Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 02,2002 00:00

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Վերջերս ԱՄՆ-ից ժամանած ծանոթս խնդրեց Հայաստանում անցկացնելիք 10 օրերի ընթացքում ուղեկցել իրեն եւ օգնել լուծելու որոշ հարցեր։ Այն, ինչ պարզեցի այդ օրերի ընթացքում, շատ անսպասելի էր։ Երբեք մտքովս չէր անցնի, որ այդպիսի բան կարող է լինել։ Ժամանումից առաջ նա ինձ տեղեկացրել էր, որ կազմակերպությունը, որը նրան գործուղել է Հայաստան, 500 դոլար է հատկացրել՝ որեւէ հյուրանոցում համար վարձելու նպատակով։ Ես ենթադրում էի, որ Երեւանի հյուրանոցները, հատկապես տարվա այս եղանակին, ծանրաբեռնված չեն լինի եւ դժվար չի լինի գտնել անհրաժեշտ հյուրանոցը քաղաքի կենտրոնում։ Ապահովության համար ես այցելեցի «Հայաստան» տեղեկատվական կենտրոն եւ վերցրի մոտ 15 հյուրանոցների ցուցակ։ Եվ այստեղից էլ սկսվեցին դժվարությունները. ցուցակը կազմված էր այբբենական կարգով, որտեղ նշված չէին ոչ օթեւանի գինը, ոչ հյուրանոցի մակարդակը։ Սկզբնական շրջանում այդ խնդիրը ինձ թվաց լուծելի, սակայն սխալվեցի։ Ինչպես պարզվեց, հյուրանոցի գները Երեւանում բավական բարձր են, միջինը՝ 100 դոլար օրավարձով եւ պարզ չէր, թե ինչ կարգ ունեն դրանք։ Մենք ամբողջ օրը շրջեցինք հյուրանոցներում եւ ես չէի կարող բացատրել իմ հյուրին, թե ինչու են մեր դատարկ հյուրանոցներն այդպես թանկ։ Եվ մի թվացյալ մանրուք էլ. իմ բարեկամը ոչ մեկում չտեսավ լողավազան, ինչը նրա համար ցանկալի էր։ Իսկ մեր առաջարկությանը՝ մի քիչ իջեցնել համարի արժեքը, ղեկավարությունը անմիջապես կոպիտ պատասխանում էր. «դուրդ չի գալիս…»։ Չգիտեմ, թե ինչպես են կազմվում մեզանում հյուրանոցների աշխատակազմերը, բայց այն, որ գործադիր տնօրենները, մեղմ ասած, կասկածելի կենսագրություն ունեցող անձանց տպավորություն են թողնում՝ բացահայտ էր։ Իսկ աստղերի քանակությունը, նրանց մեկնաբանությամբ, այսպես էր բացատրվում՝ «ինչքան ուզենք՝ էդքան էլ կկպցնենք…»։ Վերջապես, մեզ հաջողվեց 70 դոլարով մեկ տեղանոց համար վերցնել, չնայած այդ համարն օթեւան անվանելը դժվար էր։ Կարելի էր զարմանալ այն նախագծողի երեւակայության վրա։ Համարը փոքր էր, որտեղ տեղավորված էր մեկ մահճակալ եւ մեկ փոքրիկ հեռուստացույց։ Հյուրիս, աշխատելու համար, նման տարածքը, բնականաբար, չէր կարող գոհացնել։ Այսքանը բավական չէր, անընդհատ զանգահարում էր հեռախոսը եւ հյուրանոցի երիտասարդ աշխատակցուհիները ոչ գրագետ անգլերենով առաջարկում էին ծանոթանալ։ Բացատրում էին, թե իրենց այս երկրում ոչ ոք չի հասկանում։ Եվ այսպես՝ ամեն օր. նոր հերթափոխի աղջիկները սկսում էին առաջարկել ծանոթանալ։ Ստիպված էինք երեկոյան հեռախոսը անջատել, սակայն այդ էլ չօգնեց, տարբեր հնարած պատճառներով նրանք այցելում էին սենյակ։ Եվ, վերջապես, այդ «ծառայությունների» փունջը զարդարում էին մատուցողները, որոնք ամեն քայլափոխի պահանջում էին «թեյավարձ»։ Այստեղ մեր համբերության բաժակը լցվեց, մենք ստիպված էինք հրաժարվել այդպիսի «հյուրասիրությունից»։ Ընկերներիս խորհրդով վարձեցինք մեկ մաս նավոր բնակարան՝ օրական 30 դոլար արժողությամբ եւ, փառք Աստծո, դադարեցին հետապնդումները։ Այս անգամ մեր տրամադրության տակ էր հարմար, բարվոք մեկ սենյակ եւ խոհանոց, որտեղ մեր հյուրը պատրաստում էր ինքնուրույն եւ ոչ թե ստիպված էր ուտել հյուրանոցի տարօրինակ «շվեդական նախաճաշը»։ Աշխատելու համար բավարար տարածություն կար, սեղան, աթոռ, բազկաթոռ, հեռուստացույց եւ այս ամենը՝ բարվոք վիճակում, իսկ հեռախոսը այլեւս անտեղի չէր զանգահարում։ Եթե ես այդ բնակարանի մասին իմանայի նախօրոք… Իսկ տանտերերը պարկեշտ մարդիկ էին՝ չէին պահանջում ո՛չ հասցե, ո՛չ հավելավարձ։ Եվ վերջում՝ մեկ վրիպակի մասին էլ կուզեի ասել. իմ հյուրը միամտորեն իր էլեկտրոնային հասցեն տվել էր հյուրանոցի մի օրիորդի, որն արդեն 2 ամսից ավելի է անհանգստացնում է նրան ԱՄՆ-ում, երեւի տեղյակ չէ, որ քայքայում է ուրիշի ընտանեկան կյանքի անդորրը։ Գուցե բավակա՞ն է արտասահմանցի որսաք, ձեր լեզվով ասած՝ «կպցնեք», մի քիչ արժանապատվությունը չէր խանգարի։ ՍՏԵՓԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ Մարզիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել