Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ…

Մայիս 03,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ… Խորհրդարանական ամբիոնն ու բազմալսարան հարթակները կարծես քիչ են հայ երեսփոխանների ինքնադրսեւորումներին հագուրդ տալու համար։ Ոչ պատահական (ի տարբերություն առաջին Գերագույն խորհրդի) ներմուծվել է «ճեպազրույցի» ժանր (իրականում՝ «խոսքուզրիցի»), ուր ԱԺ խմբակցություններն ու խմբերը «դիվանագիտական» խաղիկներ են տալիս երկրիս ներքաղաքական «կնճռոտ» հարցերի շուրջ։ Երեկ նրանք նույնքան անպատրաստ էին, ու դա հատկապես երեւաց այն ժամանակ, երբ «հարցեր տվեք» յուրօրինակ «նախաձեռնություն» ցուցաբերեցին։ ԱԺՄ խմբակցությունը, որն այս անգամ ներկայացնում էր Սեմյոն Բաղդասարյանը, գրեթե չերեւաց, քանի որ ներկայացուցիչն անձնավորված դիրքորոշում ուներ այս կամ այն հարցի շուրջ։ Նա անդրադարձավ արտաքին քաղաքականության նկատմամբ ներպետական դիրքորոշումների փոփոխությանը։ Նախագահական ընտրությունների հետ կապված՝ հայտնեց, որ «միասնական թեկնածուի» հարցում չունի պատկերացում եւ որ «մի քիչ զարմանքով» է իմացել, որ «Արշակ Սադոյանն էլ է մասնակցելու»։ Երեկվա եւ ոչ մի բանախոս, իմանալով, որ մայիսի 3-ը Մամուլի միջազգային օրն է, հարկ չհամարեց շնորհավորել լրագրողներին, իսկ ահա բավականին ուշագրավ դատողություններ չզլացան անել մամուլի ազատության եւ այդ «ազատության թշնամիների» մասին։ Ըստ Ս. Բաղդասարյանի՝ «մամուլում կան թշնամիներ, որոնք վնաս են տալիս հենց իրեն», սակայն չորոշակիացրեց՝ ովքեր են, որովհետեւ, ինչպես ինքն ասաց. «դատարան կտաք, ապացույցներ կպահանջեք»։ Մեր այն ռեպլիկին, թե արդյոք նախադեպ չի՞ ստեղծվում, որ «գիտի ու չի հայտնում», նա չպատասխանեց, խոսքը կտուրը գցեց։ Որովհետեւ ի՛նքն ազատ չէր… «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ գլխավորապես Ընտրական օրենսգրքին։ Նա ասաց, որ պետք է հստակեցվի քրեական պատասխանատվությունը՝ կապված ընտրաթերթիկները, ցուցակները կեղծելու հետ։ Առաջարկում էր 5-7 տարի ազատազրկում կեղծման համար եւ գտնում, որ փոփոխություններն օրենսգրքում պետք է իրականացվեն մինչեւ հունիս։ Նա «զանգվածային խայտառակություն» համարեց Իջեւանի քաղաքապետի ընտրությունը (իրենք առաջադրել էին Գարիկ Իսրայելյանին), ճապոնական դրամաշնորհների յուրացումը։ «Մամուլի թշնամու» անունը «դժվարացավ» ասել։ «Հրապարակային քաղաքականությանը դեմ ենք եւ մեր գոյության հինգ տարիների ընթացքում չենք մասնակցել ցույցերի, երթերի»,- ասաց նա։ «Իրավունք եւ ազգային միաբանություն» խմբակցությունից Արտաշես Գեղամյանը լրագրողներից դիմեց միայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին՝ «ազատ տագնապի շեփորը հնչեցնելու» համար։ Նա հիշեցրեց, որ լրանում է Շուշիի ազատագրման 10-ամյակը, իսկ ազատագրողը՝ հերոս Սամվել Բաբայանը, բերդում է։ Հայտնեց, որ վատացել է նրա առողջական վիճակը։ Նա դիմեց հանրապետության նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին, որ նա «մինչեւ հերթական տուրիստական ուղեւորությունը փրկի հերոսի կյանքը»։ Նա նաեւ հիշեցրեց. «Պրն Քոչարյանը քաջատեղյակ է, որ Ս. Բաբայանն այն կամքի կենտրոնն էր, որը թույլ չէր տա պարտվողական քաղաքականության գնալ»։ Կոմունիստ Ֆրունզե Խառատյանը չփորձեց «գուշակել», թե ո՞վ կլինի (իրենց կուսակցությունից) նախագահի թեկնածուն։ Մի պահ բերանից թռցրեց, թե պարտադիր չի, որ թեկնածուն լինի իրենց կուսակցությունից (այդժամ չբացառեցինք, որ, ասենք, նրանք առաջադրեն Պարույր Հայրիկյանի կամ լավագույն դեպքում՝ Եղիա Նաճարյանի թեկնածությունը նույնպես), սակայն սայթաքումից ուշքի եկավ եւ. ասաց. «Կարող է Դարբինյանը լինել, կարող է… չեմ կարող ասել՝ ով լինի, անպայման կոմունիստ պիտի լինի»։ Նա «մամուլի թշնամի» համարեց նրան, ով խոչընդոտում է։ – Ո՞վ, ո՞վ,- պնդեցին լրագրողները։ Սակայն կոմունիստ պատգամավորին էլ չէր տրված ազատ արտահայտվելու, անկեղծանալու կամք։ «Մամուլը պիտի իմանա, թե ինչ է գրում»,- ասաց նա եւ բորբոքված հիշատակեց «Առավոտի» երեկվա «ծայրահեղ» խմբագրականն ու «մեր Մարգարիտ Եսայանին» (նրա խոսքերն են.- Ռ. Մ.)։ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը բացառեց Հանրապետական-ՀՅԴ նախընտրական միավորումը. «Նման հարց չի դրված»։ Նախկին խմբագիրն ասաց, որ «մամուլի ազատությունն այսօր որեւէ բանով սահմանափակված չէ» եւ նա էլ… բազմաթիվ «թշնամիների» մեջ չբացառեց, որ նրանք «մեր մեջ են, լրագրողների մեջ»։ «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը «խավարամիտներին» համարեց մամուլի թշնամի։ Նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հետ կապված էլ (13 կուսակցությունների կողմից) նկատեց, որ բոլորը նույն առոգանությունն ու մակարդակն ունեն։ «Ժողովրդական պատգամավոր» Հովհաննես Հովհաննիսյանը՝ չբացառելով նախընտրական դաշինքների ստեղծումը, հնարավոր համարեց, որ Դաշնակցությունը հանդես գա «անձնական ես-ով»։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ Զորիկ Բադալյանի սպանության առիթով, իր սուպեր-բացառիկ կարծիքը հայտնեց. «Բնականաբար, սպանությունը լավ բան չի»։ Հոգե-Գալուստ Սահակյանի երեկվա բացակայությունն իսկական նվեր էր մամուլի բարեկամներին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել