Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան կենտրոնի ռազմավարությունը փոխվեց

Մայիս 02,2002 00:00

Իրավապաշտպան կենտրոնի ռազմավարությունը փոխվեց «Աջակցություն հայտնելով ժողովրդավարության եւ իրավունքի տիրապետության համար պայքարող ուժերին եւ ի հեճուկս օրինականության, մարդու իրավունքների եւ Հայաստանի ժողովրդավարացման հակառակորդների, կոչ ենք անում ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանն ու ժողովրդին նվիրված իշխանության բոլոր ուժերին՝ հետեւողականորեն շարունակել այսպես կոչված «աղմուկ հանած» սպանությունների ու ծանր հանցագործությունների քննությունը՝ անտեսելով ցանկացած դիրք, պաշտոն ու հեղինակություն»։ Սա մեջբերում էր՝ Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կողմից՝ 1998թ. օգոստոսի 7-ին արված հայտարարությունից, որը կապված էր նույն թվի օգոստոսի 6-ի ահաբեկչությանը (ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությանը)։ Այս կարգի հայտարարություններ ՀՍԻԿ-ի կողմից այլեւս չեն եղել, այն դեպքում, երբ հիշյալ ահաբեկչությունից հետո առավել եւս ավելացել է չբացահայտված սպանությունների թիվը։ Ավելին, փաստացի ապացուցված, ակնհայտ հանցագործությունների հեղինակները չեն պատժվում, ինչը պարզապես իշխանությունների կողմից ծաղր է՝ ուղղված ժողովրդին։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւ 1998թ. օգոստոսից հետո ՀՍԻԿ-ը այլեւս հանդես չի գալիս մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հայտարարություններով, մի՞թե երկրի ներքաղաքական վիճակն արդեն բարելավվել է, ՀՍԻԿ-ի նախագահ Գեւորգ Մանուկյանը պատճառաբանեց, թե իրենց ռազմավարությունը փոխվել է, այժմ ՀՍԻԿ-ը զբաղվում է մարդու իրավունքների ուսուցման ծրագրերով (սեմինարների, դասընթացների կազմակերպում՝ մարդու իրավունքների ուսուցման մասնագետներ պատրաստելու ուղղությամբ)։ Այդուհանդերձ, նա նկատեց, որ հիմա էլ ինքը այն կարծիքին է, որ Հայաստանում դատարանը դեռեւս անկախ չէ, անթույլատրելի համարեց այն, որ «Առագաստ» սրճարանում կատարվածի համար մեղավոր անձինք համապատասխան արժանի պատիժ չստացան։ Հաջորդ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ վերջինս չմիացավ այդ առթիվ մամուլում տպագրված հայտարարություններին, Գ. Մանուկյանը պատճառաբանեց, թե ինքը չի նկատել այդ հայտարարությունները, իսկ երբ տեղեկացրինք, թե այդ հայտարարությունների հեղինակներն ովքեր են եղել, վերջինս դրանք որակեց որպես քաղաքական հայտարարություններ (ինչի հետ ամենեւին համամիտ չենք, քանի որ այդ հայտարարությունները ստորագրվել են նաեւ որեւէ կուսակցության անդամ չհամարվող լրագրողների կողմից)։ …ՀՍԻԿ-ի կազմակերպած «ՀՍԻԿ-ԶԼՄ» հանդիպմանը, որ կայացավ Վանաձորի՝ մարդու իրավունքների գրադարանում, մենք նաեւ հիշատակեցինք, որ 1997-ին ՀՍԻԿ-ի «Վասն արդարութեան» հանդեսը, որն ընդամենը մի փոքր բրոշյուր էր, ավելի հաճախ էր անդրադառնում մարդու իրավունքների խախտումներին՝ կոնկրետ փաստերով, լրագրողական հետաքննությամբ, քան՝ ներկայումս, երբ այն առավել փառահեղ եւ ծավալուն տեսք է ստացել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել