Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԿԱՄՍՅԱ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ

Մայիս 03,2002 00:00

ՄԵԿԱՄՍՅԱ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ Լրացավ մեկ ամիսը, ինչ ապօրինի մրցույթի հետեւանքով «Ա1+»-ը զրկվեց եթերից։ Այս «հիշարժան» տարեդարձը նշանավորվեց ՄԱԱ-ում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի ասուլիսով։ «Առավոտի» ընթերցողներից մեկն առաջարկում էր, որ «Ա1+»-ը փակելու իշխանությունների կամքը կատարած պաշտոնյաների լուսանկարների կողքին մի դատարկ շրջանակ դրվի ու գրվի. «Այստեղ կարող է լինել ձեր լուսանկարը»։ Թերեւս անկասկած է, որ շուտով այստեղ կհայտնվեն նաեւ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի որոշ դատավորների լուսանկարներ։ «Ես կարող եմ կանխա՛վ, այսօր իսկ հայտարարել, որ վճռաբեկ դատարանն անպայման մերժելու է մեր բողոքը»,- երեկ ասաց «Ա1+»-ի նախագահը։ Մեսրոպ Մովսեսյանն այս ասուլիսում ներկայացրեց «Հայաստանի հեուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի դեմ «Ա1+»-ի ապրիլի 30-ին ներկայացված հայցի բովանդակությունը՝ նշելով, թե նրանք իրավունք չունեին Ազգային հանձնաժողովի միջնորդությամբ դադարեցնել «Ա1+»-ի հեռարձակումը. «Դրա համար կա ձեւ՝ կարգ, որը նախատեսված է օրենքով։ Մրցույթի հաջորդ օրն այն ընկերությունը, որը շահել էր հեռարձակման արտոնագիրը, պիտի ներկայանար, ստորագրեր արձանագրության ներքո ու կատարեր մուծումները, որից հետո նոր պիտի հայտարարվեր, թե «Ա1+»-ը պարտվել եւ զրկվել է արտոնագից։ Դա չի արվել։ Փոխարենը՝ նույն գիշերը, 00.00 ժամին ապօրինի դադարեցվել է մեր հեռարձակումը»։ «Ա1+»-ի նախագահը նաեւ տեղեկացրեց, թե մտադիր են իրենց համբավին վնասելու համար պատասխանատվության ենթարկել Գրիգոր Ամալյանին ու Շամիրամ Աղաբեկյանին՝ հեռուստաընկերությանն իրենց «ներքին համոզմունքի» հիման վրա «1» գնահատելու համար։ Ապօրինի մրցույթ անցկացնելու համար «Ա1+»-ը պահանջելու է հանձնաժողովի ղեկավարներին պատասխանատվության ենթարկել նաեւ իշխանազանցության եւ ինքնիրավչության համար։ Ասուլիսում հերթական անդրադարձը եղավ «Ա1+»-ի խնդիրը քաղաքակա՞ն, թե՞ իրավական հարթությունում լուծելու հնարավորության վերաբերյալ բանավեճին։ «Մենք ուզում ենք, որ պետությունը պաշտոնապես թույլատրի «Ա1+»-ի աշխատակազմին աշխատել,- ասաց «Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդաշարի վարող, «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։- Հետեւաբար, ցանկացած պայքար պետք է լինի իրավական։ Ինչո՞ւ է դա տեղափոխվում քաղաքական դաշտ։ Դա մեր ցանկությունը չէ, բացարձակապես չունենք այդպիսի երազանք։ Պարզապես, եթե հարցը լուծվեր տիկին Տավարածյանի կողմից, այսինքն՝ վերացվեր 19 կետանոց ապօրինությունը, որը ներկայացրել էին «Ա1+»-ի փաստաբանները, ապա, բնականաբար, կասեինք, թե խնդիրը բացարձակապես իրավական էր, եւ ապօրինությունները վերացվեցին իրավական ճանապարհով։ Բայց քանի որ խիստ եւ հիմնավոր կասկածներ ունեմ, որ թե՛ Ամալյանի հանձնաժողովը, թե՛ տիկին Տավարածյանը, թե՛ հաջորդ դատավորը, ասենք՝ պրն Չոբանյանը, գործում են նախագահի հրահանգով եւ ճնշմամբ, ապա, բնականաբար, «Ա1+»-ին առնչվող որոշումը քաղաքական է»։ Արամ Աբրահամյանը նաեւ նկատեց, թե այդ որոշման դեմ պայքարն անպայման չէ, որ տեղավորվի «Ռոբե՛րտ, հեռացի՛ր» կամ «Ռոբե՛րտ, մի՛ հեռացիր» կարգախոսների շրջանակում. «Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ նա կհեռանա՞, թե՞ ոչ։ Ինձ հետաքրքրում է, որ «Ա1+»-ը կարողանա աշխատել»։ Թեեւ նա էլ համաձայնեց, որ «Ա1+»-ը վերաբացելու լուծումը կարող է լինել միայն քաղաքական։ Իսկ «Ա1+»-ի նախագահի համար ընդունելի է սկսված հանրահավաքային շարժումը. «Ի վերջո, նրանց պայքարը գալիս, ինչ-որ տեղ համընկնում է մեր պայքարի հետ։ Կարող է՝ ուրիշ ճանապարհով են գնում։ Իրե՛նց գործն է»։ Արամ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց քաղաքական գործիչներին՝ իրենց ելույթների թեկուզ 1 կամ 5%-ը խոսքի ազատությանը նվիրելու համար։ Մեսրոպ Մովսեսյանը բացահայտեց, թե արդեն իսկ եղել են «Ա1+»-ի հեռարձակումն այլ ալիքներով շարունակելու առաջարկներ, որոնք մերժել է։ Վկայակոչելով նման «բարձր մակարդակի» հանդիպումների խորհրդապահական բնույթը՝ նա հրաժարվեց հրապարակել զրույցների բովանդակությունը կամ բանակցողների անունները։ «Հայլուրի» թղթակիցը հետաքրքրվեց, թե 37 կապուղին մոգական ձգողություն ունի՞, ի՞նչ կլինի, եթե դրա փոխարեն տրամադրվի նման մեկ այլ հաճախություն։ «Սա հաշվարկված էր նրանց կողմից, ովքեր դեռ նոյեմբերին նախագահի նստավայրում որոշել էին «Ա1+»-ի փակումը,- ասաց պրն Մովսեսյանը։- Նոր կապուղու համար պետք կլինի նոր հաղորդակ։ Պիտի պատվիրեմ այն, լուծեմ ֆինանսական հարցերը, եւ պետք կլինի 4-6 ամիս, որ հաղորդակը պատրաստ լինի, հասցվի Երեւան, տեղադրվի, փորձարկվի ու նոր մտնենք եթեր»։ Պարզ է, որ «Ա1+»-ի աշխատակազմը չի կարող կես տարի մնալ գործազուրկ։ Թերեւս պետք լինի նորից թիմ կազմավորել, պատրաստել նոր ծրագրեր։ Այս ամենի համար կպահանջվի մեկ տարի, իսկ մինչ այդ, կազմակերպիչների հաշվարկով, «Ա1+»-ն այլեւս վտանգավոր չի լինի նախագահական ընտրարշավի համար։ Անդրադարձ եղավ նաեւ «Ա1+»-ին եթերից զրկելուց հետո 17 իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությանը, թե Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ։ Մեսրոպ Մովսեսյանը զարմանք արտահայտեց նման պառակտման առնչությամբ. «Ոտնահարված չէ, հա՞, մեր խոսքի ազատությունը։ Եվ բոլորս դրան հավատո՞ւմ ենք»։ Իսկ Արամ Աբրահամյանը հավելեց. «Ես հասկանում եմ, որ հիշյալ 17 լրատվամիջոցների ներկայացուցիչների քաղաքական հայացքները կամ իրենց անհուն սերը դեպի Քոչարյանը թույլ չի տալիս համերաշխություն կամ նույնիսկ ցավ հայտնել, որ փակվել է լրատվամիջոց, եւ իրենց գործընկերները մնացել են առանց աշխատանքի։ Բայց չարախնդալը, ուրախանալն այդ հանգամանքով, կարծում եմ, արդեն… մի քիչ սխալ է»։ Ի դեպ, «Ա1+»-ն այդպես չի վարվել եւ հակառակը՝ աջակցել է ե՛ւ դաշնակցական լրատվամիջոցներին, ե՛ւ «Նոյյան Տապանին», ե՛ւ նույնիսկ Հանրային հեռուստատեսությանն ու նրա ղեկավարին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել