Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏ, ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԵՎ… ԱՊՕՐԻՆԻ

Մայիս 02,2002 00:00

ԲԱՑԱՀԱՅՏ, ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԵՎ… ԱՊՕՐԻՆԻ 1997թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ զինվորական դատախազության որոշմամբ Կլաշա Գրիշյանի կողմից «Կոնվերսբանկում» գրավ դրված սեփական «Հունդայի Սոնատա» մեքենան առգրավվում է։ Օրը ցերեկով։ ԶԴ-ի առնչությունը Կ. Գրիշյանի հետ այնքանով է, որքանով վերջինիս որդին աշխատել է պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության ֆինբաժնում որպես պետ եւ նրա նկատմամբ էլ քրգործ էր հարուցվել։ Քրեական գործը 3 անգամ կարճվել է. 1998-ի մարտին՝ իրադրության փոփոխության հետ կապված, 2000թ. սեպտեմբերին՝ հանցակազմի բացակայության պատճառով եւ 2002թ. փետրվարին էլ՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Կարծես քրեական գործը կարճելու այլ հիմքեր չմնացին ու նմանօրինակ փորձարարությունը՝ «նախաքննությունը» շարունակվելու դեպքում, զինդատախազությունը հավանաբար Գրիշյանի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունեցած այլ սեփականատերերի իրավունքներ էլ պիտի ոտնահարեր։ Մեքենան առգրավվում է «որպես հանցավոր միջոցներով ձեռք բերված գույք»։ Սակայն ո՞ւմ մեքենան էր վիճարկվել ԶԴ կողմից մինչեւ երեկ՝ մեզ պարզ չէր։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանին էր դիմել Կլաշա Գրիշյանը՝ «պատճառված գույքային հատուցման պահանջի մասին» պահանջով։ Այս առումով «ուսանելի» էին դատարանում ԶԴ կողմից լիազորվածների հարցերը։ Բռնագանձո՞ւմ, կամավոր մուծո՞ւմ… «Ի՞նչն էր պատճառը, որ Կլաշա Գրիշյանը մինչեւ օրս հայց չէր ներկայացրել» զինդատախազության ներկայացուցիչ (ի դեպ, հայցվորի որդու՝ Գրիշա Գրիշյանի քրգործով քննիչ) Վ. Կոսակյանին ուղղված պատասխանը ակնհայտորեն չէր ընկալվում եւ չէր բավարարում պատասխանող կողմ ճանաչված ԶԴ-ականին. «Որովհետեւ քրեական գործ է եղել։ Կարճվել է։ Նորից է վերանայվել եւ ես զբաղված եմ եղել անընդհատ բռնագանձումների համար 200 հազար դոլար գումար ճարելով…»։ «Բռնագանձո՞ւմ է իրականացվել,- չէր հանգստանում Վ. Կոսակյանը,- թե՞ կամավոր մուծում»։ «Ինչո՞ւ եք անպատասխանատու հայտարարություն անում»։ Կ. Գրիշյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Հակոբյանին այլ բան չէր մնում, քան հեգնանքով պատասխանել. – 200 հազար դոլար նվեր է տրվել զինդատախազությանը։ Հիմա «նվերի» մասին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում (գնդապետ Գ. Գրիշյանը պահվում էր ՌՈ մեկուսարանում) կալանքի տակ Գ. Գրիշյանի գտնվելու ժամանակ զինդատախազության աշխատակիցները նրա ընտանիքից քամում են… 11.12.97թ.՝ 40 հազար դոլար (քննիչ Վ. Կոսակյանի միջոցով), 12.12.97թ.՝ 3200 դոլար (քննիչ Ա. Բաբայանի միջոցով) եւ 31.12.97թ.՝ 150 հազար դոլար (քննիչ Ա. Բաբայանի միջոցով)։ Խափանման միջոցը՝ կալանքը փոխվելուց հետո է Գրիշա Գրիշյանն իմանում, որ իր պատճառած «նյութական վնասը վերականգնվել է եւ ՊՆ դրամարկղ է մուտք արվել 20 հազար դոլարին համարժեք գումար»։ Ինչքա՜ն էր «հավաքվել» եւ ինչքա՜ն էր մուտք արվել։ Բանկն՝ անհուսալի գրավատու Տեղին կլինի հիշել. սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ «Նվերը» 2000թ. մայիսից վերադարձվում է արդարացված Գրիշա Գրիշյանին։ 193200 դոլարից վերադարձվում 124 հազար ԱՄՆ դոլարը։ Հարցնել հայցվորին, թե ինչո՞ւ է հանկարծ հիշել իր գրավ դրած ավտոմեքենայի մասին, այս ֆոնի վրա առնվազն տարօրինակ էր։ «Կոնվերսբանկի» իրավաբանական բաժնի պետ Արմեն Պետրոսյանն էլ հայցվորին երեսով տվեց նրա իրավունքների մասին եւ ակնարկեց հայցային վաղեմության մասին։ Սակայն դատական դռնբաց նիստի միակ մասնակցիս անհամոզիչ թվացին բանկի փաստարկները։ Մասնավորապես, թե ինչպես իր տնօրինությանը հանձնված գրավի առարկա մեքենան (որի դիմաց վարկ է տրվել, պայմանագիր կնքվել, տոկոսներն ամսեամիս փակվել) հայտնվում է այլ «տիրապետողի» տնօրինության տակ։ «Կոնվերսբանկի» իրավաբանը վկայակոչելով հայցվորի հիշատակած քաղդատօրի 232 հոդվածը, հարցրեց նրան. – Կորե՞լ է մեքենան։ Հայցվորը պատասխանեց. – Մեքենան բանկից բացակայել է, երբ հանձնվել էր բանկին։ (Ի դեպ, փաստաբան Ա. Հակոբյանը պահանջեց առգրավման արձանագրությունը)։ ԶԴ քննիչ Վ. Կոսակյանին հետաքրքրեց. – Որտեղի՞ց է առգրավվել մեքենան։ Հայցվորը «հիշեցրեց», որ այն հանձնել է բանկին եւ որ բանկն էլ պարտավոր էր պահպանել այն։ Երկրորդ հայցվորը՝ Գրիշա Գրիշյանը հայտնեց, որ մեքենան հանձնվել է «նոր վիճակով»։ – Ինչպե՞ս եք այդ դեպքում որոշել շուկայական արժեքը (այն փաստորեն 17 հազար դոլարով «մուտքագրվել» է, հետո շուկայական գին է որոշվել՝ 12 հազար դոլար, ապա դարձել է 7,5 հազար դոլար). Կլաշա՞ն է արժեզրկել։ Պատասխանողը հայտնեց. – Շուկան։ Դատավոր Ս. Հովսեփյանը իր հերթին «երեսով տվեց» բանկին նրա իրավունքների մասին։ Նրան նախ հետաքրքրեց, թե ինչո՞ւ է բանկը 2 տարի հետո դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ պատասխանող ճանաչելով ԶԴ-ին։ Պատասխանն առավել քան խոսուն էր։ Պարզվեց, որ իրենց իրավունքների խախտող է դիտել բանկը ԶԴ-ին… Խոսքն այն մասին է, երբ բանկը դիմել էր դատարան (2000թ.) ընդդեմ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ ԶԴ-ի՝ «գույքն անօրինական տիրապետելու հետեւանքով պատճառված նյութական վնասները հատուցելու պահանջի մասին»։ Այն մասնակի բավարարվել էր։ ԶԴ-ում գտնվող, գրավի առարկա «Հունդայի Սոնատա» ավտոմեքենան (7500 դոլար արժողությամբ արդեն) վերադարձվել էր… բանկին։ Որն այդ ընթացքում կարծես սեփականատեր չի էլ եղել։ Հայցի քննությունը կշարունակվի մայիսի 15-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել