագործությունից 21-ն է հանձնաժողովի հավանությանը արժանացել, իսկ 21-ից առավելագույն ձայն հավաքել է ընդամենը 9 ստեղծագործություն։ Կերպարվեստի հանձնաժողովը նախնական արդյունքներով ձեւավորել է իր կարծիքով ամենահետաքրքիր ստեղծագործությունների հետեւյալ ցանկը. Արա Ալեքյան՝ «Ռնգեղջյուր», Գրիգոր Խաչատրյան՝ «Մանիֆեստ», Ալբերտ Հակոբյան՝ «Ներկապնակ» շարքը, Սարգիս Համալբաշյան՝ «Խորհրդավոր ընթրիք», Ռուբեն Ղեւոնդյան՝ «Երեւան» հյուրանոցի որմնանկարային հարդարանքը», Կարինե Մացակյան՝ «Լուռ զրույց մոր հետ», Արա Շիրազ՝ «Փշե պսակ եւ երեք մեխ»։ 9 լավագույնների թվին են դասվել նաեւ Արկադի Պետրոսյանի եւ Արարատ Սարգսյանի գործերը, որոնք մրցանակի հավանական թեկնածուներն են։ Խոստացված մրցանակը՝ 4,5 հազար դոլարը, սակայն, բաժանվելու է միայն 3 հեղինակների միջեւ, որոնց առանձնացնելու հարցում հանձնաժողովը դեռեւս դժվարանում է։ Ն. Կարոյանը ավելի քան համոզված է, որ հեռու մնալով «միջինությունը առաջ տալուց» եւ հաշվի առնելով «առավելագույն վառ, առավելագույն բանավիճային եւ բարձր գնահատականի արժանացած» ստեղծագործությունները՝ հանձնաժողովը ճիշտ ընտրություն է կատարել։ Իսկ իրեն՝ հանձնաժողովի նախագահին կոնկրետ հետաքրքրում է ոչ թե արվեստի արտադրությունը՝ ստեղծագործությունները, այլ դրանց գնահատումը. «Մենք շարունակ ունեցել ենք արվեստի, գեղարվեստի արտադրություն, սակայն պրակտիկորեն չենք ունեցել գնահատում»։ Նա ասաց, որ փորձել է համակարգել «Վահագն» մրցանակաբաշխությունը՝ ունենալով մի կարեւոր նպատակ՝ ցույց տալ գնահատման հանրային անհրաժեշտությունը եւ բարձրացնել նրա հեղինակությունը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել