Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակացու 1-ին նրբանցք, թիվ 2 հասցեում

Մայիս 03,2002 00:00

Շիրակացու 1-ին նրբանցք, թիվ 2 հասցեում Մարդու իրավունքների գրադարանը Վանաձորում հիմնադրվել է Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կողմից՝ 1996թ. սեպտեմբերի 1-ին։ Այն սկզբում գործել է տարբեր տարածքներում եւ տեղից տեղ փոխադրվելու տարբեր էտապներում, մինչեւ 1999թ., գրադարանի հիմնադիր իրավապաշտպան կենտրոնը «գոյության կռիվ» է մղել տեղական իշխանությունների եւ նույնիսկ… զինվորական համակարգի հետ։ «1997թ. հուլիսի 29-ին գրադարանի տարածքը բռնագրավել է երկրապահ կամավորականների Վանաձորի ջոկատը, որի հետեւանքով այն 4 ամիս չի գործել»,- նշվում է Մարդու իրավունքների գրադարանի պատմության մեջ։ Իսկ ՀՍԻԿ-ի «Վասն արդարութեան» հանդեսը 1997թ. թիվ 14-ում հավելում է այն, որ «Քաղաքի իրավապահ մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեցին հարձակման հետեւանքները վերացնելու, մեղավորներին պատժելու համար»։ Տարբեր տարածքներում վարձակալական հիմունքներով «դեգերումներից» հետո 2001թ. ապրիլի 30-ին ՀՍԻԿ գրասենյակը եւ Մարդու իրավունքների գրադարանը տեղափոխվում են ՄԱԶԾ-ի կողմից վերակառուցված նոր տարածք՝ Շիրակացու 1-ին նրբանցք, թիվ 2։ Այն հարցին, թե ինչո՞ւ գրադարանի համար որպես մշտական տարածք ընտրվեց քաղաքի «զարկերակից» բավականին հեռու վայր, ՀՍԻԿ-ի նախագահ Գեւորգ Մանուկյանը պատասխանեց, թե «այդտեղ հատկացրին», սակայն միաժամանակ ընդգծեց, որ իրենք գոհ են եւ այցելուների պակաս չունեն։ Գրադարանում գործում են մարդու իրավունքների, Հայաստանի ազգային օրենսդրության, իրավագիտության, աստվածաբանության, մամուլի եւ այլ բաժիններ։ Գրադարանն ունի 9372 կտոր գիրք ու ամսագիր։ 509 ընթերցողներից 118-ը ուսանողներ են, 107-ը՝ աշակերտներ, մնացածը՝ այլ ընթերցողներ։ Մարդու իրավունքների գրադարանի նվիրատու կազմակերպությունների թիվը ավելի քան 40 է, որոնց թվում են «Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը» (Շվեյցարիա), «Միջազգային համաներումը» (Միացյալ թագավորություն), «Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը», «Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամը» (Լեհաստան) եւ այլ կազմակերպություններ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուղղվածությանը եւ Եվրախորհրդի պահանջներին հավատարիմ՝ գրադարանում խրախուսվում է խղճի ազատությունը եւ, Հայ առաքելական եկեղեցուց բացի, նվիրատու կրոնական կազմակերպությունների թվում են նաեւ «Եհովայի վկաներ», «Շաբաթապահ գալստական եկեղեցի», «Վերջին օրերի սրբերի բարեգործություն» կազմակերպությունները։ Մարդու իրավունքների գրադարանում կազմակերպվում են սեմինարներ, հանդիպումներ, հանրաբանական ուսումնասիրություններ։ …Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե Վանաձորի քիմիագործների թաղամասում (ուր 1988թ. երկրաշարժի ամենաավերիչ հետեւանքներն են եւ ուր գտնվում է Մարդու իրավունքների գրադարանը), տնակային մի ողջ ավանի խարխուլ ու ժանգոտ կացարաններում գոյություն քարշ տվող բնակիչները՝ Աստծուց ու կառավարությունից մոռացված, ի՞նչ հաճախականությամբ են այցելում գրադարան (եթե օրվա բազում հոգսերից հետո նրանց «սիրտ ու հավես» է մնում՝ գրադարան այցելելու), եւ արդյո՞ք կարողանում են այդտեղ գտնել իրենց հետաքրքրող «ինչո՞ւ» եւ «ե՞րբ»-երի պատասխանները՝ կապված այսօրվա իրենց տարրական իրավունքների ոտնահարման հետ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել