Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԱՆԵՐԵՍ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Մայիս 03,2002 00:00

ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԱՆԵՐԵՍ ՊԻՏԻ ԼԻՆԻ Տարիներ շարունակ մեր երկրում մայիսի 5-ին նշվել է մամուլի, իսկ 7-ին՝ ռադիոյի եւ հեռուստատեսության օրը։ Վերջին տարիներին մենք մայիսի 3-ին նշում ենք մամուլի միջազգային օրը։ Այդ օրվա նախօրյակին, իմ դասի վերջին 10 րոպեների ընթացքում ես անցկացրի էքսպրես-հարցում եւ առաջարկեցի իմ ուսանողներին պատասխանել այն հարցին, թե ի՞նչ են մտածում նրանք իրենց ապագա մասնագիտության մասին եւ ի՞նչն են առավելապես կարեւորում լրագրողի աշխատանքում։ Հարցմանը պատասխանել են Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի երկրորդ կուրսի ավելի քան 150 ուսանող։ Եվ այսպես, լրագրողի կարեւորագույն հատկանիշների ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են անկեղծությունը, ազնվությունը եւ անկողմնակալությունը։ Այդպես է մտածում հարցվողների 95%-ը։ Ապա գալիս են վարպետությունը, տաղանդը, ինտելեկտը, բարձր բարոյականությունը (60-70%)։ Ուսանողների մեծամասնությունը գտնում է, որ լրագրողի մասնագիտությունը շատ պատասխանատու, ամենաբարդ, ամենահետաքրքիր եւ ամենապարտավորեցնողներից մեկն է։ Այն պահանջում է լինել գրագետ, բազմագիտակ, զուսպ, համեստ, բանիմաց, անաչառ, աչալուրջ, ճշտապահ, զգոն, քաղաքավարի, աշխատասեր, եռանդուն, օրինակելի, տակտով, խիզախ եւ նույնիսկ մի քիչ աներես։ Որոշ ուսանողների պատասխաններում կարեւորվում է համառությունը, անմիջականությունը, իրատեսությունը եւ լավատեսությունը, մաքուր հայերենով խոսելու եւ գրելու կարողությունը, սկզբունքայնությունը, ճիշտ աշխարհայացքը, ժամանակին համահունչ լինելը, ստեղծագործական մտքի թռիչքը, հավասարակշռությունը, գրելաոճը, անհատականությունը, հանուն արդարության պայքարելու կարողությունը, խոսքի ճկունությունը եւ այն գեղեցիկ մատուցելը, ճոխ լեզու եւ վառ երեւակայություն ունենալը, լավ հոգեբան լինելը եւ լրագրողի բարոյական նորմերի կիրառումը, նվիրվածությունը իր մասնագիտությանը, գեղեցիկ ու ճաշակով հագնվելը եւ բարեկրթությունը։ Այժմ մեջբերեմ մի քանի ուշագրավ եւ ինքնատիպ մտքեր նրանց պատասխաններից. «Իմ կարծիքով, լրագրողը տվյալ պետության եւ տվյալ ժողովրդի հայելին է։ Լավ լրագրողը պետք է ունենա ճիշտ կողմնորոշվելու ընդունակություն» (Լուսինե Հովհաննիսյան, 2-րդ Դ)։ «Լրագրողը ինֆորմացիա ստանալու նպատակով չպետք է օգտագործի Սահմանադրությամբ արգելված միջոցներ եւ գործի օրենքի սահմաններում։ Նա պետք է ունենա իր «եսը» եւ երբեք չդավաճանի իր սկզբունքներին» (Եղիազարյան Ինեսա- 2-րդ Գ)։ «Ներկայիս քաղաքականապես շիկացած դարաշրջանում լրագրությունն է այն կամուրջը, որը կապում է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը ինչպես իր ազգի, այնպես էլ աշխարհի ու մարդկության կյանքի ու անցուդարձի հետ։ Լրագրողի մասնագիտությունը անընդհատ կատարելագործվելու հնարավորություն ունի, քանի որ նրա ուսուցիչը կյանքն է» (Դալլաքյան Տաթեւիկ, 2-րդ Դ)։ «Լրագրողը պետք է լինի օրինակելի ազնվության տեր մարդ, քանզի դրանից է կախված շատ մարդկանց ճակատագիրը։ Նա մեր կյանքի չարիքն ու անարդարությունը բացահայտողն է» (Պողոսյան Ռոզա, 2-րդ Դ)։ «Լրագրողի ամենակարեւոր խնդիրը եւ հաջողության գլխավոր նախապայմանը մարդկանց հոգսերը ինչ-որ չափով լուծելը եւ թեթեւացնելն է» (Եգորյան Մարինե, 2-րդ Բ)։ «Ցանկացած լրագրող պետք է լինի մասնագիտորեն անխոցելի, գիտելիքներով զինված, ուժեղ նկարագրի տեր եւ բարոյական նորմերին հավատարիմ անձ» (Ղամբարյան Ալիսա, 2-րդ Ա)։ «Իմ ապագա մասնագիտության մեջ ես կարեւորում եմ լրագրողի ասելիքի, արտահայտած մտքերի ինքնատիպությունը եւ նրա մատուցածի, վերաբերմունքի հասարակական հնչեղությունը։ Կարեւոր է նաեւ, թե լրագրողը կյանքի ո՞ր կողմերի վրա է կենտրոնացնում իր ուշադրությունը, ի՞նչ հարցադրումներ է առաջ քաշում եւ ի՞նչ լուծումներ է առաջարկում» (Վարդանյան Քրիստինե, 2-րդ Ա)։ «Ես կանեմ ամեն ինչ, որ իմ նյութերում միշտ լինեն հույսն ու հավատը, որոնք պետք է ուժ տան ընթերցողին եւ հավատ ներշնչեն։ Ես իմ ընթերցողների առաջ ուզում եմ բացել մի ուրիշ աշխարհ եւ «ստիպել» նրանց սիրել, ընկալել, զգալ մեր նկարիչներին, երաժիշտներին, գրողներին, դերասաններին։ Իսկ մեր մամուլում հիմա ավելի շատ կուսակցությունների պայքար, քաղաքական վեճեր, հայհոյանքներ եւ հանցագործությունների նկարագրություններ են…» (Մանուկյան Քրիստինե, 2-րդ Ա)։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել