Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ՔԱՎՈՐ

Մայիս 02,2002 00:00

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ՔԱՎՈՐ Այս տարի Երեւանի քաղաքապետարանը հարսանքավորի կարգավիճակում է։ Այն, բացի իր հիմնական գործունեությունից, որոշել է հանդես գալ նոր՝ պսակողի առաքելությամբ՝ երեւի ժողովրդագրական որոշ ընկած ցուցանիշներ յուրովի բարձրացնելու ազգանպաստ ցանկությունից դրդված։ Այս տարվանից սկսած քաղաքապետարանը սեփական քավորությամբ փորձելու է ամուսնացնել իր կազմակերպած միջոցառումներում աչքի ընկած այն երիտասարդ զույգին, որը բացի փոխադարձ համակրանքից, նաեւ ամուսնության ցանկություն կունենա։ «Ամուսնանալու մտադրություն ունեցող երիտասարդ զույգի հարսանեկան արարողությունը կապահովի քաղաքապետարանը»,- քաղաքապետարանի միջնորդությամբ նոր ընտանիքի ստեղծման գաղափարով ոգեւորված՝ հայտարարեց մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ Արման Սահակյանը։ Նա նաեւ խոսեց իրենց վարչության կողմից կազմակերպվելիք մյուս միջոցառումների մասին։ Պարզվեց, որ վարչությունը ձեռնպահ է մնացել աշխատավորության տոնի՝ մայիսի 1-ի կապակցությամբ որեւէ բան կազմակերպելուց, ինչը լրացրել էին Կոմունիստական եւ Առաջադիմական-երիտասարդական կուսակցությունները։ Փոխարենը քաղաքապետարանը մայիսի 7-ին, «Վալենսիա» հյուրանոցային համալիրում հյուրասիրություն եւ մեծարման երեկո է կազմակերպելու՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին, մայիսի 9-ին էլ խոստանում է մեկ ուրիշ մեծ միջոցառում եւ հրավառություն՝ Հաղթանակի զբոսայգում։ Ըստ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետի՝ մայիսի 24-ին Հանրապետության հրապարակում լինելու է համերգային ծրագիր՝ վերջին զանգին նվիրված, որին մասնակցելու են Ա. Սահակյանի պատկերացրած բոլոր նորահայտ եւ վաղուց ծագած աստղերը՝ այդ թվում նաեւ Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լեւոնյանը։ Ա. Սահակյանի հավաստմամբ, 2002 թվականին երիտասարդության հարցերով քաղաքապետարանը շա՜տ լուրջ ծրագիր է նախատեսել։ Առաջին անգամ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունում ձեւավորվել է երիտասարդական բաժին, որին կից ստեղծվելու է երիտասարդական խորհուրդ։ Ըստ Ա. Սահակյանի՝ «այդ խորհուրդը անմիջական մասնակցություն է ունենալու գեղարվեստական մասի մեջ, եւ հետագա բոլոր միջոցառումները լինելու են նրա նախաձեռնությամբ»։ Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերին տեղի է ունենալու երիտասարդական միությունների հավաք ու երիտասարդ ստեղծագործողների եւ կատարողների փառատոն՝ «Մեր ժամանակը» եւ «Գեղեցիկի ճանապարհներով» խորագրերով։ Հոկտեմբեր ամսին էլ կլինի մի գործնական համաժողով՝ հանրապետության ու Երեւանի քույր քաղաքների երիտասարդական միությունների հետ համատեղ, որի նպատակը միջին բիզնեսով զբաղվող երիտասարդներին խրախուսելն է։ Տարին փակվելու է երիտասարդական խորհրդի կազմակերպած տարեմուտի երեկոյով։ Ի դեպ, այդ խորհուրդը ձեւավորելու են 12 համայնքների ներկայացուցիչները, որոնք էլ համակարգելու են մայրաքաղաքի երիտասարդության բոլոր խնդիրները։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետը ուրախ է, որ իրենց վարչությունը լավ ծրագրեր ունի, որոնք, սակայն, դեռ պետք է իրագործել։ Իսկ արդեն կատարվածի մասին նա հպարտությամբ է խոսում։ Օրինակ, անցյալ տարի կազմակերպվել է մանկապատանեկան երիտասարդական գեղարվեստական կոլեկտիվների միամսյակ, որի ընթացքում «երիտասարդները ոչ միայն զբաղվածություն են գտել, այլեւ նույնիսկ ծանոթություններ ձեռք բերել Ազատության հրապարակում»։ «Դժվար է մեր վարչությունում աշխատելը»,- խոստովանում է Ա. Սահակյանը։ Եվ ինչպե՛ս հեշտ լինի, երբ իր հիմնական բանուգործին մեկն էլ է ավելացել՝ երիտասարդներին մեկմեկու ծանոթացնելը՝ հետագայում ամուսնացնելու նպատակով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել