Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐԸ ԵՏ Է ԳԱՆՁՎԵԼ

Մայիս 02,2002 00:00

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐԸ ԵՏ Է ԳԱՆՁՎԵԼ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնած մասնագիտությամբ բժիշկ Ժակ Ռոգեի արած առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ ինքը խաչակրաց արշավանք է հայտարարելու դոպինգին։ Այն ժամանակ շատերը, այդ թվում՝ ըստ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները եւ Ազգային օլիմպիական կոմիտեները, կամ կարեւորություն չտվեցին ասվածին, կամ չհավատացին, թե այդպիսի բան հնարավոր է։ Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Ռոգեն կատակ չէր անում եւ տրամադրված է վճռականորեն։ Նա ստեղծեց «ՎՕԴԱ» հակադոպինգային ծառայությունը եւ, ըստ էության, սպորտում այդ չարիքի դեմ պայքարը միջազգային ֆեդերացիաներից վերցրեց իր ձեռքը։ Եվ արդյունքներն աչքի առջեւ են։ Երեւի թե չկա մի շաբաթ, որ այս կամ այն մարզաձեւը ներկայացնող մարզիկների խմբի որակազրկման մասին հայտարարություններ չլինեն։ Իսկ այն «ջարդը», որ կատարվեց ու շարունակվում է Սոլթ Լեյք Սիթիում, դրան նախորդած ու հաջորդող աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային հեղինակավոր մրցաշարերում, պարզապես, սառը ցնցուղի դեր ունեցավ անկախ կոչումներից բոլոր մարզիկների ու մարզիչների համար, ստիպեց նրանց նույնպես խնդրին վերաբերել ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։ ՄՕԿ-ը սպորտում դոպինգի օգտագործման դեմ պայքարում որդեգրել է կարծր դիրքորոշում եւ խստագույն պատժամիջոցների կիրառման քաղաքականություն, որը ողջունելի լինելով՝ ինչ-որ տեղ հասնում է ծայրահեղության։ Իր ձեռքի տակ ունենալով գերժամանակակից սարքավորումներ, հակադոպինգային ծառայությունը մարզիկի օրգանիզմում հայտնաբերում է արգելված խթանիչների նույնիսկ ամենաաննշան քանակությունը, որը կա, ասենք, այնպիսի «անշառ» դեղամիջոցի բաղադրության մեջ, ինչպիսին են, օրինակ, ասպիրինը կամ ասկոֆենը։ Եվ Աստված մի արասցե, եթե մարզիկը մրցումից որոշ ժամանակ առաջ գլխացավի պատճառով դրանք օգտագործած լինի, ապա «դաժան դատավճիռը» անխուսափելի է։ Ընդ որում, ՄՕԿ-ը, որպես կանոն, սկսել է հրաժարվել կարգազանց մարզիկներին եւ ազգային ֆեդերացիաներին դրամական խոշոր տուգանքի ենթարկելուց՝ գերադասելով տեւական ժամկետներով որակազրկում պահանջելը միջազգային ֆեդերացիաներից։ Այդպես եղավ նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ, որն, ինչպես գիտենք, միջազգային մրցումներից մեկուսացվել է մեկ տարով։ Օրերս ՀԱՕԿ-ում ստեղծվել է հակադոպինգային վերահսկողության բաժին, որն ամենօրյա աշխատանք է տանելու հավաքականների, հատկապես հենակետային թիմերի հետ։ Այդ առիթով հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես հավաքականների մարզիչներն ու սպորտվարչության բաժինների պետերը, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ նոր ծառայությունը գործելու է անմիջապես ՀԱՕԿ-ի նախագահի ենթակայության ներքո, ունենալու է լայն լիազորություններ։ Նա հայտարարեց նաեւ, որ ինքը նույնպես որդեգրել է դոպինգի դեմ անհաշտ պայքարի քաղաքականությունը եւ կարգազանցները պատժվելու են ամենայն խստությամբ, ընդհուպ մինչեւ զբաղեցրած պաշտոնից հեռացվելը։ Մենք այնքան հարուստ չենք, որ մեծ սպորտի վրա հսկայական գումարներ ծախսենք, բայց մի քանի անպատասխանատու մարզիկների ու մարզիչների պատճառով այդ ամենն ու կատարված աշխատանքը ջուրը գցենք։ ՀԱՕԿ-ի նախագահը նաեւ ասաց, որ հանրապետությունում չկա դոպինգային հսկողության ժամանակակից պահանջները բավարարող լաբորատորիա, իսկ եղածը ի վիճակի չէ հայտնաբերել արգելված բազմաթիվ խթանիչները։ Նաեւ դա հավանական պատճառ համարելով, որ հատկապես մեր ծանրորդները տարբեր ժամանակներում պատժվել են ու զրկվել նվաճած մեդալներից, Ի. Զաքարյանը չբացառեց նաեւ, որ ինչպես այս, այնպես էլ այլ մարզաձեւերում մարզիկներն ու նրանց մարզիչները կարող են օգտված լինել դրանից։ Եվ այդ ամենը հնարավորինս բացառելու նպատակով այսուհետեւ դոպինգ-ստուգումները իրականացվելու են Հայաստանից դուրս, վստահելի լաբորատորիաներում։ Ճիշտ է, դա լրացուցիչ ծախսեր է պահանջելու, սակայն ինքը պատրաստ է դրան։ Եվ դա արվելու է առանց պետական բյուջեին դիպչելու, սպորտի հովանավորների աջակցությամբ։ Դոպինգային խնդիրների շուրջ ավելի խիստ խոսակցություն ծավալվեց մեկ այլ խորհրդակցությունում՝ ծանրամարտի մարզիչների ու մարզիկների մասնակցությամբ։ Դրա ավարտից հետո ՀԱՕԿ-ի նախագահից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճակատագրի են արժանացել այն գումարները, որ որպես պարգեւ տրվել էին երկու ծանրորդներին, նրանց անձնական եւ ազգային հավաքականի գլխավոր մարզչին եւ որից հետո մարզիկներն ու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեցին։ «Պարգեւատրման ընդհանուր գումարը կազմել էր $28 հազարին համարժեք դրամ (երկու մարզիկներն ու հավաքականի գլխավոր մարզիչը՝ $7 հազարականի, անձնական մարզիչները՝ $3,5 հազարականի համարժեք դրամ)։ Այդ գումարը ամբողջությամբ վերադարձվել է բյուջե։ Համոզվելու համար կարող եք փաստաթղթերին ծանոթանալ հաշվապահությունում։ Ես էլ պաշտոնապես դիմել եմ վարչապետին՝ այդ գումարը մեր հավաքականների կենտրոնի վերանորոգմանը տրամադրելու խնդրանքով»,- ասաց ՀԱՕԿ-ի նախագահը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել