Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Մայիս 02,2002 00:00

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ «Առավոտն» արդեն անդրադարձել է «Վահագն» խորագրով համահայկական ամենամյա մրցույթին, որը ներառելու է վերջին տասնամյակի լավագույն ստեղծագործությունները՝ 7 տարբեր նոմինացիաներով։ Կերպարվեստի հանձնաժողովի նախագահ Նազարեթ Կարոյանից տեղեկացանք, որ արդեն ընտրվել են կերպարվեստի ժանրի 9 ստեղծագործություններ, որոնք մրցանակի հնարավոր թեկնածուներ են։ «Քանի որ դժվար էր լավագույն ստեղծագործություն ընտրելը, ստիպված բավականին բարդ սխեմա ենք մտածել, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ ու բազմապիսի ստեղծագործություններ ներգրավել միեւնույն դաշտում, որոնք միաժամանակ միմյանց չեն խանգարի։ Խոսքը վերաբերում է նոմինացիային՝ պոտենցիալ եւ ոչ թե թեմատիկ կամ ժանրային իմաստով»,- կարծում է Ն. Կարոյանը։ Նա համոզված է, որ եթե վերջին հաշվով սահմանվի 3 մրցանակ, ապա դրանք անպայման կշնորհվեն տարբեր տեսակի ստեղծագործությունների։ Բացի ֆինանսական խրախուսանքից, Ն. Կարոյանը անչափ կարեւորում է արվեստագետին ընդհանրապես գնահատելը, ինչի համար անհրաժեշտ է համարում նախ «արվեստագետին տեսնելը»։ «Երբ տեսնում են արվեստագետին, նա վարդի պես բացվում է»,- կարծում է կերպեարվեստի հանձնաժողովի նախագահը, որը նաեւ վստահ է, որ «միայն ուրիշներն են կարողանում արվեստագետներին տեսնել, եւ միայն նրանց աչքն է սովոր»։ Իսկ «մենք փոքր բաներ չենք տեսնում, որովհետեւ մեծ բաներ ենք ուզում։ Մինչդեռ մշակույթն ու արվեստը փոքր բաների մեջ են»։ Ն. Կարոյանի հետ զրույցի մանրամասները կներկայացնենք «Առավոտի» հաջորդ համարներից մեկում։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել