Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության օրը չի համընկնում փորձաքննությանը

Մայիս 02,2002 00:00

Սպանության օրը չի համընկնում փորձաքննությանը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Կ. Ստեփանյան) քննության առնելով Արմենակ Գագիկի Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը (ԼՂՀ քրօր-ի 268 հոդվածի Ա կետով, 251 եւ 100 հոդվածներով), ՀՀ քրդատօր-ի 37 հոդվածի կիրառմամբ որդուս դատապարտեց ազատազրկման 10 տարի 6 ամիս ժամանակով, ուժեղացված ռեժիմի գաղութում։ Առաջին ատյանի դատարանում դատաքննությունը տարվեց տուժողի իրավահաջորդի (Բաղիշ Մուսայելյանի) ու նրա բարեկամների, ինչպես նաեւ բանակում զոհված զինվորների ծնողների կողմից՝ դատավոր Կ. Ստեփանյանի եւ դատավարության մյուս մասնակիցների վրա ճնշման եւ սպառնալիքի ազդեցության տակ։ Այդ մասին դիմում-բողոքներ ուղարկվեցին ՀՀ գլխավոր դատախազ Բ. Նազարյանին, ՀՀ ՆԳ նախարար Հ. Հարությունյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին։ Իսկ վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան) Ա. Հարությունյանի շահերի պաշտպան Ա. Քարամյանը միջնորդեց գործը քննել լրիվ ծավալով, սակայն միջնորդությունը մերժվեց։ Դատարանը բավարարվեց միայն Ա. Հարությունյանին հարցաքննելով։ Դրանով դատաքննությունը ավարտվեց, փաստորեն վերաքննիչ դատարանը ոչինչ չարեց գործի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետազոտման համար։ Ավելին, վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձագետներին դատարան հրավիրելու եւ իրենց կողմից տրված եզրակացությունների շուրջ հարցաքննվելու ուղղությամբ, այն դեպքում, որ առաջին ատյանի դատարանը նշված փորձագետներին չէր հարցաքննել։ Երրորդ ատյանում (նախագահությամբ՝ Մ. Խաչատրյանի) հաշվի չառնվեցին դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները։ Գործով միակ անուղղակի վկա Վ. Խուդոյանը հայտնեց, որ իր նախաքննական ցուցմունքները տրվել են քննիչ Ա. Բաղդասարյանի կողմից գործադրված հարկադրանքի եւ բռնության ազդեցության տակ եւ հերքեց իր նախկին ցուցմունքը։ Պաշտպան Ա. Քարամյանի միջնորդությունը՝ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատաքննությանը կանչել միակ վկա Վ. Խուդոյանին՝ նորից մերժվեց։ Փորձաքննությունների տվյալները պատասխան չեն տալիս ոչ դեպքի իսկական վայրի, ոչ կրակոցների եւ ոչ էլ տուժող Մուսայելյանին մինչեւ սպանությունը բռնությունների եւ խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։ Ամեն ինչ արհեստականորեն ձեւավորված է, սակայն նույնիսկ սպանության օրը չի համապատասխանում փորձաքննությանը։ 1998թ. հոկտեմբերի 22-ի Ա. Հարությունյանի խոշտանգումներով եւ բռնությամբ «ինքնախոստովանություն» կորզելու ժամկետը չի համապատասխանում փորձաքննությանը, որը կատարել են հոկտեմբերի 26-ին, ժամը 10-ին, ըստ որի, մահը վրա է հասել 58-72 ժամ առաջ, այսինքն այն պետք է կատարված լիներ առնվազն հոկտեմբերի 23-ին, ժամը 10-ից հետո։ 1999թ. փետրվարի վերջին որդուցս «ինքնախոստովանություն» կորզելու նպատակով քննիչ Ա. Բաղդասարյանը եւ ռազմական ոստիկանության քրեական բաժնի պետ Արշակ Մանուկյանը երեք օր անընդմեջ դաժան բռնությունների եւ խոշտանգումների են ենթարկել Ա. Հարությունյանին, ինչի հետեւանքով նա ստացել է տուբերկուլյոզ հիվանդությունը եւ մինչեւ այժմ չի բուժվել։ Գտնում եմ, որ որդուս՝ Ա. Հարությունյանի դատավճիռը պետք է բեկանել եւ քրեական գործը ուղարկել լրացուցիչ քննության։ Դիմող՝ անարդարացի դատապարտվածի մայր ԳՐԵՏԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել