Երեկ «Ա1+»-ի փաստաբաններին վերջապես տրամադրվեց մեկ շաբաթ առաջ դատավոր Նախշուն Տավարացյանի կայացրած վճռի ամբողջական տեքստը։ Եվ պարզվեց, որ տիկին Տավարացյանը հիմնավոր եւ ապացուցված է համարել միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների փաստարկները։ Ասենք, որ նրանք չէին կարող ժամանակին անցկացնել մրցույթը, քանի որ հանձնաժողովի կանոնակարգն ուժի մեջ է մտել միայն այս տարվա սկզբին։
Տիկին Տավարացյանը հարկ չի համարել իր վճռում անդրադառնալ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ո՞ր հոդվածից է բխում, թե կարելի էր մրցույթ չանել, եթե հանձնաժողովի կանոնակարգն ընդունված չէ։ Կամ՝ տիկին Տավարացյանը մեջբերել է օրենքի դրույթը, թե հանձնաժողովը «հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը եւ հայտարարում ազատ հաճախությունների մրցույթ», եւ քիչ հետո նշել. «Հիշատակված հոդվածը չի նախատեսում ազատ հաճախությունները մեկ մրցույթով անցկացնելու կարգ»։
Թերեւս դատավորին պետք էր կա՛մ մի լեզվաբան օգնական ունենալ, կա՛մ էլ դիմել առնվազն տարրական կրթություն ունեցող որեւէ մեկի օգնությանը, որը տարբերում է եզակի եւ հոգնակի թվերն իրարից։ Եվ նրան կբացատրեին, որ եթե օրենսդիրը նախատեսեր ազատ հաճախությունները մի քանի մրցույթներով բաշխելու կարգ, օրենքում կլիներ ոչ թե «մրցույթ» բառը, այլ՝ «մրցույթներ»։
Նախշուն Տավարացյանը գրչի մի հարվածով «հիմնավորված չեն» է որակել «Ա1+»-ի ներկայացուցիչների պնդումները, թե Ազգային հանձնաժողովը խախտել է օրենքի 49 հոդվածի պահանջները, բավարար համարելով այն, որ այդ հոդվածով նախատեսված տեղեկությունների «մի մասը» հանձնաժողովը պահանջել է ներկայացնել մրցութային առաջարկում։
Կարդացեք նաև
Այս արտառոց վճռի վերաբերյալ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի մեկնաբանությունները կներկայացնենք առաջիկայում։ Իսկ առայժմ նշենք, որ իրավացի էր «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, երբ երեկ, մինչեւ վճռին ծանոթանալը, ասում էր լրագրողներին. «Ես ակնկալիք ունեմ մի քիչ ծիծաղելու, երբ կներկայացվեն հիմնավորումները օրենքի 19 դրույթները խախտելու վերաբերյալ»։
Ա. Ի.