Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոնարհ աղջկա» առեղծվածը

Մայիս 02,2002 00:00

«Խոնարհ աղջկա» առեղծվածը Գեղարվեստական երկերը եղելությունների օգտագործմամբ ստեղծելը բնորոշ է Բակունցին։ «Խոնարհ աղջիկը» հետաքրքրական է նրանով, որ ամբողջովին գեղարվեստական փաստագրություն է։ Գրեթե բոլոր գործող անձինք, բոլոր վայրերը, ժամանակը իրական են։ Գլխավոր հերոսը՝ գյուղի վարժապետը, ինքը՝ Ա. Բակունցն է, որը Լորում 7 ամիս ուսուցիչ է աշխատել (1915թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 1916թ. մայիսի 28-ը)։ Այդ ուսումնական տարում Բակունցի աշակերտների թիվը հասնում էր 33-ի՝ 29 տղա, 4 աղջիկ։ Պատմվածքը գրելու ստույգ ժամանակը հայտնի չէ։ Եվ այն հեղինակին գրելու ազդակ է հանդիսացել 1926թ. գարնանը այցելությունը Սիսիանի շրջանի Լոր գյուղ։ Պատմվածքում գյուղը նկարագրված է ճշգրտությամբ։ «Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր»,- սա էլ է լիովին համապատասխանում իրականությանը։ Կա միայն մի փոքրիկ շեղում։ Մենք կարդում ենք. «Այս կածանով 12 տարի առաջ գնացի Ձորագյուղ» կամ՝ «Հետո 12 տարի… եւ ինչ տարիներ։ Կռիվ, քաղց…»։ Իրականում Բակունցը առաջին անգամ Լոր է գնացել 1915թ. ուշ աշնանը՝ նոյեմբերին։ Իսկ Հողժողկոմատի կողմից հողային վեճի առիթով այդ գյուղն է գործուղվել 1926թ. գարնանը, ուրեմն՝ անցել էր ոչ թե 12 տարի, այլ առավելագույնը 10,5։ Խոնարհի դիմագծերի մասին գրեթե ոչինչ չի ասվում։ Հեղինակը միայն մի տեղ ակնարկում է, որ 15-ամյա (նա իրականում եղել է 16 տարեկան) այդ գեղջկուհին ունեցել է սպիտակ դեմք, մանր աչքեր եւ սեւ ու երկար վարսեր։ Այնուհետեւ պատմվածքում իրականի համեմատ փոխված են որոշ անուններ։ Օրինակ, Լորը դարձել է Ձորագյուղ, իսկ իրական տանտերը՝ Հակոբ ապերը (Հակոբ Հովհաննիսյանը) դարձել է Օհան ապեր, իսկ տանտիրոջ դուստրը՝ 14-ամյա Անահիտը դարձել է 10-ամյա Աշոտիկ։ Բակունցը փոփոխելով երկրորդական անձանց անունները՝ անփոփոխ է թողել գլխավոր հերոսուհուն։ Խոնարհի հայրը՝ Սուքիաս Առուստամյանը, ունեցել է 5 զավակ՝ 2 որդի, 3 դուստր։ Խոնարհը եղել է երրորդը. ծնվել է 1899-ին, այսինքն՝ Լորում հեղինակի գտնվելու ժամանակ եղել է 16 տարեկան։ Գյուղից Բակունցի հեռանալուց մեկ տարի անց՝ 1917-ին, Խոնարհին հայրը ամուսնացնում է հարեւան Շնաթաղ (այժմ՝ Լեռնաշեն) գյուղից մի մարդու հետ, որը, սակայն, շուտով մահանում է։ Խոնարհը երկրորդ անգամ ամուսնացել է 1921-ին, Դարաբաս գյուղից Սուլթան (Անանիա) Անդրեասյանի հետ։ Ունեցել է 2 որդի՝ Արշավիրը (ծնվ. 1922թ.) մահացել է 1941-ին՝ Հայրենական մեծ պատերազմում։ Երկրորդ որդին՝ Սեդրակը (ծնվ. 1924թ.) անհետ կորել է 1943-ին։ Երկու տղաների մայրը մահացել է 1926թ.՝ երրորդ որդու լույս աշխարհ գալու պահին։ Այժմ թաղված է Դարաբաս գյուղում եւ գերեզմանը մինչեւ այժմ պահպանվում է։ Սուլթանը այնուհետեւ կին է բերել տուն Բաքու քաղաքից։ Այժմ շեղման մասին, որը տեղ է գտել պատմվածքի վերջավորության մեջ։ «Գիտե՞ս, ես Խոնարհին տեսա»,- ընկերոջն ասում է նախկին ուսուցիչը եւ պատմում, թե ինչպես է Վերին գյուղում հանդիպել Խոնարհին. «Ինձ մոտեցավ մի կին՝ ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա… Կինն արցունքն աչքերին 4 փութ ցորեն էր խնդրում մինչեւ հունձը… Ամուսինն անցյալ տարի էր մեռել, ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը… Ես ճանաչեցի Խոնարհին»։ Հեղինակի կողմից հնարված է նաեւ նրա որբեւայրի լինելը։ Իրականում Խոնարհի ամուսինը՝ երկրորդը, այն ժամանակ եւ դրանից հետո երկար ժամանակ ողջ ու առողջ է եղել եւ մահացել է 1966թ. մայիսի 1-ին։ Իսկ ինչ վերաբերում է թշվառությանն ու ցնցոտիների մեջ նրա հայտնվելուն, ապա դա նույնպես կեղծ է։ Այն ժամանակ Խոնարհի ամուսինն է իր ունեցվածքից օգնության ձեռք մեկնել մի շարք աղքատ ընտանիքների։ Հետաքրքիր է, որ պատմվածքում Բակ ունցը հոգեկան գեղեցկություն, նուրբ կանացիություն է բացահայտում խուրձ անող, ցախ կրող գյուղական «հասարակ աղջկա» մեջ։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել