Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծիծաղելի՞ է՝ ծիծաղեք

Մայիս 03,2002 00:00

Ծիծաղելի՞ է՝ ծիծաղեք ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը շուտով ԱԺ-ում կներկայացնի «2001-03թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի» կատարողականը։ Նախարարը ճշտեց, որ դա հաշվետվության տեսքով կընդունի, թե այլ՝ ԱԺ-ն կորոշի։ Կարող է ընդունել նաեւ «ի գիտություն»։ Մինչեւ այդ հաշվետվություն ասվածին անցնելը, պրն նախարարը սկսեց պատճառաբանել ծրագրի թերակատարումը։ Օրենքն ընդունվել է 2001թ. կեսերին։ Երեք տարվա ծրագրի 40%-ը (այսինքն 300-ից ավելի ընկերություններ) նախատեսված է եղել 2001-ի համար։ Մասնավորեցվել է 231 ընկերություն՝ ծրագրվածի 75%-ը, իսկ մուտք արվել է ավելի քիչ՝ ծրագրվածի 50%-ը՝ 2,5 մլրդ դրամ։ Դրանից 2,1 մլրդը ստացվել է խոշոր ընկերությունների մասնավորեցումից, 400 մլնը՝ փոքր օբյեկտների։ Ասենք նախարարի բառերով. «Շատ ծիծաղելի գումար՝ ընդամենը 14 մլն դրամ անավարտ շինարարության օբյեկտներից է եկել»։ Իբրեւ սրանք ընդունելի ցուցանիշներ են, պարոն Վարդանյանն ասաց. «Նույնիսկ ավելի ցածր ցուցանիշների դեպքում, ես գտնում եմ, որ կան բավական օբյեկտիվ պատճառներ, որ մասնավորեցումը այն ծավալով, ինչպես որ նախատեսվում էր մասնավորեցման օրենքով, տեղի չունենա»։ Թվերը թողնելով տեղեկանքին, նախարարը դարձյալ վերադարձավ օրենքի չկատարման «խոչընդոտներին»։ Դրանցից առաջինը նշեց պետական ընկերությունների կուտակած խոշոր պարտքերը՝ իբրեւ դրանք ոչ գրավիչ դարձնելու գործոն, հետո նաեւ՝ տեխնիկական պատճառները՝ կադաստրի, հողհատկացման փաստաթղթերի բացակայությունը եւ այլն։ 1100 փոքր օբյեկտների մասնավորեցմանը, ըստ նախարարի, խոչընդոտել են բարձր գները։ Այնքան, որ կառավարությունը ստիպված է եղել դրանց գներն իջեցնել՝ մարզերում 90%-ի չափով, Երեւանում՝ 70%։ Որպես անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հիմնական սկզբունք էլ ցանկանում են ընդունել այն, թե ով ինչքան շուտ կավարտի դրանք եւ ոչ թե պետբյուջե ակնկալվող մուտքերը։ Շուտ ավարտելու հետ կապված։ Կառավարությունը, ՀՀ նախագահը ժամանակ առ ժամանակ հայտարարում են աղետի գոտու մեկ վերջնական վերականգնման մասին, մեկ էլ՝ այնպիսի մի ծրագրի մեկնարկի մասին, որն աղետի գոտին ընդհուպ մոտեցնում է վերջնական վերականգնմանը։ Քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը կառավարությունում երեկ ներկայացրել էր Շիրակի եւ Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու հարցը՝ աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում։ Ըստ այդմ, Շիրակի մարզում 2100, Լոռում՝ 1200 բնակարանի համար բնակիչների կողմից վճարվելիք 25%-ի վարկային պարտավորությունն իր վրա վերցնում է պետությունը՝ 3,8 մլն դոլարի չափով։ Քաղաքաշինության նախարարը ներկայացրել էր նաեւ «ՀՀ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման եւ բարելավման ծրագիրը»։ Սրանով են որոշվելու հանրակրթական համակարգի շենքային ֆոնդի վերանորոգման առաջնահերթությունները։ Հանրապետության 1400 դպրոցների մեծ մասը կառուցվել է 1930-65թթ. եւ այսօրվա ուսումնական պահանջներին չի բավարարում, բացառությամբ 120-130 նորակառույցների՝ հիմնականում աղետի գոտում։ Դրանց 65,5%-ը կարիք ունի հիմնանորոգման, 16%-ը՝ մասնակի վերանորոգման։ Մինչեւ այս՝ 9 մլրդ արժողությամբ եւ 2002-06թթ. ընդգրկող ծրագիրն էլ դպրոցները վերանորոգվում էին, սակայն, ըստ նախարարի՝ չպահպանելով դպրոցի առաջնահերթությունները։ Ասենք, երբ դպրոցի տանիքն անմխիթար վիճակում է, սակայն գումարները ծախսվում են դրա, ասենք, մանրահատակը կամ ապակիները փոխելու համար։ Գուցե թե հաշվի առնելով այն, թե ինչ ավարտի կարող է սպասել տնօրենը՝ ինքնուրույն տանիք վերանորոգելու համար, կառավարությունը վերը նշված ծրագիրը հաստատելով, այսուհետեւ իր վրա է վերցնում վերանորոգման տրամաբանական հերթականության պատասխանատվությունը։ Իսկ թե ինչքա՛ն են մինչեւ այժմ գումարներ ծախսվել՝ այդպես «անառաջնահերթ» եւ ո՛ր դպրոցներում, նախարարը խորհուրդ տվեց՝ ինքներս պարզենք։ Ճիշտ է՝ իրենց ինչի՞ն պետք կգա, որ պարզեն։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել