Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քանի նախագահը Քոչարյանն է՝ Սահմանադրությունը հա՛ էլ կխախտվի

Մայիս 02,2002 00:00

Քանի նախագահը Քոչարյանն է՝ Սահմանադրությունը հա՛ էլ կխախտվի ՀՀ Ազգային ժողովը վերջերս ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պարտադիր պայմաններից մեկն էր: Իսկ այդ Հռչակագրի նախաբանում մասնավորապես գրված է. «… քանզի մարդու իրավունքների անտեսումն ու դրանց նկատմամբ արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, եւ որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքի ազատություն եւ զերծ կլինեն վախից ու կարիքից, քանզի, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման՝ որպես վերջնական միջոցի, կարեւոր է իրավական պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը…»: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» երեկ տարածած հայտարարությանն անդրադառնալով` խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը, հիշյալ Հռչակագիրն ու ՀՀ Սահմանադրությունը հիմք ընդունելով, կարծիք հայտնեց, որ եթե ՀՀ Հիմնական օրենքի կոպիտ ոտնահարմամբ փակված «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները չվերաբացվեն ու չապահովվի խոսքի եւ տեղեկատվության ազատության անսահմանափակ ու անպայման իրավունքը, ապա իրենք ստիպված կլինեն դիմել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այդ վերջնական միջոցին՝ բռնակալության դեմ ապստամբությանը: Ա.Բլեյանի գնահատմամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծումն այդ իրավասություններով եւ այն լիազորություններով, որոնք վերջինս օրինախախտումների գնով կամայականորեն վերապահել է իրեն, ի սկզբանե ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության ոտնահարում է եղել, իսկ հանձնաժողովի կանոնակարգ-օրենքն ընդհանրապես հակասում է ոչ միայն երկրի Հիմնական օրենքին՝ «Մամուլի եւ ԶԼՄ-ների մասին», այլեւ՝ հենց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին: Ա.Բլեյանը, նաեւ Հասարակական խորհրդի անդամներ Վիգեն Խաչատրյանը, Պետրոս Մակեյանը, Արտակ Զեյնալյանը երեկ, հիշյալ հանձնաժողովի ձեւավորման հակասահմանադրական, հակաօրինական լինելը կոնկրետ օրինակներով եւ մեջբերումներով մատնանշելուց զատ, քննարկելով «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» եթեր վերադարձնելու եւ Հայաստանում մարդու իրավունքների վերահաստատման ուղղությամբ հնարավոր քայլերը, նշեցին, որ խորհուրդը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարանին՝ որպես անհատական գանգատ, Կոնվենցիայի 34 հոդվածի պահանջով: ԱԺ պատգամավորներին էլ առաջարկվեց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով դիմել Սահմանադրական դատարան՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային նորմերին համապատասխանության հարցը ճշտելու համար: Խորհուրդը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում շահագրգիռ պատգամավորներին տրամադրել ՍԴ դիմելու հիմքերն ու հայցադիմումի տեքստը: Խորհրդի հավանությանն արժանացավ նաեւ առաջարկը, թե ճիշտ կլինի, եթե հիշյալ հեռուստաընկերությունների սպառողները, ում իրավունքները, ըստ էության, ոտնահարվել են «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» փակմամբ, առանձին-առանձին հանդես գան որպես հայցվոր՝ մինչեւ «Ա1+»-ի հարցով վճռաբեկ դատարանի կողմից վճիռ կայացնելը: Միաժամանակ խորհուրդն իր հայտարարությամբ վերստին հիշեցրել է՝ «Հանձնաժողովի որոշումները՝ ըստ կապուղիների մրցույթներ անցկացնելու, «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին արտոնագիր տալը մերժելու մասին անօրինական են ու ենթակա վերացման դատական կարգով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել