Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանության դեմ ծնկի եկածները

Մայիս 03,2002 00:00

Իշխանության դեմ ծնկի եկածները ԵԿՄ երկար՝ դեռ անցյալ տարվանից սպասված հերթական 5-րդ համագումարն արդեն՝ ոչ վաղ անցյալի, բայց պատմություն է: Այն ԵԿՄ բոլոր համագումարներից ամենադժգույնն ու անդեմն էր: Ամենակարեւորը սակայն այն է, որ նախորդ՝ 99-ի դեկտեմբերի 4-ին կայացած համագումարում, երկրում ստեղծված իրավիճակի, «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ իր հատու դիրքորոշումներում ԵԿՄ-ն էական սրբագրումներ էր կատարել, ինչն, անկեղծ ասած, անակնկալ չէր: Կազմակերպության 4-րդ համագումարում հնչած եւ իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ուղղված բազում կծու ելույթներին զուգահեռ ու համահունչ՝ ԵԿՄ-ն այն ժամանակ ընդունել էր հայտարարություն ու բանաձեւ: Երկրապահները 99-ին պահանջում էին ԱԱՆ նախկին նախարար եւ համագումարի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, պնդում էին, որ նա մեղավոր է «27»-ը չկանխելու համար, որ ոճրագործությունը կազմակերպիչներ է ունեցել, ու պահանջում էին բացահայտել նրանց: Հարկ ենք համարում շեշտել, որ ԵԿՄ համագումարում ընդունված հայտարարությունն ու բանաձեւը արժանացել էին, իհարկե, նաեւ գեներալ Մանվելի, վարչապետ Ա.Մարգարյանի հավանությանը: 99-ից հետո՝ հատկապես վերջիններիս ու 4-րդ համագումարից հետո՝ գեներալ դարձած գնդապետների համար շատ բան էր փոխվել, եւ պետք էր սպասել, որ փոխվելու էր նրանց վերաբերմունքը նաեւ իրենց կյանքում անհնարինը հնարավոր դարձրած իշխանությունների նկատմամբ, մեղմվելու էին նախկինում վերջիններիս տրված գնահատականները: Կրոնափոխությունը կատարված էր. մնում էր ջրի երեսին հնարավորինս երկար մնալու գերխնդիրը: Եվ այսպես. ԵԿՄ-ն իր համագումարի հայտարարությամբ՝ «27»-ին անդրադառնալու ձեւ արեց միայն ու արձանագրեց, որ «հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները հստակ կատարեին պետության անվտանգության ապահովմանը կոչված մարմինները»: Ու եթե 4-րդ համագումարում իբրեւ այդպիսի մարմին դիտվել էր առաջին հերթին ԱԱՆ-ն, որով էլ, ի դեպ, պայմանավորվել էր ԵԿՄ-ի եւ «Միասնություն» դաշինքի՝ վարչապետ Արամ Սարգսյանի կառավարության կազմում Ս.Սարգսյանի ԱԱ նախարար չլինելու, նաեւ՝ հետագայում նրան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացնելու պահանջը, ապա 5-րդ համագումարից հետո պարզվեց, որ հայտարարության հիշյալ պարբերությունը միայն շարքային երկրապահներին խաբելու համար էր տեղ գտել: Իրականում, ինչպես գեներալ Մանվելն էր խոստովանել ասուլիսում, իրենք նկատի են ունեցել ոչ թե ԱԱՆ-ն, այլ՝ ՆԳՆ-ն ու դատախազությունը: Հրաշալի տրյուկ էր՝ եւ նալին, եւ մեխին խփելու համար: Իսկ երկրապահներն, ինչպես երեւաց, խայծը կուլ էին տվել, թերեւս, մինչ այդ՝ չիմանալով, թե ԵԿՄ նախագահը կոնկրետ ո՞ր գերատեսչությունն էր նկատի ունեցել: Ասել, թե գեներալ Մանվելի խելքը չէր հասել, որ ահաբեկչության կանխումը հենց ԱԱՆ-ի սուրբ պարտականությունն է՝ ճիշտ չի լինի: Նրան այսօր նույնիսկ ձեռնտու էր անխելք երեւալ, քան՝ թթու խոսք ասել Ս.Սարգսյանին: Թեեւ, չենք կարծում, որ վերջինս դրանից շատ շոյված լինի: Հայտնի է, որ ամենավտանգավորը իշխանավորի համար նախկին հակառակորդների քծնանքն է ու քծնողների աղետալիորեն աճող թիվը: ԵԿՄ-ն իր հայտարարության մեջ նաեւ «դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ իր վրդովմունքն է արտահայտում «Հոկտեմբերի 27»-ն իրականացրած ահաբեկիչների միտումնավոր ձգձգվող դատավարությունից», նաեւ նշում, թե «օրենքների գերակայությամբ է միայն հնարավոր արդարադատության լիարժեք իրականացում եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բացահայտում»: Նկատեք. ոչ մի խոսք՝ հնարավոր կազմակերպիչների, դրանց բացահայտման մասին: Չէ, ԵԿՄ-ն էլ, թերեւս, եկել է այն եզրակացության, որ «27»-ը «ուչաստկովիի» գործ էր, ու ոճրագործության կազմակերպումը սահմանափակվում է 5 ռոմանտիկներով: Միայն թե, նրանց դատավարությունն է ձգձգվում: «ԵԿՄ-ն անբարոյականություն է համարում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի վարկաբեկմանն ուղղված քաղաքական ուժերի եւ առանձին անհատների քարոզչությունը, որը ոչ այլ ինչ է, քան ուղղակի խրախուսում ահաբեկիչներին եւ ահաբեկչությանը»,- հայտարարեցին երկրապահներն ու չփորձեցին կոնկրետացնել այդ «ուժերին» կամ «անհատներին», համեստորեն լռեցին «քարոզիչների» պատվիրատուների մասին: Լռեցին ու ոչ մի տողով չանդրադարձան Քոչարյանի եւ Սարգսյանի, մեղմ ասած, գիտությամբ դատախազության կողմից Վ.Սարգսյանի դեմ քրգործ հարուցելու փորձերին: Չէ, ԵԿՄ վարչությունում ո՛չ դեգեներատներ են, ո՛չ կամակատարներ. գուցե… Ինչեւէ: Մնում է մեր խմբագրմամբ կրկնել Գրետա Սարգսյանի հարցադրումը՝ ի՞նչ է ձեզ պատահել, երբեմնի արծիվներ: Թե՞ կյանքը խրամատ չէ ու իշխանության դեմ ծունկի գալը թուլամորթություն չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել